«Ադրբեջանի իշխանությունները ստիպում են մեզ՝ թալիշներիս, որպեսզի լքենք մեր պատմական բնակավայրերը»
Ինչպես հաղորդում է «Թալիշինֆո» լրատվական գործակալությունը, վերջին շրջանում խմբագրությունը բազմաթիվ մտահոգիչ նամակներ է ստանում Ադրբեջանում բնակվող թալիշներից: Նամակներից մեկը, որի հեղինակը թալիշ մի երիտասարդ է, հրապարակվել է գործակալության կայքէջում: Նամակի բովանդակությունը՝ ստորեւ.
«Վերջին շրջանում Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են ճնշումը թալիշների նկատմամբ, ընդհանուր առմամբ, Թալիշական տարածաշրջանի վրա: Իշխանություններն ակտիվորեն բռնազավթում են թալիշ ազգաբնակչությանը պատկանող հողատարածքները, խլում են մարդկանց վերջին հույսը, քանի որ այս ծանր պայմաններում միայն հողն է կերակրում մարդկանց: Մարդիկ ստիպված կոտորում են ընտանի կենդանիներին եւ չգիտեն թե վաղն իրենց ինչ է սպասվում: Այս կերպ իշխանությունները միտումնավոր ստիպում են մեզ՝ թալիշներիս, որպեսզի մենք լքենք մեր պատմական բնակավայրերը:
Այդ կապակցությամբ, օրերս թալիշական Աստարա քաղաքի բնակիչները հավաքվել էին քաղաքի կենտրոնում եւ փորձում էին իրենց բողոքն արտահայտել իշխանությունների ամենաթողության դեմ: Սակայն, իշխանությունները, բողոքավորներին ականջալուր լինելու փոխարեն, խաղաղ եւ անզեն մարդկանց դեմ անհապաղ դուրս բերեցին ուժային կառույցներին, որոնք դաժանորեն ճնշեցին ցուցարարների ըմբոստությունը:
Այսօրվա դրությամբ, մեկ կտոր հացի փնտրտուքով անպաշտպան բնակչությունը մասսայաբար մեկնում է Իրան: Այնտեղ էլ, Աստարայի իրանա-ադրբեջանական սահմանին, իշխանությունների կողմից դիտմամբ անտանելի պայմաններ են ստեղծվել: Սահմանի ադրբեջանական կողմից կառուցվել են նեղ վանդակներ, որոնք հիշեցնում են համակենտրոնացման ճամբարները: Այնտեղ միաժամանակ գտնվում են հարյուրավոր մարդիկ, ովքեր սպասում են իրանական կողմն անցնելու իրենց հերթին: Մարդկանց այնտեղ պահում են օրերով՝ ինչպես բանտարկյալների, իսկ Իրանից վերադառնալու ժամանակ մթերքների եւ այլ ապրանքների մեծ մասն առգրավում են բնակիչներից:
Ուզում եմ ընդգծել, որ Աստարայի մաքսակետում շատ անգամ մաքսավորները բռունցքներով հարձակվում են թալիշների վրա՝ հատկապես Իրանից վերադարձող կանանց: Ուզում եմ բոլոր թալիշներին տեղեկացնել, որ ներկայումս թալիշ ազգաբնակչությունն ապրում է անտանելի պայմաններում»:
Աղբյուր՝ «Թալիշինֆո»
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան