ՀՀԿ-ն կստեղծի «ավագների խորհուրդ»

ՀՀԿ ծերակույտը խորհրդարանի փոխարեն կընդգրկվի հատուկ կազմակերպությունում: Կստեղծվի ՀՀԿ-ի «ավագների խորհուրդ»: Այս կազմակերպությունում կընդգրկվեն ՀՀԿ 60-ն անց եւ ԱԺ չանցած գործիչները եւ կփորձեն իրենց գիտելիքներով օգտակար լինել կուսակցությանը:
Կուսակցությունը կորոշի՝ Աշոտ Աղաբաբյանը կլինի՞ ՀՀԿ ցուցակում
Շիրակի մարզից ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը դեռ չգիտի՝ իրեն ընդգրկելո՞ւ են ՀՀԿ ցուցակում, թե՞ ոչ: Բոլոր դեպքերում, խոստանում է հարգել կուսակցության որոշումը:
«Կուսակցությանը պետք է հարցնեք՝ այո, թե ոչ, Աղաբաբյան Աշոտի թեկնածությունը լինելու է, թե չի լինելու, մեր անունները կուսակցությունն է տալիս: Եվ երկրորդ, լինելու դեպքում էլ կաշխատենք, ոչ լինելու դեպքում էլ դարձյալ կաշխատենք մեր կուսակցության համար: Ես անպայման կհասկանամ»:
Կուսակցությունից նեղացող գնացողները պաշտոնի ակնկալիք ունեին
«Կուսակցությունն ինքն ունի գործադիր մարմին, ունի խորհուրդ, այդ բոլոր հարցերը քննարկվում են, հաշվի են առնվում՝ ով ինչի հնարավորություն ունի եւ ինչ ձեւով ճիշտ օգտագործեն: Այնպես չէ, որ եթե պաշտոն չտվեցին, պատգամավոր չտվեցին, ուրեմն նեղանում գնում եմ, այդ նեղացող գնացողները հենց այդ ակնկալիքով էլ եկել են, եւ մինչեւ այսօր էլ ահագին մարդիկ կան ու ակնկալում են նման պահանջ ու մնացել են:
Էն ուրիշ բան է, որ մտածես՝ եկել ես կուսակցություն, որ էս տան, էն տան, իսկ կուսակցական աշխատանքը լրիվ ուրիշ բան է»:
ՀՀԿ-ն ստեղծում է «ավագների խորհուրդ»
Ի՞նչ են անելու ավագ ՀՀԿ-ականները, որոնց չեն ընդգրկում կուսակցական ցուցակ: Ըստ Աշոտ Աղաբաբյանի՝ կստեղծվի նոր մարմին՝ ավագների խորհուրդ.
«Ավագների խորհուրդ է ստեղծվում, որը բավականին լուրջ գործունեություն է ծավալելու մեր վաղվա հանրապետականի առողջացման համար: Իսկ այն մարդիկ, ովքեր որ դուրս են եկել, հեռացել են պաշտոն չստանալու համար, դրանք կոռուպցիոն նյութեր են: Եվ նրանց դուրս գալուց հետո կուսակցությունում կոռուպցիան ավելի կպակասի»:
Մեր այն հարցին, թե բացի իրենից ուրիշ ինչ թեկնածուներ կան, ովքեր կլինեն ՀՀԿ ավագների խորհրդում՝ Գալուստ Սահակյան, Լեռնիկ Ալեքսանյան… Աշոտ Աղաբաբյանը շարունակեց.
«Վազգեն Կարախանյան… Շատ ենք: Մեր կուսակցությունում շատ են մարդիկ, ովքեր տարիքով են, որոնց դիրքը բավականին ամուր է, իրենք էլ բավականին ճանապարհ անցած են, փորձ ունեն: Այդ ավագների խորհուրդը բա ինչի՞ են ստեղծում, եթե չկան ավագներ: Ավագ նշանակում է 60-ն անց, փորձ ունեցող, անցյալ ունեցող ու ճանապարհ անցած, փորձված մարդիկ, որոնք յուրաքանչյուր հարցի քննարկմանն առավել լուրջ ուշադրություն կդարձնեն, հետեւություն կանեն: Օրինակ, հաշվի կառնենք հայի բնավորությունը, հայի կեցվածքը, հայի տեսակը: Ամեն ինչը հաշվի կառնենք: Որովհետեւ օրենքները՝ եվրոպական կամ չգիտեմ ամերիկական օրենքները, մեր երկիրը քանդեցին: Բա մեր հայկական օրենքներն ո՞ւր են, ինչ է, մենք հայկական օրենք չե՞նք կարող ունենալ, որ միջազգային նորմերին համապատասխան լինի, կարող ենք»:
Հովիկ Աբրահամյանի դուրս գալն անակնկալ չէր, էլի կլինե՞ն կուսակցությունը լքողներ
«Հովիկ Աբրահամյանի որոշման մեջ զարմանալի բան չկար ինձ համար: Ոչ միայն Հովիկ Աբրահամյանը, էլի մարդիկ կան, որ կարող են դուրս գալ: Ամեն մարդ ինքն է իր ճակատագրի տերը, ինքը պիտի որոշի, ես իրենց տեղը հո չեմ կարող գնահատական տալ:
Նման փոփոխություններն ավելի շահավետ էին ՀՀԿ-ի համար, քան որեւիցե մեկի համար»:
Քրիստինա Մկրտչյան