«Հայաստանը որևէ կերպ ոչ խտրականության է ենթարկվում, ոչ էլ որևէ արտոնություն ունի». Պ. Սվիտալսկի

ԳԱԼԱ-ի բացառիկ հարցազրույցը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ:
-Պարոն Սվիտալսկի, ՀՀ արտգործնախարարն օրերս հայտարարեց, թե Հայաստանի և Եվրամիության միջև մեկնարկած նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները մոտենում են եզրափակիչ փուլ: Նալբանդյանը նաև նշեց, որ «համարյա թե համաձայնեցված է ջախջախիչ մեծամասնությունը բոլոր այն դրույթների, գլուխների, որոնք ընդգրկված են նոր համաձայնագրի մեջ՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մասով»: Ի՞նչ տնտեսական բաղադրիչի մասին էր խոսում նախարարը: Մեկ անգամ չէ, որ ԵՄ-ն հայտարարել է, որ քանի որ Հայաստանն այժմ մեկ այլ տնտեսական ինտեգրացիոն գործընթացի մաս է կազմում, տնտեսական համագործակցությունը լիարժեքորեն հնարավոր չէ իրականացնել:
-Ես հաստատում եմ, որ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները մոտեցել են իրենց ավարտական փուլին: Այս շաբաթ Հայաստանում էր նաև Բրյուսելից ժամանած պատվիրակությունը, որի հիմնական նպատակն էր քննարկել առևտրային՝ մասնավորապես ներդրումների հատվածը:
Ինչպես միշտ, բոլոր նման նշանակալի համաձայնագրերի շրջանակներում ամենակարևոր հատվածները թողնվում են ամենավերջին հատվածում, այսինքն, բանակցությունների ամենավերջին փուլում: Եվ այդպես էլ տեղի ունեցավ այս համաձայնագրի շրջանակներում: Այս պահին բավականին ինտենսիվ կերպով ջանքեր են գործադրվում այդ հատվածների վերաբերյալ բանակցություններն ավարտին հասցնելու ուղղությամբ:
Համոզված եմ, որ շուտով կհասնենք փոխզիջումների, և շուտով նաև այդ համաձայնագրի վերջնական տեքստը կբերվի ավարտական տեսքի:
Շատ դժվար է դեռ չստորագրված կամ չհաստատված համաձայնագրի վերաբերյալ որևէ բան ասել: Մի հին ասացվածք կա, որ մինչև ամենավերջին մասնիկը համաձայնեցված չլինի, կարող ենք համարել, որ դեռ ոչ մի բան համաձայնեցված չէ: Հետևաբար, նույնը կարող ենք ասել այս պահին տվյալ համաձայնագրի վերաբերյալ:
Բայց առևտրային հատված հստակ լինելու է: Լինելու է մասնավորապես ըստ ոլորտների բաշխված տնտեսական համագործակցության ծրագիր:
Հիմնական տարբերությունը համեմատած խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի, որը պետք է կնքվեր անցած համաձայնության շրջանակներում, այն է, որ այլևս արտոնություններ Հայաստանին չեն տրվելու: Զուտ այն պատճառով, որ Հայաստանը մեկ այլ առևտրային նախաձեռնության մաս լինելով հանդերձ այլևս իրավասու չէ բանակցելու արտոնյալ առևտրային պայմաններ ունենալու շուրջ:
Բայց կլինեն որոշ կարևոր բաղադրիչներ, որոնք իրենց ազդեցությունը կունենան Հայաստան-Եվրամիություն առևտրային հարաբերությունների վրա: Պարզապես պետք է համբերատար լինել և սպասել, մինչև, այսպես ասած, գործարքը կնքվի, իսկ հետո արդեն առանձին հնարավորություն կլինի հանդիպելու և տեքստը մանրամասնորեն վերլուծելու:
— Պարոն դեսպան, ենթադրենք այս բանակցությունները բարեհաջող ավարտ են ունենում, և Հայաստանի իշխանություններն այս անգամ ստորագրում են այն: Արդյոք անպատվաբեր չէ ԵՄ-ի համար դառնալ գործընկերը կոռուպցիայի մեջ թաղված իշխանավորների և ունենալ այնպիսի գործընկեր պետություն, ցավոք, տարեցտարի հետընթաց արձանագրող Հայաստանի տեսքով:
— Մենք Հայաստանին դիտարկում ենք որպես եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ և հանձնառու ենք Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու: Բոլոր երկրներն աշխարհում խոցելի են կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից: Որևէ երկիր աշխարհում չի կարող կոռուպցիայի դեմ լիարժեք պաշտպանության իմունիտետ ունենալ:
Իրական հարցն այն է, թե ինչպես գործ ունենալ նման ռիսկերի հետ: Մեծ հարց է, թե ինչպես հասարակության մոտ սերմանել ընկալունակություն՝ կապված կոռուպցիոն ռիսկերի հետ:
Դե իհարկե, կոռուպցիայի գործոնը, որպես այդպիսին, իր առկայությամբ կարող է պարզապես բարդացնել հարաբերությունները:
Օրինակներից մեկը Մոլդովան է, որտեղ որ կոռուպցիոն սկանդալների հետևանքով Եվրամիությունը ստիպված էր ընդհատելու բյուջետային աջակցության իր բոլոր ծրագրերը Մոլդովայի կառավարության հետ:
Հենց այդ պատճառով էլ Եվրամիությունը ՀՀ կառավարության հետ հանձնառու կերպով համագործակցում է կոռուպցիայի և դրանից բխող ռիսկերը պատշաճ կերպով հսկելու համար:
-Ֆինանսական հոսքերը ոչ թե ընդհատելու, այլ դեռևս չշարունակելու մասին խոսեց նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ նշելով, որ իրենց չի գոհացնում կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի արձանագրած արդյունքները: Դուք ևս հանդիպումներ ունեցել եք ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ: Ի՞նչ կարող եք ասել, որևէ առաջընթաց դուք նկատո՞ւմ եք կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:
— Կարող եմ փաստել, որ բավականին արդյունավետ հանդիպում եմ ունեցել ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի հետ: Նրանք մեզ տեղեկացրեցին իրենց մտադրությունների և պլանների վերաբերյալ: Բավական դրական գնահատեցինք այդ մտադրությունները: Մասնավորապես խոսվեց նաև կոռուպցիայի դեմ պայքարի առանձին ստորաբաժանման կամ գործակալության ստեղծման վերաբերյալ…
Մենք քննարկեցինք վարչապետի հետ, թե ինչ դեր այս գործում կարող է ստանձնել Եվրամիությունը, և այս պահին պատրաստ ենք նաև հասկանալու, թե կոնկրետ որ ուղղությամբ պետք է իրականացվեն գործողությունները՝ զուտ այդ պլանների իրականացման տեսանկյունից:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ինքներս դիտարկել ենք մի շարք կոնկրետ քայլեր, որոնք արված են կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում, մասնավորապես խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրության բարեփոխումների մասին է: Չնայած այն փաստին, որ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալով, «Թրանսփարենսի ինթերնեշնլի» հաշվետվությամբ Հայաստանը 95-րդ հորիզոնականից տեղափոխվել է 113-րդ տեղը, միևնույն է, եթե հաշվի առնենք այն միտումները և այն մտադրությունները, որոնք գոյություն ունեն Հայաստանում վերջին մի քանի ամիսների ընթացքում, կարող ենք լիահույս լինել, որ դրանք կհանգեցնեն ավելի լավ արդյունքի:
— Ի՞նչ եք կարծում, ՀՀ իշխանությունների՝ ԵՄ-ի հետ սկսած «սիրախաղը» շարունակելու իրական պատճառը ո՞րն է, արդյոք եվրոպական արժեքնե՞րը, թե՞ Եվրոպայից եկող ֆինանսական հոսքերը:
— Կարող եմ ասել, որ առաջին հերթին իշխանությունը մտահոգված է իր ազգի ապագայի համար: Եթե հարցնում եք անձամբ ինձ, ապա կարող եմ ասել, որ մեծապես ոգեշնչված են այն նախաձեռնություններով, որոնք վարչապետի կողմից հնչեցին մեր հանդիպման շրջանակներում:
Եթե ուշադրություն դարձնեք այն ռազմավարական փաստաթղթերին, որոնք մշակվել են նոր կառավարության առաջին հարյուրօրյակի ընթացքում, ապա կտեսնեք, որ այնտեղ շրջադարձային ելակետեր կան՝ նոր ծրագրի տեսանկյունից:
Կարող եմ ասել նաև հետևյալը. գնահատականը, որը տվել է ՀՀ կառավարությունը Հայաստանի իրավիճակի վերաբերյալ, մեծապես համընկնում է այն գնահատականի հետ, որը մենք ենք տալիս: Կարծում եմ՝ մեր համագործակցության զարգացման տեսանկյունից այս գնահատականների համընկնելու փաստն արդեն լավ սկզբի մասին է վկայում: Որովհետև այլևս մենք ժամանակ չենք վատնի միմյանց համոզելու, թե ելակետը որն է, որտեղից է պետք սկսել:
Կարծում եմ, որ այս բաց, թափանցիկ վերաբերմունքը ԵՄ-ի հետ համագործակցության տեսանկյունից բավականին անկեղծ է: Վարչապետն անձամբ նշեց, որ մեծապես հետաքրքրված է Հայաստանում եվրոպական վարչարարության մեխանիզմներ ներդնելու համար, իսկ մենք որպես Եվրամիություն պատրաստ ենք առաջարկելու մեր համագործակցությունը և մեր օգնությունը: Իսկ դա միայն փող չէ, որովհետև կարծում եմ կհամաձայնեք, որ այն, ինչ ԵՄ-ն կարող է առաջարկել իր խորհրդատվական աջակցության տեսքով, երկիրը փոխել չի կարող: Դա կարող է լինել խթան, քարշակ, դրդիչ ուժ երկրում ինչ-որ փոփոխություններ իրականացնելու համար: Ինքը փողը երկրորդական նշանակություն ունի: Բայց եթե ցանկանում եք զուտ փողի մասին խոսել, կարծում եմ մեր քննարկումը կարող ենք տեղափոխել մեկ այլ դաշտ:
Ըստ տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության 2015 թվականի հաշվետվության՝ Հայաստանի Հանրապետությունը փոխառությունների և դրամաշնորհային միջոցների հատկացումների տեսքով համագործակցության ծրագրի շրջանակներում ստացել է ավելի քան 400 մլն ԱՄՆ դոլար: Այդ հատկացումների 50 տոկոսից ավելին՝ շուրջ 200 մլն-ը, տրամադրվել է Եվրամիության կողմից: Միայն եվրոպական կառույցների, այսինքն Եվրահանձնաժողովի, Եվրոպական ներդրումային բանկի կողմից 2015 թվականին տրամադրվել է 140 մլն դոլար՝ ավելի քան 30 մլն Գերմանիայի կողմից, ավելի քան 20 մլն՝ Ֆրանսիայի կողմից: Միաժամանակ, համեմատության համար կարող եմ ասել, որ ըստ տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության՝ ավելի քան 35 մլն տրամադրվել է Ռուսաստանի կողմից, ավելի քան 25 մլն՝ ԱՄՆ-ի: Հետևաբար, եթե այս վիճակագրությունն ուսումնասիրենք, վիճակագրություն, որը ստացվում է ոչ թե Բրյուսելից, այլ Փարիզից, որովհետև տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում, ապա կտեսնեք, որ Եվրամիության կողմից տրամադրվող աջակցությունն իսկապես նշանակալի է, հիմա թե ինչքանով է դա տեսանելի, ինչքանով են դա Հայաստանի քաղաքացիները տեսնում ու գնահատում, այլ հարց է:
Հայաստանի ուժն առաջին հերթին սերում է Հայաստանի տարածությունից, այլ ոչ թե Բրյուսելից՝ ԵՄ մայրաքաղաքից:
— Եթե ես ասեմ, որ այս ֆինանսական հոսքերի սպառողը հայ ժողովուրդն է, սխալված չեմ լինի: Սակայն հասարակության շրջանում կա մտահոգություն. Հայաստանի պարտքային բեռն ավելանում է, տարիների ընթացքում այսքան ներդրումներ են արվել, սակայն էապես չի փոխվել քաղաքացու կյանքը, եթե չասենք հակառակը: Փոխարենը միլիարդավոր դոլարներ են դուրս բերվել երկրից և շատ կոնկրետ շրջանակներ են հարստացել: Ես որպես ՀՀ քաղաքացի կարո՞ղ եմ այսպիսի խնդրանք ուղղել միջազգային հանրությանը, որ դադարեցնեն օգնել այս իշխանություններին: Ո՞ր դեպքում ԵՄ-ն ինքը կկամենա «ոչ» ասել Հայաստանին:
— Ի սկզբանե անհրաժեշտ է նշել, որ այդ գումարների մեծ մասը, որ գալիս են տարբեր բանկերից, ինչպես նաև տարբեր պետությունների կողմից, Հայաստանի Հանրապետության բյուջեին է տրամադրվում, կառավարությանը:
Դա հնարավոր է նաև, որովհետև բոլոր գումարները, որոնք տրամադրվում են ԵՄ-ի կողմից որևէ գործընկեր պետությանը, տրամադրվում է կոնկրետ չափանիշների համապատասխանության ապահովման դեպքում: Այդ չափանիշներն ապահովված են: Այդ չափանիշներից մի քանիսը վերաբերվում են բյուջետավարման քաղաքականությանը, վերաբերվում են ֆինանսատնտեսական քաղաքականությանը, մնացյալ մանրամասները չթվարկեմ:
Եվ Եվրամիությունը հետևում է այդ չափանիշներին, որոնք երկիրը պետք է ապահովի խստորեն: Եվ դրանք համընդհանուր են, ունիվերսալ բոլոր երկրների համար, և Եվրամիության աջակցությունը տրամադրվում է այդ նույն չափանիշներին համապատասխան: Հայաստանը որևէ կերպ ոչ խտրականության է ենթարկվում, ոչ էլ որևէ արտոնություն ունի:
Ես ամբողջությամբ համաձայն եմ ձեզ հետ, որ միգուցե Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Եվրամիությունը, ինչ-որ պատվիրակություններ և ՀՀ քաղաքացիական հասարակությունը կարող են քննարկել տրամադրվող գումարների է՛լ ավելի արդյունավետ օգտագործման ճանապարհներն ի շահ բոլորի, որովհետև այդ գումարը բարեգործություն չէ, այդ գումարը երկրում առաջացած ախտանիշերի վերացման նպատակով չի տրամադրվում, այլ տրամադրվում է արդիականացման և փոխակերպման նպատակով:
Այդ գումարի հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի տոկունությունը, երկրում ֆինանսական կայունության ապահովման հնարավորությունները:
Կարծում եմ նաև մեկ ընդհանուր նպատակ կա՝ Եվրամիության և Հայաստանի Հանրապետության նպատակը. այդ գումարը դարձնել ավելի շահավետ:
Թույլ տվեք նշել նաև, որ ես չէի ցանկանա սև օրվա սցենարներ քննարկել, այլ ավելի շատ հակված եմ զարգացման հնարավորությունները քննարկել: Այժմ ես այդ դրական երանգը տեսնում եմ ինչպես Հայաստանի Հանրապետության իշխանական, այնպես էլ ընդդիմադիր թևերի նախընտրական խոսքերում, որի հիմնական ուղերձը հնչում է հետևյալ կերպ. Հայաստանը պետք է նախաձեռնի խորը, հիմնովին բարեփոխումների գործընթաց:
— Արդեն պարզ դարձավ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակը: Ի՞նչ ակնկալիք կա առաջիկա խորհրդարանական ընտրություններից:
— Կարող եմ կրկնել այն, ինչ բազմիցս ասել եմ, որ այս ընտրությունները չափազանց կարևոր են Հայաստանի համար: Փոփոխված սահմանադրությամբ առաջին ընտրություններն են, որ Հայաստանը կիսանախագահականից անցում է կատարելու խորհրդարանական համակարգի:
Բայց, իհարկե, ամեն ինչ կախված է այն վճռական պահերից, որոնք առաջանում են ընտրությունների ժամանակ: Յուրաքանչյուր իշխանություն, որը երբևէ որոշի ստանձնել այն պատասխանատվությունը, որը որ բխում է ՀՀ քաղաքացիների ակնկալիքներից նման վճռական պահերին, քանզի բոլորը կարծում եմ համաձայն կլինեն այն բանի հետ, որ չափազանց վճռական ժամանակահատված է Հայաստանի և Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար:
Յուրաքանչյուր իշխանություն, որն իր ուսերի վրա կվերցնի, պետք է միաժամանակ իր վրա վերցնի, առաջին հերթին, թափանցիկ, արդար, իրավական, օրինական ընտրությունների կազմակերպման պատասխանատվությունը, դրանով իսկ սկսի այդ արմատական բարեփոխումների գործընթացը:
Հենց այդ պատճառով էլ, ևս մեկ անգամ հասկանալով այս ընտրությունների կարևորությունը, ԵՄ-ն դրական է արձագանքել ՀՀ կառավարության խնդրանքին՝ ֆինանսական աջակցություն տրամադրելու պատշաճ ստանդարտներին համապատասխան ազատ, արդար ընտրությունների անցկացման նպատակով:
Եվրամիությունը տրամադրել է ավելի քան 7 մլն եվրո, որն ուղղվելու է ընտրությունների նոր տեխնոլոգիայով անցկացման աշխատանքի իրականացմանը:
Ավելի քան 300.000 եվրո Եվրամիությունը հատկացրել է ազգային մակարդակով դիտորդական առաքելությունների կազմակերպման ուղղությամբ, որն առաջին հերթին ուղղվելու է ՀԿ-ների կողմից ընտրությունները վերահսկելու գործին:
Հարյուր հազարավոր եվրոներ հատկացնելու ենք ԵԱՀԿ-ին և Եվրախորհրդին տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստանին օգնելու երկարաժամկետ աջակցության տրամադրման նպատակով: Որովհետև հավատում ենք, որ Հայաստանում կան պայմաններ ավելի լավ ընտրություններ կազմակերպելու համար:
Իսկ լավ ընտրությունները նշանակում են ավելի ամուր քաղաքական մանդատ իշխանությունների համար, ավելի մեծ հնարավորություն ավելի ազատ ընտրություն կազմակերպելու համար:
— Եթե այս ընտրությունները Հայաստանում անցնում են այնպես, ինչպես միշտ, եթե լինում են աղաղակող խախտումներ, եթե իշխանությունները վերարտադրվում են բիրտ մեթոդներով, ո՞րն է լինելու ԵՄ անելիքը, հնարավո՞ր է փաստաթղթի ստորագրումը դրվի կասկածի տակ:
— Կարծում եմ ակնհայտ է, որ մենք նման գումարներ չէինք հատկացնի ՀՀ-ին, եթե կարծեինք, որ Հայաստանը նույն որակի ընտրություններն է անցկացնելու կամ Հայաստանին վիճակված է կրկնել անցյալի փորձը:
Համենայնդեպս, այս պահին վստահ եմ, որ տրամադրված գումարները ծախսվում են ճիշտ ուղղությամբ: Համենայնդեպս, բոլոր այն խոստումները, որ ներկայացվել են այս ընտրությունների վերաբերյալ, արվել են բարի կամքով:
Բայց, իհարկե, միաժամանակ պետք է հաշվի առնել, որ այն բարեփոխումները, որ արդեն արվել են, այսինքն, ընտրատարածքներում ներմուծվելու է տեսաձայնագրման հնարավորություն, հրապարակվելու են ստորագրված և հաստատված ընտրացուցակները, և մնացած բոլոր այն բարեփոխումները, որ արվելու են թափանցիկության ապահովման առումով, միևնույն է, կլինեն փորձեր չարամտորեն խախտելու ընտրական պրոցեսը:
Նմանատիպ ռիսկերն առաջին հերթին առաջանում են վարչական ապարատի չարաշահման, ընտրակաշառքների, ձայն առնելու, սպառնալիքների, շանտաժի, ինչպես նաև ի վերջո ընտրությունների ժամանակ առաջացած բողոք-դժգոհությունների հետ ոչ ընթացակարգային նորմերին համապատասխան աշխատանքներ իրականացնելու հետ կապված:
Բայց եթե ինձ հարցնեք, կարող եմ ասել, որ բոլոր շահագրգիռ կառույցները, որոնք այս պահին ներգրավված են նախընտրական գործընթացում, հստակ ցուցաբերում են բարի կամք: Եվ հետևաբար, խոսքը գնում է հայ ժողովրդի մասին:
Հայ ժողովուրդն է պատասխանատու Հայաստանի ապագայի համար: Եթե մնան տներում կամ ընտրեն ոչ ճիշտ մարդկանց, ոչ ճիշտ ընտրություն կատարեն, ապա նրա՛նք պատասխանատու կլինեն իրենց երկրում ստեղծված վիճակի համար:
Եթե թույլ տան սպառնալիքներ իրենց նկատմամբ, եթե վաճառեն իրենց ձայնը փոքր գումարի դիմաց, դա կլինի իրենց ընտրությունը, հետո իրենք իրենց կմեղադրեն երկրի կործանման համար:
Քաղաքական գործիչներն այստեղ կապ չունեն: Պատասխանատուն այստեղ ընտրողն է: