Խորտակված ճակատագրեր՝ թիթեղյա ծածկի տակ

Գյումրիի տնակային ավաններից մեկում բնակիչների կյանքն է նկարագրված տեսանյութում: Այսպես կոչված «Ֆանտան» թաղամասում, որը կարծես Գյումրիի աղքատության, գործազրկության խորհրդանիշն է դարձել, ապրում են ընտանիքներ, ովքեր դեռեւս սպասում են բնակարանի իրենց հերթին: Իսկ պետությունը համարում է, որ որեւէ պարտավորություն այլեւս չունի:
Երկու տարեց բնակչուհիների առօրյան նույնն է: Տարբեր ընտանիքներ են, որոնց, սակայն, միավորող մի ամբողջ կյանք կա:
78-ամյա Կիմա Գրիգորյանը բնակարանային փաստաթղթերն ուշացումով ներկայացնելու պատճառով հերթացուցակից դուրս է մնացել: Երկու որդի է կորցրել, ովքեր այդպես էլ բնակարան ունենալու երազանքը չեն կարողացել կյանքի կոչել: Հիմա տիկին Կիման է ապրում բնակարան ունենալու երազանքով:
Տիկուշ Արշակյանը երեք զավակ ունի, բոլորն էլ արտերկրում են: Երկրաշարժի հետեւանքով կորցրել է երկու սենյականոց բնակարան: Որեւէ ակնկալիք սակայն չունի, որ տարիներ շարունակ թիթեղյա ծածկի տակ ապրելուց հետո վերջապես բնակարանատեր կդառնա:
Այս շրջանում հետեւում է ընտրություններին մասնակցող տարբեր քաղաքական ուժերի նախընտրական խոստումներին, սակայն որեւէ ուժի հետ դեռեւս հույսեր չի կապում: Վստահ չէ, որ իր կյանքում ինչ-որ բան կարող են փոխել նրանք, ովքեր ասպարեզում են հայտնվել:
Արմենուհի Վարդանյան