ՀՀ ՊՆ Գյումրու զինկոմիսարիատը հեռուստացույց չունի, գումար քաղաքապետարանից են խնդրում

Գյումրու ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին նիստը տեղի ունեցավ այսօր: Օրակարգում 35 հարց էր ընդգրկված: Նիստը վարող Սամվել Բալասանյանը, սակայն, բոլոր հարցերը թողած՝ վերջին հարցից սկսեց՝ հայտարարելով, թե նոր նստաշրջանի մեկնարկին պետք է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ստեղծվի, որի կազմում առաջարկվում է ընդգրկել «Բալասանյան» դաշինքից Արամայիս Գրիգորյանին, Գայանե Սարգսյանին եւ Էդգար Մկրտչյանին: Ուստի շատ արագ քվեարկեցին ու անցան առաջ, Սամվել Բալասանյանը նորություն ուներ իր գլխավորած դաշինքի ավագանու անդամներին ասելու. պատրաստ են ավագանու համապատասխան գրքույկները, ուստի աշխատակազմի ղեկավարին հորդորեց բաժանել դրանք, միաժամանակ նշեց՝ հույս ունի, որ Հայաստանի սահմանադրական դատարանը Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքներով մանդատների բաշխման գործընթացում սահմանադրությանը հակասող նորմեր չի գտնի:
Օրակարգային մյուս հարցերով նախ հաստատվեց Գյումրու 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ապա հերթը հասավ քաղաքի բյուջեի միջոցներից մի շարք ընկերությունների ու սոցիալապես անապահով ընտանիքների դրամական միջոցների հատկացմանը:
Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս 600 հազար դրամ գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքին որպես նվիրատվություն հատկացվեց:
Ապա ֆինանսների բաժնի ղեկավար Լենա Ջիլավյանն ընթերցեց հաջորդ հարցը. Հայաստանի պաշտպանության նախարարության Գյումրու զինվորական կոմիսարիատը հեռուստացույց չունի, դիմել են համայնքին ֆինանսական ակնկալիքով, որպեսզի կարողանան հեռուստացույց ձեռք բերել: Որոշել են հատկացնել 160 հազար դրամ, այս հարցին էլ միաձայն կողմ քվեարկեցին:
Հրդեհից տուժած Գրիգորյանների ընտանիքին գումար հատկացվեց, եւ 1 միլիոն 700 հազար դրամ էլ առանձնացվեց սոցիալապես անապահով թվով 168 ընտանիքների համար: Բալասանյանն այս հարցի ընթերցման ժամանակ հայտարարեց՝ այնպես կազմակերպել գործընթացը, որ նախընտրական այս շրջանում տպավորություն չստեղծվի, որ քաղաքի միջոցներից Բալասանյանն ընտրակաշառք է բաժանում:
«Բալասանյան» դաշինքի 17 հոգանոց խմբակցությունը կողմ քվեարկեց նաեւ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմին սեփականության իրավունքով պատկանող թվով չորս տրանսպորտային միջոցների 2017 թվականի գույքահարկի գումարի վճարման նկատմամբ արտոնություն սահմանելու մասին հարցին:
Հերմինե Մկրտչյան