Սպորտ

Մի՞թե «Բարսելոնայի» իսպանական իշխանությունն ավարտվում է

Գաղտնիք չէ, որ «Բարսելոնան» այժմ լավագույն օրերը չի ապրում։ Իսպանիայի առաջնության նախկին առաջատարի երկրպագուները վերջին շրջանում դժվարությամբ են հետևում խաղերին: «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում վաստակած 1 միավորը  և «Էրկուլեսի» հետ գավաթային հանդիպման ոչ-ոքին (թեկուզ ոչ մարտական կազմով) հիասթափության վերջին ալիքն էր:

«Հետո ի՞նչ։ Բոլորն էլ թույլ շրջան են ունենում»,- կասեք դուք:

Այո՛, բայց «Բարսա» կոչվող մեքենայի դեպքում նման վարքագիծը չի կարող նորմալ համարվել: Առավել ևս «Ռեալի» դեմ խաղից առաջ, քանի որ մադրիդցիները, չնայած պարբերական վնասվածքներին, բավականին ինքնավստահ ելույթներ են ունենում:

Լուիս Էնրիկեն նույնպես զգում է, որ գործերը վատ են: Չնայած նրան, որ ընթացիկ առաջնությունում իր թիմն արդեն միավորներ կորցրել էր, հենց «Ռեալ Սոսյեդադի» հետ ոչ-ոքին առաջին դեպքն է, որ կատալոնացիներին հաղթեցին մակարդակով: Չափազանցությո՞ւն, թե՞ գալիք ճգնաժամի գիտակցում: Մի՞թե այդ հանդիպումն ավելի վատն էր, քան Սուպերգավաթի խաղում «Ատլետիկից» 0։4 հաշվով կրած պարտությունը։ Էնրիկեն կարծում է, որ դա վատագույն հանդիպումն էր։

«Նրանք պարզապես գերազանցեցին մեզ, նրանք լավագույնն էին բոլոր դիրքերում: Սա ակումբում եղածս ժամանակահատվածի վատագույն խաղն էր։ Մենք սարսափելի էինք աշխատում գնդակի հետ, չէինք կարողանում 5 փոխանցում կատարել ու նույնիսկ ոչ-ոքիի համար չխաղացինք: Մենք կարող էինք հաղթել, բայց դա բացարձակապես անարժան հաղթանակ կլիներ»,- ասել է Էնրիկեն։

Միայն մտածեք՝ որքա՞ն հաճախ է «թրեբլ» ձևակերպած մարզիչը բարձրաձայն քննադատում իր սաներին՝ այն էլ մրցաշրջանի կարևորագույն խաղից ընդամենը մի քանի օր առաջ:

Սակայն Էնրիկեն միակը չէր, որ ոչ-ոքիից հետո զայրացավ։ Ժերար Պիկեն խոստովանեց, որ «խաղը ձախողված էր, իսկ ֆուտբոլիստների վերաբերմունքը՝ սխալ»:

«Նման խաղով այս մրցաշրջանում ոչինչ չենք նվաճի: Ամենավատն այն է, որ «Ռեալ Սոսյեդադը» հաղթական էր տրամադրված, իսկ մենք՝ ոչ: Իմ կարիերայի ընթացքում հազվադեպ եմ ուրախ լինում մեկ միավորի համար, բայց հիմա հենց այդ պահն է: Ի դեպ, մեր խաղամակարդակը հաշվի առնելով՝ աղյուսակի տեսքն ինձ այնքան էլ չի անհանգստացնում»,- ասել է Պիկեն։

Անգամ կատալոնական պարբերականները, որոնք «Բարսելոնային» «ատամներով պաշտպանելու» սովորություն ունեն, չներեցին իրենց հերոսներին․ «Հրաշքով հասնել ոչ-ոքիի», ««Բարսան» միանշանակ պարտված է» վերնագրերով հրապարակումները դրա վառ ապացույցն էին։

Մինչդեռ մայրաքաղաքում միանգամայն այլ տրամադրություն է: «Արքայական ակումբի» երկրպագուները չեմպիոնության մասին չեն խոսում, բայց նման մտքեր հաստատ կան, նրանք ինքնավստահ են ինչպես երբեք: Նրանց թիմն առաջատար է ու թվում է՝ մի ամբողջ հավերժություն չի պարտվել:

Սակայն «Ռեալի»՝ շատերի համար անսպասելի հաջողությունն այնքան հետաքրքիր չէ, որքան այն փաստը, որ դա կանխատեսել էր Չիլիի հավաքականի նախկին ու «Սևիլյայի» այսօրվա մարզիչը: Խոսքը Խորխե Սամպաոլիի մասին է: Նա ամիսներ առաջ ասել էր, որ իրեն մշտապես տպավորած «Բարսելոնան» խնդիրներ կունենա․

««Բարսելոնան» վտանգավոր ուղղությամբ է շարժվում: Նրանք վերածվել են այնպիսի թիմի, որին շատ հեշտ է որսալ հակագրոհների ժամանակ: Շատ դյուրին է դարձել գնդակ խփել նրանց: Թիմը սկսել է մեծ կախվածություն ունենալ անհատ ֆուտբոլիստներից, նրանց անհատական վարպետությունից։ Խնդիրները խորքային են, իսկ կատալոնացիների պաշտպանությունը խոցելի է, ինչպես երբեք»,- ասել էր Սամպաոլին։

Չնայած Սամպաոլին դեռ ապրիլին էր այդ եզրակացությանը հանգել, ասվածն արդիական է հիմա: «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը, «Սելտայի» հետ խաղում գրանցած 4:3 հաշիվը, «Մալագայի» հետ չոր ոչ-ոքին, Սան-Սեբաստյանի դժգույն խաղը ցույց են տալիս, որ ակումբը ճգնաժամի մեջ է:

Մինչ «Բարսելոնան» փորձում է գլուխ հանել սեփական խնդիրներից, «Ռեալը» պարզապես կարիք ունի շարունակելու խաղալ նույն ձևով՝ գուցե ոչ միշտ գրավիչ, բայց արդյունավետ: Վերջնականապես չեմպիոնական հնարավորություններն ամրապնդելու համար մեկ կարևոր քայլ է մնացել՝ դեկտեմբերի 3-ին կայանալիք Կլասիկոն։ Կատալոնացիները զգուշանում են նոր ձախողումներից, իսկ Ռոնալդուն ու թիմակիցները փորձում են վերջանականապես լռեցնել իրենց անընդհատ քննադատողներին։

Արդեն հիշեցինք «Սևիլյայի» արգենտինացի մաեստրոյի կատալոնական կանխատեսումը, իսկ վերջում նշենք Զիդանի մասին ասվածը.

«Զիդանի ֆուտբոլն ինձ զարմացնում է։ Զարմանալի է հատկապես այն, թե նա ինչպես է իր սաներից կարողանում առավելագույնը ստանալ: «Ռեալի» բյուջեի, անցյալի ու գործի մոտեցման վրա հիմնվելով՝ առանց որևէ կասկածի կարող եմ ասել, որ նրանց աստղային ժամը եկել է: Եթե նրանք շարունակեն նույն ոգով խաղալ, կարող են վերացնել «Բարսելոնայի» իշխանությունը ու նոր դարաշրջանի՝ «Ռեալի» դարաշրջանի սկիզբը դնել»:

Շուտով կիմանանք, թե Սամպաոլին որքանով է ճիշտ երկրորդ կանխատեսման դեպքում: Կլասիկոն ցույց կտա՝ արդյո՞ք չեմպիոններն իսկական ճգնաժամի առաջ են կանգնած և արդյո՞ք նրանց գլխավոր մրցակիցը պատրաստ է պատվով կրել առաջատարի կոչումը։

sport.times.am

Ավելին
Back to top button