«Ամբողջ Գյումրին ցուցակագրել են ընտրակաշառքի համար». «Հակառակ կողմը». ՕՐՕ – ՀՅԴ

Ապրիլի 2-ին կայանալիք համապետական ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին: Ի՞նչ ընթացք ունի նախընտրական քարոզչությունը, ի՞նչ խնդիրների են հանդիպում քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւ պատգամավորության թեկնածուները, արդյոք ընտրողները տիրապետում են նոր ընտրակարգի մանրամասներին:
Այս հարցերի շուրջ «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում զրուցում են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Հովհաննես Ասոյանը եւ ՀՅԴ ներկայացուցիչ, պատգամավորության թեկնածու Արծրունի Իգիթյանը:
«Մի տեսակ պասիվ վիճակ ենք արձանագրում քարոզչության ընթացքում, բայց դա տեսանելի մասն է: Իսկ ընդհանուր առմամբ ակտիվ է ազգաբնակչությունը, ներքին խմորումներ, ակտիվություն կա, ուղղակի արտաքուստ ակտիվ չեն: Մենք կոնկրետ ակտիվ հանդիպումների, քարոզարշավի դուրս չենք գալիս փողոց, քանի որ այդ հանդիպումները չի ստացվում, ժողովուրդը կաշկանդված է տարբեր խնդիրներով, դուրս չեն գալիս փողոց: Բոլորը զբաղված են, բոլորն ինչ-որ ցուցակագրված են ինչ-որ տեղերում: Շատ տվյալներ կան, ամբողջ քաղաքը ցուցակագրված է տարբեր թեկնածուների ու կուսակցությունների կողմից, դրա համար էլ էնտեղ գրանցված լինելով՝ դուրս չեն գալիս մյուսների հետ հանդիպման, ինչն էլ պասիվության էֆեկտ է ստեղծում: Այս ռեյտինգային համակարգով ընտրությունն աղավաղեց դաշտը, մարդկանց հոգեբանությունը, քարոզի եղանակներն ի չիք դարձրեց»,- կարծիք է հայտնում Հովհաննես Ասոյանը:
ՀՅԴ ներկայացուցիչ Արծրունի Իգիթյանն իր հերթին նշում է.
«Սա կարծես թե անկառավարելի մի իրավիճակ է ստեղծել, միայն մեր մարզում 100-ից ավելի թեկնածու կա, ու այն ժամանակ եթե կուսակցությունն իր թիմով պաշտպանում էր ինչ-որ մեկի թեկնածությունը, հիմա կուսակցության անդամներն իրար դեմ են պայքարելու, իսկ սա ինձ համար անընդունելի է ու շատ բարդ, ու ինձ թվում է, որ ՀՅԴ-ն լուրջ աշխատանք է տանելու հետագա ընտրությունների 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի հասնելու համար»: