Նորություններ

«Սոված քաղաքում հնարավոր չէ տուն պահել». գյումրեցի առեւտրականները թեկնածուներին շուկա են հրավիրում

Գյումրիի կենտրոնական փակ շուկան գնված է, տարածքը բարեկարգվում է, իսկ աշխատակիցները հայտնվել են անելանելի կացության մեջ:

Տարածքի սեփականատերը «Լենտեքս» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Գոմցյանն է:

Առեւտրականների փոխանցմամբ իրենց տեղեկացրել են, որ երբ շուկան ավելի բարեկարգ եւ հարմարավետ կդառնա, այդ ժամանակ կկարողանան վարձակալել եւ աշխատել այնտեղ: Իսկ դա նշանակում է, որ վճարելու են ավելի շատ:

«Հուլիս ամսվանից շուկան վաճառել են առանց մեզ տեղյակ պահելու: 18 տարի շուկան կանգնել եմ, օբյեկտ եմ աշխատացրել: Էսօրվա օրը մենք իրենցից կխնդրենք գոնե մինչեւ մայիսի 1-ը ժամանակ տան, տաքերն ընկնի… Ամեն մարդ ընտանիք կպահե, էս սոված Գյումրի քաղաքում հարյուր ընտանիք դուրսն է, ամեն ընտանիք 5-6 անդամով տուն կպահե»,- նշում են առեւտրականները:

Շուկայում մանրածախ առեւտրով զբաղվող քաղաքացիները պնդում են, որ իրենց աշխատանքը կազմակերպելու համար  հարկավոր է տարածք մատչելի գներով: Բացօթյա առեւտրի արգելումը կանգնեցրել է նրանց աշխատանքը, փակ շուկայի տարածքում  ստիպված են լինելու շատ վճարել:

«Ուրիշ թանկ տեղեր չենք կարող կանգնել: Ստեղ ամիսը տվել ենք, ասենք, 22.000, 20.000 էլ տիրոջն եմ տվել, կանգնել եմ, բայց հիմա 500 դոլար, 700 դոլար տեղի փող կուզեն: Ես որտեղի՞ց տամ, լրիվ ապրանքն էլ որ վաճառեմ, ըդքան չի բռնե, որ տամ իրանց»:

Նախընտրական այս շրջանում, երբ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ամենաշռայլ խոստումներն են հնչեցնում, շուկայի առեւտրականները հրավիրում են Գյումրիի կենտրոնական փակ շուկա՝ իրենց խնդրին լուծում տալու համար:

Back to top button