Նորություններ

«Հանրապետականը Ծառուկյանի վրա է հավաքելու դժգոհ զանգվածի ձայները». Ա. Պապյան

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

Պարոն Պապյան, ծանո՞թ եք ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին: Ի՞նչ ընդհանուր տպավորություն ունեք:

-Մեզ մոտ չկա այդ մշակույթը, որ որեւէ մեկը ծրագիր է առաջ քաշում, հետո գալիս իշխանության ու դա անպայմանորեն իրականացնում է: Կարող է եւ ոչ մի բան չանի կամ հակառակն անի: Տեսնում ենք կոնկրետ ՀՀԿ-ն, որովհետեւ ինքն է իշխանությունում, ինչ լոզունգներով է եկել եւ ինչ է արել: ՀՀԿ ծրագրում կա՞ր դրույթ, որ մենք գնում ենք Եվրասիական տնտեսական միություն, բայց մենք մտել ենք, չէ՞: Այնպես որ, առանձնապես իմաստ չեմ տեսնում ծանոթանալու ծրագրերին, դրանք պահանջ է, անում են: Իրենք էլ չունեն իրենց հին ծրագրերը: Այս վերջերս պահանջ եղավ, դիմել էին ԲՀԿ-ին՝ վերցնելու անցած իրենց ծրագիրը, իրենք պատասխանել էին, թե չունենք, ջնջել ենք համակարգչի միջից:

Պարոն Պապյան, իսկ քարոզչության ընթացքին հետեւո՞ւմ եք: Ո՞ր կուսակցություններն են համակրանք վայելում:

Արա Պապյան

-Ես կարող եմ ասել, որ բոլոր այն ուժերը, որոնք եղել են իշխանության մեջ, համակրանք չեն վայելում: Բայց այդ կուսակցություններն ունեն վարչական լծակներ եւ իրենց հույսը դրանց վրա է՝ փողով, ստիպելով արդյունք են արձանագրելու: Արդեն իսկ կան հստակ տեղեկություններ, որ ոստիկանությանն է հանձնարարված ցուցակներ պատրաստել, սկսում են բանակում ցուցակագրումներ անել, տարբեր նախարարություններից, դպրոցներից:

Էլի գալիս ենք նրան, որ այդ ընտրապայքարն, իհարկե, գնում է, բայց դրա վրա չէ հույսները դրած գոնե իշխող կուսակցությունների: Իսկ հռետորաբանությունը շատ քաղցր է: Այսօր կուսակցության ղեկավարներից մեկին էի պատահական լսում ու ասում եմ՝ իյա, սա իմ իմացած կուսակցությո՞ւնն է:

Այնպես էր գովում, որ մենք այս ենք, այն ենք, սա ենք արել, նա ենք արել, որ ես ապշած լսում էի, ու բոլորն են այդպես:

Ցավոք սրտի, չկա այն տարբերակը, որ դրվի իրենց դիմաց իրենց խոստումներն ու ասվի՝ գիտեք դուք սա, սա, սա չեք արել: Ակնհայտորեն վիճակագրությունը շատ վատ ցուցանիշներ է տալիս՝ արտագաղթ, ՀՆԱ-ի կրճատում, ամեն ինչ վատ է, իրենք էլ ասում են՝ ճիշտ է, վատ է, բայց կարող էր ավելի վատ լինել, եթե մենք չլինեինք: Իրենք չեն կարող ասել՝ վիճակը լավ է, բայց նման տրամաբանությամբ ամեն ինչ կարելի է արդարացնել: Իսկ պաշտոնական վիճակագրությամբ վիճակը շատ վատ է եւ՛ աղքատների թիվն է ավելացել, եւ՛ ամեն տեսանկյունից հետընթաց ենք գրանցել:

Զարմանալի է նաեւ այն, որ ուժեր կան, որ կառավարության մաս են կազմում, բայց այնպես են խոսում, կարծես թե իրենք ընդդիմություն են, դա ո՞նց կարող է լինել:

Վարչական ռեսուրսի մասին խոսեցիք, որ իշխանությունը չարաշահում է: Օրինակ, օրերս Սյունիքում նախընտրական քարոզարշավի էին ՀՀԿականները: Այդ մասին նախ Հանրապետականի նախընտրական էջը տարածեց տեղեկություն, հետո ՀՀ կառավարությունը: Սա ի՞նչ է նշանակում:

-Դրա համար գոյություն ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որի պարտականությունն է դա, մարդիկ փող են ստանում: Եվ երբ որ ՀՀԿ-ն ընտրապայքարը սկսելուց առաջ պաստառներ է խփում մամուլի շենքի վրա եւ գրելով թիվ 6-ը՝ ակնհայտորեն ցույց է տալիս, որ դա ընտրությունների հետ կապ չունի, նույնիսկ դա ԿԸՀ-ն մեկնաբանում է, որ այդտեղ օրենքի խախտում չկա: Դասականին մեջբերելով՝ դասական Մանվելին, կասեմ՝ մեխն էլ է իրենց ձեռքը, մուրճն էլ: Ոնց ուզում, անում են: Քանի դեռ չունենք մենք օբյեկտիվ եւ անկախ ԿԸՀ, բոլոր ակնհայտ փաստերն էլ կարող են ասել, որ օրենքի խախտում չկա:

Պարոն Պապյան, վերջին տարբեր հարցումներով «Ծառուկյան» դաշինքն է առաջատարը: Հայտնի է նաեւ, որ այդ հարցում իրականացնող կազմակերպությունները ղեկավարվում են Բաղրամյան 26-ից: Ի՞նչ է սա նշանակում:

-Սա նշանակում է, որ իշխանությունը «Ծառուկյան» դաշինքի վրա է հավաքում դժգոհողների ձայնը: Ինքը լավ է հասկանում, որ հասարակության մեջ դժգոհողների ձայնը շատ է, եւ եթե օբյեկտիվ հարցումներ լինեն, ժողովրդի հինգ տոկոսի քվեն էլ չի ստանա ՀՀԿ-ն: Ես անգամ մարդ գիտեմ, որ ՀՀԿ-ի համար փող էր բաժանում, բայց ասում էր՝ ես էլ կողմ չեմ քվեարկելու ՀՀԿ-ին:

Հիմա ՀՀԿ-ն հույս է դրել նրա վրա, որ վարչական իր ռեսուրսով ձայներ կհավաքի ու հետն էլ ձայներ կառնի, իսկ դեպի Ծառուկյան ինքն ուղղորդում է դժգոհողների ձայնը: Այսինքն, եթե մենք չպիտի հավաքենք, ավելի լավ է գոնե Ծառուկյանը հավաքի, որը էլի մերն է, տարբերություն չկա: Եթե չստացվեց միայնակ ձեւավորել կառավարություն, կանենք երկուսով:

Եվ այդ հարցախույզները հաճախ ուղղորդիչ դեր են կատարում: Ասում են՝ դրանով ցույց են տալու, որ ազդեցություն ունի:

Բայց վստահ եմ, որ Ծառուկյանին էլի չեն տա առաջին տեղը, ամեն ինչ կանի ՀՀԿ-ն, որ ինքը լինի առաջինը:

Թվում է՝ արդեն ամեն ինչ պատրաստէ իշխանության վերարտադրության համար: Եվ վերարտադրությունն ուղղակի անխուսափելի է: Այլ սցենար հավանական համարո՞ւմ եք, որ հանկարծակի փոխի զարգացումների ընթացքը:

-Կարծում եմ, որ անկախ նրանից, որ ժողովրդի մեջ տարածում են այն միտքը, որ մեկ է՝ իրենք են հաղթելու, ավելի լավ է փող վերցնես, իրենց օգտին քվեարկես, ժողովուրդը պետք է մի բան հասկանա, որ անկախ ամեն ինչից՝ պետք է կաշառք չվերցնի, ազնվորեն գնա քվեարկի: Որպեսզի նաեւ բողոքելու հնարավորություն ունենա: Նրանք փող են տալիս ոչ թե նրա համար, որ գնան իրենց քվեարկեն (իրենք ամեն ինչի ձեւը գիտեն, թիվը կնկարեն), դա արվում է նրա համար, որ մարդկանց կոտրեն, որովհետեւ փողը վերցնողը չի բողոքի:

Կասեն՝ դու վերցրել ես փողը եւ քվեարկել ես ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի կամ մեկ ուրիշի օգտին: Կարծում եմ ժողովուրդը պարզապես իրավունք չունի անբարոյականի պես իրեն պահելու, վաճառվել- ծախվելու, հետո բողոքելու, որ իր հետ վարվում են որպես անբարոյականի:

Հրանտ Մաթեւոսյանը մի խոսք ուներ, ասում էր՝ թող մի անգամ էլ խփի, տեսնենք իրա բռունցքը կցավի, թե ոչ:

Հիմա սրանն է՝ թող մի անգամ ժողովուրդը կանգնի եւ քվեարկի ոնց ինքն է ուզում: Թող ինչ ուզում է անի իշխանությունը, թող կեղծի, բայց հասկանա, որ ի վերջո արժանապատիվ ժողովուրդ կա: Ի վերջո, եթե ժողովուրդն ուզում է արժանապատիվ ապրել, պետք է իրեն արժանապատիվ պահի:

 Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

 

Back to top button