Նորություններ

«Հարգում ենք Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու քայլը». Ստեփան Մարգարյան

Օսկանյան-Օհանյան դաշինքի ուժերից «Համախմբում» կուսակցությունում հարգում են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու քայլը:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը:

«Ես վստահ եմ, որ Հովիկ Աբրահամյանն ինքը ելույթ կունենա, կպատճառաբանի: Ընդամենն ասում եմ, որ հարգում ենք Հովիկ Աբրահամյանի այդ քայլը եւ ընդունում ենք ի գիտություն: Մնացած ամեն ինչը, կարծում եմ, ինքը կպատճառաբանի, կբացատրի»,- ասաց Մարգարյանը՝ վերջնական չհստակեցնելով՝ Հովիկ Աբրահամյանին կընդունե՞ն արդյոք իրենց դաշինքում: Միայն ասաց, որ հիմքեր չունեն չհավատալու Հովիկ Աբրահամյանի՝ երկրում փոփոխությունների հասնելու ցանկություններին ու նկրտումներին:

«Շատերն են ուզում բան փոխել երկրում, ինչպես կարող եմ չհավատալ Հովիկ Աբրահամյանի նկրտումներին»,- ասաց Ստեփան Մարգարյանը:

Մարգարյանն ասաց նաեւ, որ այս ընթացքում իրենց դաշինքին հասարակական կազմակերպություններ են միացել, կուսակցություն է հայտարարություն արել, դեռ քննարկումները շարունակվում են, եւ սպասում են, որ նոր անդամներով կընդգրկվի դաշինքը:

«Համախմբում» կուսակցության փոխնախագահի խոսքերով՝ Գագիկ Ծառուկյանի հետ դեռ հանդիպում չեն ունեցել: Ըստ էության, նա հերքեց նաեւ այն տեղեկությունները, թե իբրեւ իրենց դաշինքը չի գործելու Ծառուկյանի հետ:

«Ծառուկյանի հետ մենք հայտարարել ենք, որ ֆորմատ կլինի, որով կհամագործակցենք: Համագործակցության տարբեր ֆորմատների հնարավորություններ կան: Մենք կարծում ենք, որ որեւէ ֆորմատով կհամագործակցենք պարոն Ծառուկյանի հետ, չենք բացառում համագործակցությունը»,- ընդգծեց Ստեփան Մարգարյանը:

Քրիստինա Մկրտչյան

Ավելին
Back to top button