Սպորտ

Վիճակագրություն, մարզավիճակ, տակտիկական խնդիրներ. «Բարսելոնա»-«Ռեալ» խաղի անոնսը

Պրիմերայի 14-րդ տուրում կկայանա առաջնության ամենասպասված երկու հանդիպումներցի առաջինը: «Էլ Կլասիկոյի» շրջանակում «Բարսելոնան» կընդունի «Ռեալին»: Ներկայացնում ենք պատմական մրցակցության անոնսը:

Իսպանիայի առաջնություն. 14-րդ տուր
Բարսելոնա, «Նոու Կամպ» մարզադաշտ, 03.12.2016, ժամը՝ 19:15
«Բարսելոնա» – «Ռեալ»
Մրցավար՝ Կարլոս Կլոս Գոմես

Պատմությունը վիճակագրությամբ

«Բարսելոնան» ու «Ռեալը» պաշտոնական խաղերում հանդիպել են 235 անգամ (ևս 31 անգամ ընկերական խաղերում, որոնցում «կապտանռնագույններն» ահռելի առավելություն ունեն): Այդ 235 հանդիպումներում 94 անգամ հաղթել է «Ռեալը», 48 մրցավեճ ավարտվել է ոչ-ոքի արդյունքով, 93 անգամ էլ առավելության է հասել «Բարսելոնան»: «Արքայական ակումբը» խփել է 393 գնդակ, իսկ կատալոնացիները՝ 376:

Իսպանական ֆուտբոլի գրանդների հավերժ դիմակայությունը գրեթե հավասար ընթացք ունի նաև Իսպանիայի առաջնությունների շրջանակում: Պրիմերայում նրանք մրցել են 174 անգամ, 72 խաղում հաղթել է «Ռեալ», 32 հանդիպում ավարտվել է խաղաղ ելքով, 70 անգամ հաջողության է հասել «Բարսելոնան»: «Սերուցքայինները» խփել են 280 գոլ, իսկ «կապտանռնագույները»՝ 273:

Կատալոնական թիմը սեփական հարկի տակ խաղերում («Լես Կորտս» և «Կամպ Նոու» մարզադաշտեր) «Ռեալի» դեմ բոլոր մրցաշարերում 110 խաղ է անցկացրել, որոնցից 62-ում հաղթանակ է տոնել:

Մարզավիճակը

«Ռեալը» վերջին 11 խաղում 10 հաղթանակ է տոնել և գտնվում է հոգեբանական լավ վիճակում: Սակայն այդ հաղթանակներից միայն մեկն է տարվել լուրջ մրցակցի՝ «Ատլետկոյի» նկատմամբ արտագնա խաղում (3:0): Ինչ-որ տեղ կարելի է հիշատակել նաև «Ատլետիկի» դեմ տնային և Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ արտագնա հանդիպումենրում 2:1 հաշվով հաղթանակները, որոնցում մադրիդցիները առանձնապես չեն տպավորել: Թիմի ոչ այնքան հաջող խաղի մասին մի քանի անգամ խոսել է նաև «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

«Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանում լուրջ խնդիրներ ունի ոչ այնքան ուժեղ մրցակիցների հետ խաղերին տրամադրվելու հարցում: Դա երկրպագուների համար ազդանշան է Չեմպիոնների լիգայի գավաթը համար պայքարելու նպատակի շուրջ: Վերջին 2 ամիսներին կատալոնացիների լավագույն հանդիպումները, որոնցում նրանք բոլոր 90 րոպեները միտված են եղել պայքարի, գրանցվել են համեմատաբար ուժեղ մրցակիցների դեմ հանդիպումներում («Սևիլյա», «Մանչեսթեր Սիթի», «Վալենսիա»): Դա խոսում է այն մասին, որ «Ռեալի» հետ մրցավեճում Լուիս էնրիկեի թիմն ամենայն հավանականությամբ շատ ավելի հաջող հանդես կգա, քան նույն «Ռեալ Սոսյեդադի» դեմ առաջնության վերջին խաղում էր: Բացի այդ, սա «կլասիկոն» է, որի մասին ընդունված է ասել. «Այն դուրս է մրցաշարային աղյուսակի համար պայքարից և թիմերի մարզավիճակից»: Երկու թիմերն էլ ձգտելու են տարվա լավագույն խաղն անցկացնել:

Կադրային իրավիճակ

«Բարսելոնայի կազմում վնասվածքից ապաքինվել է Անդրես Ինյեստան, ինչն այդ թիմի երկրպագուների համար հիասքանչ նորություն է: Թիմի ավագի բացակայության ժամանակ խաղարկողի դիրքում մի քանի տարբերակներ են փորձարկվել, սակայն Լուիս Էնրիկեն այդպես էլ վերջնական ընտրություն չկատարեց: Վերջին խաղերում «Բարսելոնայի» միջին գծում խաղում էին Բուսկետսը, Ռակիտիչը և Անդրե Գոմեշը: Պորտուգալացին կազմակերպչական խաղում ընդհանրապես չտպավորեց և հաստատեց, որ նույնիսկ երկար ժամանակ բացակայած Ինյեստան ավելի նախընտրելի տարբերակ է:

«Կապտանռնագույնների» կազմում հարցականի տակ է նաև ձախ պաշտպան Ժորդի Ալբայի բացակայությունը: Եթե նա չկարողանա խաղադաշտ դուրս գալ, նրան կփոխարինի Լյուկա Դինը: «Էլ Կլասիկոյին» չի մասնակցի նաև Ժերեմի Մատյոն, ով վնասվածքից ապաքինվելուց հետո կրկին շարքից դուրս է մնացել: Փոխարենը ապաքինվել է Սամուել Ումտիտին:

«Ռեալի» կազմում կորուստներն ավելի լուրջ են: Մեկնարկային կազմի ֆուտբոլիստներ Տոնի Կրոսն ու Գարեթ Բեյլը երկար ժամանակով շարքից դուրս են մնացել: Նրանց կփոխարինեն, համապատասխանաբար, Մատեո Կովաչիչն ու Լուկաս Վասկեսը: Ալվարո Մորատան նույնպես վնասվածք ունի և խաղադաշտ դուրս չի գա: Նույնը նաև Ֆաբիու Կոենտրաուն:

Սեպտեմբերի կեսերից վնասվածքից ապաքինվող Կազեմիրոն «Կուլտուրալ Լեոնեսայի» դեմ գավաթային խաղում վերջապես խաղադաշտ մտավ, սակայն ամենայն հավանականությամբ Զիդանը միջին գծում նախապատվությունը կտա վերջին խաղերում ստուգված Մոդրիչ-Կովաչիչ-Իսկո եռյակին:

Հավանական կազմերը

«Բարսելոնա»

Տարբերակ 1.

Տեր Շտեգեն, Ռոբերտո, Պիկե, Մակսերանո, Ալբա, Բուսկետս, Ռակիտիչ, Ինյեստա, Մեսսի, Սուրաես, Նեյմար

Տարբերակ 2. Եթե վնասվածքները խանգարեն Ինյեստային ու Ալբային.

Տեր Շտեգեն, Ռոբերտո, Պիկե, Մասկերանո, Դին, Բուսկետս, Ռակիտիչ, Դենիս Սուարես, Մեսսի, Լուիս Սուրաես, Նեյմար

«Ռեալ»

Մադրիդցիների կազմը նշելիս «Աս» պարբերականը հրապարակել է տեղեկություն, ըստ որի Զինեդին Զիդանն նախընտրած կազմն այնքան ակնհայտ է, որ նա որոշել է մեկ օր շուտ այդ մասին հայտնել.

Նավաս, Կարվախալ, Վարան, Ռամոս, Մարսելո, Կովաչիչ, Մոդրիչ, Իսկո, Վասկես, Ռոնալդու, Բենզեմա

Ինչ է պետք«Բարսելոնային» խաղային խնդիրները վերացենլու համար և ինչպես կգործի «Ռեալը»

«Բարսելոնան» վերջին ամսվա ընթացքում լուրջ խնդիրներ ուներ մրցակցի բարձր պրեսինգի պատճառով: Մասնագետները դրա հիմնական պատճառը կապում են Բուսկետսի ոչ այնքան լավ մարզավիճակի, ինչպես նաև վերջինիս աշխատանքի ավելացման հետ: Կատալոնացիներն ընթացիկ մրցաշրջանում մրցակցին պրեսինգի ենթարկելու գործում նախորդ տարվա 4-3-3 դասավարությունից անցել են 4-4-2 տարբերակին, որում առջևի գծում գործող Մեսսին ու Սուարեսը պետք է առաջինը սկսեն գնդակին տիրող մրցակցի պաշտպանների և դարպասապահի վրա հարձակումը (Նեյմարը պաշտպանվելու ժամանակ գրեթե կիսապաշտպանի է վերածվում): Արգենտինացու և ուրուգվայցու մոտ դա այդքան էլ լավ չի ստացվում, քանզի նրանք ծերացող օրգանզիմի պատճառով ուժեր խնայելու կարիք են զգում: Նախորդ մրցաշրջանում Սուարեսը պրեսինգի գործոնում շատ ավելի ակտիվ էր:

Այդ երկու ֆուտբոլիստների պասիվությունն ավելացնում է կիսապաշտպանների աշխատանքը, ինչն ազդում է միջին գծի ֆուտբոլիստների կոմպակտ խաղի վրա: Սակայն կարելի է ենթադրել, որ Սուպերլասիկոյում պրեսինգի ենթարկելու հարցում գերմոտիվացված Մեսսին ու Սուարեսն ուժեր չեն խնայի և «Ռեալի» պաշտպաններին ազատ փոխանցում կատարելու հնարավորություն քիչ կտան: Դրա հետևանքով կթեթևանա թիմի առանցքային խաղացող Բուսկետսի աշխատանքը, ինչը կարող է ահռելի նշանակություն ունենալ դաշտի կենտրոնի համար պայքարում:

«Ռեալը» Բեյլը բացակայության պարագայում ավելի պաշտպանողական մարտավարությամբ կխաղա, որը նման կլինի 4-4-2-ին՝ Ռոնալդուն ու Բենզեման առջևի գծում: Լուկաս Վասկեսը որքան էլ ուելսցուն փոխարինելու է աջ հարձակվողի դիրքում, միևնույն է նա ահռելի աշխատանք պետք է կատարի պաշտպանողական գործողությունների ժամանակ և նրա դիրքը նման կլինի կիսապաշտպանինի:

Ընդհանուր առմամբ «Ռեալի» տակտիկան ենթադրելու է արագ հակագրոհներ, սակայն Մոդրիչ վերադարձից հետո մադրիդցիները կրկին գրեթե խնդիրներ չունեն գնդակի վերահսկման գործուծ: Հետևաբար «Մադրիդը» տակտիկական երկու տարբերակ է պատրաստել և կգործի ըստ անհրաժեշտության: Նրանք այդ գործոնում կախվածություն չունեն հարձակվողների խաղի ստացվել-չստացվելուց:

sport.times.am

Ավելին
Back to top button
Close