Նորություններ

«Ցավազրկող կտան ու կշարունակեն սպանել»

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց ՀՀԿ կազմից դուրս գալու մասին՝ առայժմ չհստակեցնելով՝ որ ճամբարում կշարունակի իր «ակտիվ քաղաքական» գործունեությունը:

Խմորումներ տեղի են ունենում նաև ՀՀԿ-ից դուրս, ուրվագծվող տարբեր դաշինքների շուրջ:

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը չի կարծում, որ այս պրոցեսները կարող են սկիզբը դառնալ երկրում առանցքային փոփոխությունների: ԳԱԼԱ-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ Հայաստանը խեղդամահ անող արատավոր կարգերը, ցավոք, արդեն պայմանավորված չեն այս կամ այն անհատի, կադրերի, «սերնդափոխության» և այլնի հետ:

Արմեն Հովհաննիսյան
Արմեն Հովհաննիսյան

«Սա բավական կայացած, բավական կայուն համակարգ է, որի օբյեկտիվ արդյունքը կլինի Հայաստանի պետականության վերացումը։ Եթե «հիբրիդ» կամ պսևդոդեմոկրատիկ համակարգը, օլիգարխիան, արտաքին ծայրահեղ կախվածությունը մնալու են, իսկ Ռուսաստանի դրածո իշխանությունն այլ կերպ լինել չի կարող, ապա որևէ տարբերություն չկա։ Ծայրահեղ դեպքում ցավազրկող կտան ու կշարունակեն սպանել։ «Հիբրիդ» համակարգին հարկավոր է դոմինանտ կուսակցություն, իշխանությունը պահելու և կարգավորելու մեխանիզմ։ ՀՀԿ լինի, թե «Եդինայա Ռոսիյա», թե «Յենի Ադրբեջան», տեխնիկական հարց է և կբխի կոնկրետ բուրգի վերևում գտնվող անձանց հարմարության ու օգտավետության մասին պատկերացումներից։ Տիգրան Թորոսյանն էլ ժամանակին դուրս եկավ ՀՀԿ-ից։ Դա չի որոշիչը»,- նշեց Արմեն Հովհաննիսյանը:

Հարցին, թե իրական ընդդիմադիր բևեռ ձևավորելու հնարավորություն կա՞ արդյոք առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ դատելով ընթացող ներքաղաքական ներկա զարգացումներից, Արմեն Հովհաննիսյանը նշեց.

«Ոչ, արդեն չեմ տեսնում։ Առանձին անհատներ, նույնիսկ դաշինքներում տեղավորված առանձին խմբակներ, բայց ընդդիմախոսության այդ չափաբաժինը լիովին ընդունելի է վարչախմբի համար»։

Քաղաքագետը կարծում է, որ առանց էական խախտումների իշխանություններին կհաջողվի վերարտադրվել և պահել իշխանությունը, իսկ միջազգային տարբեր կառույցներից հնչող «հաթաթաները» իրականում լուրջ ճնշման չեն վերածվի:

«Առանց խայտառակ ու սանձարձակ չարաշահումների ՀՀԿ-ն բավական հանգիստ կարող է ստանալ մինչև 35% ձայն՝ վարչական պաշար, «շրջապատ», հեղինակությունների ազդեցություն, բանակ, «սրանից վատն էլ կա» մտայնությամբ ընտրողներ։ Ներկայիս սահմանադրությունը տեսականորեն թույլ է տալիս 35% ձայնի դեպքում պահել իշխանությունը։ Հիմա թե ՀՀԿ-ն կգնա այդ ռիսկին, թե վարվելու է ինչպես միշտ… Կարծում եմ, որ ոչ մի արտաքին ճնշում որոշիչ չի լինի։ Այստեղ կյանքի-մահու հարց է… Արևմուտքը բազմիցս ճանաչել է ՀՀ կեղծված ընտրությունները, մի քիչ քննադատելով, որպեսզի վարչակարգի ամբողջական լեգիտիմացում տեղի չունենա… Հնարավոր է, որ «արմյանսկայա օբլաստ» դառնալու պարագայում այդ ներողամտությունն անիմաստ դառնա և ավելի խիստ մոտենան։ Սակայն ազգի ազատությունը կարիք չկա նման գործոններից բխեցնելը, իհարկե դրանք հաշվի առնել պետք է»,- նշում է Արմեն Հովհաննիսյանը:

ՀՀ քաղաքացու անելիքը, ըստ Հովհաննիսյանի, հետևյալն է. «Գիտակցության մեջ սպանել այս «երրորդ հանրապետություն» կոչված ֆանտոմը և պատրաստ լինել ստանձնելու երկրի համար պատասխանատվությունը։ Ամեն բան այդքան ու այդչափ միանշանակ չէ, ու, կարծում եմ, շաբաթն ուրբաթից շուտ է գալու»:

Արմենուհի Վարդանյան

Ավելին
Back to top button