Նորություններ

«Ս. Սարգսյանը պետք է բացատրի՝ ինչ ասել է զորքը և մենք պետք է պատրաստ լինենք». Արցախի ընդդիմադիր գործիչ

Երբ Ս. Սարգսյանն օրերս այցելեց Արցախ, բոլորի ուշադրությունը սևեռվեց սարգսյանական «PR արշավային լուսանկարին», երբ Ս. Սարգսյանը զինվորական ճաշարանում օգտվում է զինվորի օրապահիկից: Սակայն մեր ուշադրությունից վրիպեց նրա բացատրությունն այն հարցին, թե «ինչու է հիմա Արցախ այցելել»: Ստեփանակերտում մշակույթի գործիչների հետ հանդիպմանը բացատրել է, որ ոչ ավելի, ոչ պակաս, որ իր այս այցն Արցախ պարտադրանք էր.

«Հիմա այն ժամանակահատվածն է, երբ և՛ զորքը, և՛ բնակչությունը, և՛ ԼՂՀ քաղաքացիները պիտի պատրաստ լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու»,- ասել է Ս. Սարգսյանը:

Արդյոք Սարգսյանն ակնարկում է սպասվող լայնածավալ ռազմական գործողությունների մասին, ինչին պետք է պատրաստ լինեն քաղաքացիներն ու զորքը:

Արցախի ընդդիմադիր գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը կարծում է, որ Ս. Սարգսյանի այս ասածների տակ պարտադիր չէ հասկանալ հենց ռազմական գործողություններ, թեև պատերազմի վերսկսման վտանգ կա:

Ըստ Բադասյանի՝ Ս. Սարգսյանի հայտարարությունը միայն ենթադրությունների տեղիք է տալիս: Կոնկրետ ինքը «դժվարին ժամանակահատված» ասելով հասկանում է ՀՀԿ-ի վերընտրությունը:

Վահան Բադասյան
Վահան Բադասյան

«Մեկը կարող է ասել, որ հնարավոր է ռազմական լայնածավալ գործողություններ են սպասվում: Մեկը կարող է ասել, որ Ս. Սարգսյանը «դժվարին օրեր են սպասվում» ասելով նկատի ունի այն, որ ՀՀԿ-ի միջոցով ու արբանյակ ուժերի միջոցով է «ապահովելու» մեր դժվարին օրերը: Այսինքն Ս. Սարգսյանը հույս ունի հաղթելու և ամբողջ իշխանությունը վերցնելու իր ձեռքը, դա նշանակում է, որ իրոք մեզ դժվարին օրեր են սպասվում: Քանի որ Ս. Սարգսյանը շատ հնարավոր է, որ որոշի, ասենք, հողերը հանձնել, մեզ հանձնել և այլն, այդ դեպքում իրոք դժվարին օրեր կսպասվի մեզ համար, և իրականում կարելի է ասել, որ Ս. Սարգսյանը շատ բաց տեքստով հայտարարել է մեզ այդ մասին՝ ամենայն ազնվությամբ»,- ասում է Բադասյանը:

Ըստ Վ. Բադասյանի՝ վերջին շրջանում իշխանությունները Հայաստանում փոխել են իրենց մարտավարությունը նաև հայտարարություններում: Հրապարակային ելույթները կառուցելիս, ըստ պատգամավորի, հայտարարում են մտքեր՝ «ով ինչպես հասկացավ» սկզբունքով:

«Համեմատություն կա, որ ասում են՝ ոչ մի ճապոնացի չի տիրապետում իրենց ուղղագրությանը և լեզվին, որովհետև բարդ է: Հիմա նույնը սրանց խոսքն է, ինչպես որ Սահմանադրությունը: Սարքել են պլաստիրին, ինչպես ուզեն՝ այնպես էլ կֆռռցնեն: Նույն կերպ բանավոր խոսքն է»:

Ըստ ընդդիմադիր գործչի՝ Ս. Սարգսյանը պարտավոր է ինքը բացատրություն տալ հանրությանը, թե ինչ ասել է «պատրաստ լինել» և ինչ ասել է «դժվարին օրեր», քանի որ ՀՀ և ԼՂՀ քաղաքացին պետք է լավ իմանա՝ ինչ թակարդ են լարել իր համար իշխանությունները:

Պատգամավորը տեսնում է օբյեկտիվ պայմաններ հակամարտության գոտում իրավիճակի սրման ուղղությամբ: Ասում է՝ կան բոլոր նախադրյալները, և կան նաև լուծման եղանակները, սակայն վերնախավն ու բանակի ղեկավարությունը չեն ձեռնարկում անհրաժեշտ քայլերը:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է Ս. Սարգսյանը կիրառում է այն մեթոդը, ինչ Ալիևն է կիրառում Ադրբեջանում՝ ներքին խնդիրները լուծել արտաքին թշնամու վտանգի փաստը շահարկելով, ասենք, օրինակ, ճնշել ժողովրդի ըմբոստությունը, նպաստել, որ 1000 դրամների նախագիծը դժգոհություններ չառաջացնի, կամ էլ ի վերջո հաջող վերարտադրություն կազմակերպի, Բադասյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ Հայաստանի իշխող բանդան այդ խնդիրը չունի, քանի որ նա երբ ինչքան ցանկանա՝ խփելու է: Նա երբ ուզենա՝ 80-90 կխփի, կուզենա՝ 100 տոկոս էլ կխփի, ինչքան կուզենա կխփի և այդ խնդիրը չունի: Ալիևն ավելի մեծ խնդիր ունի, քան Սերժն այս առումով:

Եվ ես գնալով ավելի եմ համոզվում, որ մեծ վտանգ ու փորձություն ասելով Ս. Սարգսյանն ի նկատի է ունեցել 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններն ու իր հաջող վայրէջքը ՀՀ իշխանության ղեկին: Այնպես որ, լավ կլինի հենց ինքը՝ Ս. Սարգսյանը, բացատրի իր խոսքերը, թե մենք ինչին պետք է պատրաստ լինենք»:

Քրիստինա Մկրտչյան

Ավելին
Back to top button