Նորություններ

«Սա կարող է առիթ հանդիսանալ ՌԴ կողմից Ադրբեջանին նոր սպառազինության վաճառքի»

ԳԱԼԱ-ի հարցազրույցը ԼՂ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հետ:

Պարոն Խանումյան, երեկ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանը և ՌԴ ՊՆ Ս. Շոյգուն ստորագրել են հայռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիր: Ըստ համաձայնագրի՝ Հայաստանը և Ռուսաստանը ստեղծում են զինված ուժերի միացյալ զորախումբ, և կնքված համաձայնագրով է կարգավորվում զորախմբի գործունեությունը: Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է այս նախաձեռնությունը: Դուք ինչպե՞ս եք վերաբերում միացյալ զորախումբ ստեղծելու գաղափարին:

— Հայաստանը վաղուց անդամակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, և միացյալ զորախումբ ստեղծելը բխում է այս կազմակերպության տրամաբանությունից: Հետևաբար այս հարցի շուրջ վերաբերմունք հայտնելիս պետք է նախևառաջ կարծիք հայտնել Հայաստանի անվտանգության համակարգի ընտրության շուրջ: Սա բավականին նուրբ թեմա է, ինչը ենթադրում է լուրջ ուսումնասիրություններ և մասնագիտական քննարկումներ:

Պարոն Խանումյան, համաձայնագրում ամբողջ ինտրիգը թերևս այս ձևակերպման մեջ է, որ սպառնալից կամ պատերազմական իրավիճակներում զորախումբը ենթակա է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարին կամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ կախված իրավիճակից: Այս հարցը որոշվելու է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների համաձայնությամբ: Պատերազմական շրջանում զորախմբի բոլոր ուժերն անմիջականորեն ենթակա են միացյալ զորախմբի հրամանատարին: Այս ձևակերպումը մտահոգի՞չ է, ըստ Ձեզ:

Հայկ Խանումյան

— Միացյալ զորախմբի տրամաբանությունն էլ դա է, որ պետք է ենթարկվի կողմ հանդիսացող երկրներին հավասարապես: Սպառնալիքն այն է, որ այս դեպքում Հայաստանը կարող է ներքաշվել իր շահերից չբխող ռազմական բախման մեջ: Բայց միևնույն ժամանակ Ռուսաստանը նույնպես տեսականորեն կարող է Հայաստանի կողմից ներքաշվել ռազմական կոնֆլիկտի մեջ, որի մասնակիցը չէր ուզենա դառնալ:

րոշ շրջանակներ համարում են, որ Երևանն այս քայլով ինքնիշխանության նոր տարր է զիջում Մոսկվային: Դուք և՞ս այդպես եք կարծում:

-Դաշինքների անդամակցությունն ինքնին ենթադրում է ինքնիշխանության որոշակի պատվիրակում դաշնակցային մարմիններին:

Պարոն Խանումյան, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը գտնում է, որ համատեղ զորախումբը հիմնականում կգործի Թուրքիայի կողմից անակնկալ գործողությունների դեպքում, իսկ այ, օրինակ, Ադրբեջանի ոտնձգությունների դեպքում հայկական կողմը չպետք է սպասի ռուսական կողմի թույլտվությանն, ասենք, պաշտպանվելու համար: Ո՞րն է Ձեր գնահատականը:

— Կարծում եմ, որ զորախումբը, ինչպես նաև ՀԱՊԿ-ն ամբողջությամբ, կգործի նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանների շուրջ առաջացած կոնֆլիկտների դեպքում: Չեմ կարծում, որ այն կարող է միջամտել հայ-ադրբեջանական հակամարտությանը: Իզուր չէ, որ այդ միացյալ զորախմբի կազմմանը մասնակցել է ՀՀ այն բանակային կորպուսը, որը պատասխանատու է երկրի արևմտյան սահմանի պաշտպանության համար:

Ադրբեջանում կարծես թե դժգոհ են և պահանջում են վերանայել ադրբեջանառուսական հարաբերությունները: Ընդ որում, դա պահանջում են իշխող կուսակցության ներկայացուցիչ պատգամավորները: Պատճառներից մեկը հենց համաձայնագրի ստորագրումն է: Դժգոհում են նաև, որ Ռուսաստանն «Իսկանդեր» է վաճառել հայկական կողմին: Կարո՞ղ է սա առիթ հանդիսանալ ադրբեջանական հերթական ագրեսիայի:

-Ավելի շուտ, սա կարող է առիթ հանդիսանալ ՌԴ կողմից Ադրբեջանին նոր սպառազինության վաճառքի: Նման հիստերիկ արձագանքները, սովորաբար, բերում են սպառազինությունների առքուվաճառքի վերաբերյալ նոր բանակցությունների:

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Ավելին
Back to top button