ԳԱԼԱ-ին առնչվող երեք դատական նիստ տեղի ունեցավ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ԳԱԼԱ-ին առնչվող երեք դատական նիստ տեղի ունեցավ այսօր:
Առաջինը՝ ԳԱԼԱ-ի հիմնադիր Վահան Խաչատրյանն ընդդեմ նախկին ոստիկանապետ, Գյումրիի քաղաքապետարանի նախկին աշխատակից Շիրակ Շահնազարյանի գործով դատաքննությունն էր:
Հիշեցնենք, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններից առաջ՝ նախընտրական քարոզչության շրջանում, fact.am կայքը հրապարակեց մի հարցազրույց, որում Շիրակ Շահնազարյանը վիրավորող եւ զրպարտող բնույթի հայտարարություններ էր արել ԳԱԼԱ-ի հիմնադիր Վահան Խաչատրյանի հասցեին:
Այս հայցադիմումով Վահան Խաչատրյանը պահանջում է հրապարակայնորեն արտահայտած զրպարտության համար Շիրակ Շահնազարյանին քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկել:
Դատական այս նիստին պատասխանող կողմից ներկայացուցիչ չկար: Թեեւ գործում ընդգրկված փաստաբանները շատ են, սակայն նրանցից որեւէ մեկը չէր մասնակցում դատաքննությանը:
Մյուս երկուսը «Ալյանս» կուսակցության եւ Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Ալյանս»-ի ցուցակը գլխավորող Արմեն Բադալյանի հայցերն էին ընդդեմ ԳԱԼԱ-ի եւ ԳԱԼԱ-ի լրագրող Արմենուհի Վարդանյանի:
Այս գործերով դատաքննության ժամանակ բացակա էր հայցվոր կողմը:
Ուշագրավ է, որ հայցվոր կողմին դատարանը չի կարողանում պատշաճ կերպով ծանուցել դատաքննությունների վերաբերյալ, քանի որ, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել բնակության վայրի փոփոխություն, եւ հայցվոր կողմը դատարանին դեռեւս չի տեղեկացրել այդ մասին եւ տրամադրել մեկ այլ հասցե:
«Դատարանը կաշկանդված է միայն ծանուցում ապահովելով, իսկ ներկայանալը կողմի իրավունքն է, այդ թվում՝ ապացույցներ ներկայացնելը: Կողմը պարտավոր է իր ներկայացրած փաստերը հիմնավորել ապացույցներով, դատարանը՝ գնահատել: Եթե չլինեն ապացույցներ, այնքանով, ինչքանով ներկայացված է դատարանին, դատարանը կգնահատի ապացույցներն այդքանով: Հանգուցալուծումն այն է, որ միեւնույն է, դատարանը պետք է դատական ակտ կայացնի եղած ապացույցներով: Թե կներկայացնեն ապացույցներ, այդ ապացույցները նույնպես կգնահատվի: Չեն ներկայացնի, եղած ապացույցներով կհանգուցալուծվի»,- նշեց ԳԱԼԱ-ի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանը: