Դեյվիդ Բոուին հետմահու արժանացել է Brit Awards մրցանակի

Բրիտանացի ռոք երգիչ Դեյվիդ Բոուին, ով մահացել էր անցած տարվա սկզբին, Brit Awards ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի «Լավագույն կատարող» անվանակարգում:
Բոուին մահացել է 2016թ.-ի հունվարի 10-ին 69 տարեկան հասակում Նյու Յորքում լյարդի քաղցկեղից: Իր կարիերայի ընթացքում նա վաճառել է 136 մլն սկավառակ եւ մտել է Բրիտանիայի երաժշտության պատմության ամենահաջողակ արվեստագետների լավագույն տասնյակի մեջ, բազմաթիվ երաժշտական մրցանակների դափնեկիր է, այդ թվում նաեւ «Գրեմմի»-ի եւ Brit Awards-ի մրցանակակիր:
Brit Awards-ի արձանիկը Բոուիի անունից ստացել է ամերիկացի դերասան Մայքլ Քարլայլ Հոլլը:
Լավագույն բրիտանացի երգչուհի է ճանաչվել 29-ամյա երգչուհի եւ երգերի հեղինակ Էմելի Սանդը:
Բրիտանական «1975» ռոք խումբը Մանչեսթերից դարձել է մրցանակակիր «Լավագույն խումբ» անվանակարգում, իսկ «Տարվա հայտնություն» է դարձել երգիչ եւ երգի հեղինակ Ռորի Գրեմը՝ Արեւելյան Սաքսեսից, ով հայտնի է Rag’n’Bone Man կեղծանունով:
Արարողության մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել նաեւ Ջորջ Մայքլին, ով մահացել էր 2016թ.-ի դեկտեմբերի 25-ին 53 տարեկան հասակում:
Brit Awards-ը Մեծ Բրիտանիայի փոփ երաժշտության ամենամյա երաժշտական մրցանակաբաշխություն է: Առաջին անգամ մրցանակ հանձնվել է 1977թ.-ին, իսկ 1982-ից արդեն ամեն տարի: Դասական երաժշտություն կատարողների համար կա առանձին մրցանակ՝ Classical BRIT Awards, որը հանձնում են ամեն տարվա մայիսին:
Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան