«Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման հնարավորություններն ու խոչընդոտները Հայաստանում»

Վիճակագրական տվյալների համաձայն՝ մոտավորապես 100 երեխա է հիվանդանում քաղցկեղով Հայաստանում: Այսօր Մեդիա կենտրոնում Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված մամլո ասուլիսին այս մասին հայտնեց ուռուցքաբան/արյունաբան Լուսինե Հակոբյանը:
Ասուլիսին մասնակցում էին նաև «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի կլինիկական հոգեբան Ալիսա Քամալյանը, «Bridge of Health Armenia» հիմնադրամի հիմնադիր/տնօրեն Անահիտ Բարսեղյանը և «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տիգրան Բալոյանը:
«Քաղցկեղի տեսակներից մանկական տարիքում ավելի հաճախ են հանդիպում լեյկեմիաները: Մյուս տեսակներն ավելի քիչ թվով: Լեյկեմիաների ժամանակ, եթե տրանսպլանտացիայի խնդիր է, ապա Հայաստանը զիջում է, և այս դեպքում դիմում են արտերկրում բուժման: Եթե չլինի տրանսպլանտացիայի խնդիր, Հայաստանը բուժման հնարավորություններով չի զիջում: Բացի այդ, կան որոշ վիրահատություններ, որոնք Հայաստանում, ցավոք սրտի, վատ են իրականացվում, և շատ դեպքերում ուղարկվում է արտասահման»,- ասում է Հակոբյանը:
Նա նշում է, որ մանկական քաղցկեղի կանխարգելումը չունի սպեցիֆիկա. «Դա այն առողջ ապրելակերպն է, որի մասին միշտ խոսվում է. առողջ սնունդ, աղտոտվածությունը հնարավորինս նվազեցնել: Միշտ հորդորում ենք, որ ծնողն ուշադիր լինի, շուտ դիմի, մենք հիմնականում աշխատում ենք մանկաբույժների հետ»:
Ուռուցքաբանը հավելում է, որ մանկական քաղցկեղի բուժումը բավականին թանկ է, դժվար է իրականացնել Հայաստանի պայմաններում:
«Մի շարք դեղորայքներ կան, որ բավականաչափ թանկ են, բայց մենք ունենք ֆոնդեր, որոնք կարողանում են մեզ օգնել»,- հավելում է Հակոբյանը:
«Bridge of Health Armenia» հիմնադրամի հիմնադիր/տնօրեն Անահիտ Բարսեղյանն ասում է, որ իրենք աշխատում են բոլոր քաղցկեղով հիվանդ երեխաների հետ ու փորձում են ցուցաբերել ոչ միայն ֆինանսական աջակցություն:
«Կարող է լինել նաև արյան բացակայություն, արյան խումբ, որը դժվար է գտնվում, կամ դեղորայք, որը գրանցված չէ Հայաստանում ու դժվար է գտնել: Մենք այդ ամենը փորձում ենք հասանելի դարձնել հիվանդ երեխաների համար»,- ասում է Բարսեղյանը:
Հիմնադրամը, որը գործում է արդեն 5 տարի, այս տարիների ընթացքում կարողացել է աջակցել և օգնել շուրջ 80 քաղցկեղով հիվանդ երեխայի:
«Սկզբում որ նոր էին բացվել, դիմում էին բոլոր հիվանդանոցներին, հետո որ բժիշկներն իմացան, իրենք էին ուղղորդում հիվանդներին մեզ մոտ: Բժիշկն առաջին կապող օղակն է հիվանդի և ֆոնդի միջև, երբ որ բժիշկն ասում է՝ նման ֆոնդեր կան, դիմեք, արդեն դիմում են: Կարող է մոտ մեկ տարի է տևում բուժումը, ու եթե ֆոնդերը չաջակցեն, ծնողների կողքին չկանգնեն, նշանակում է բուժումը կարող է թերի լինել, օրինակ, զուտ դեղորայքի պատճառով»,- ասում է Բարսեղյանը և հավելում, որ հիմնադրամ ունեն նաև ԱՄՆ-ում, և դեղերի հասանելիության հարցով դա իրենց շատ օգնում է:
«Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տիգրան Բալոյանն ասում է, որ իրենց ֆոնդի նպատակը նույնպես քաղցկեղով հիվանդ երեխաներին և մեծահասակներին օգնելն է, պարզապես ֆինանսական միջոցների հայթայթման եղանակներն են տարբեր:
«Հիմնականում դա կատարվում է բժիշկների ուղղորդմամբ: Մենք փորձում ենք հնարավորինս մեծ զանգվածի ներգրավել՝ ակնկալելով գոնե նրանցից 100 դրամ, որպեսզի բոլորը կարողանան ներդրում կատարել՝ անկախ իրենց ֆինանսական հնարավորություններից»,- ասում է Բալոյանը:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի կլինիկական հոգեբան Ալիսա Քամալյանն ասում է, որ հոգեուռուցքաբանությունը մեծ տարածում ունի արտերկրում:
«Առաջին քայլերն են Հայաստանում հոգեուռուցքաբանության մեջ արվում, մեզ մոտ ստեղծված է ծառայություն երեխաների և մեծահասակների համար: Հոգեսոցիալական աջակցությունը սկսում է ախտորոշման պահից հաղթահարելու համար այն բոլոր դժվարությունները, որոնց որ իրենք բախվում են ախտորոշման պահից»,- ասում է Քամալյանը:
Նա ընդգծում է, որ կարևոր բաղադրիչներից մեկը պարբերաբար գնահատում կատարելն է:
«Երեխան զարգացման մեջ է գտնվում, և հիվանդությունն ազդում է երեխայի զարգացման վրա: Կարևոր է գնահատել երեխայի խոցելի և ռեսուրսային կողմերը: Այնուհետև կազմում ենք մեր միջամտության պլանը և նվազեցնում ռիսկային գործոնները, որոնք կազդեն բուժման վրա: Մեր մշակույթում խնդիր կա երեխաների հետ ախտորոշման մասին խոսելու առումով, ծնողները հաճախ խուսափում են, չգիտեն ինչպես ներկայացնեն, բացատրեն: Բայց պետք է երեխաներին ներկայացնել՝ ինչ է կատարվում իրենց օրգանիզմում, բնականաբար հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները և հաշվի առնել, թե ինչպես պետք է դա բացատրել»,- ասում է Քամալյանը: