Միջազգային մամուլի տեսություն

Ասադի վարչակազմի եւ սունիների անհամատեղելիությունը

«Դաժան ռմբահարումները եւ Իրանի կողմից նախաձեռնած «սովամահ անելու» մարտավարությունը նշանակում են, որ ապստամբների հսկողության տակ գտնվող Հալեպի արեւելյան մասը շուտով Բաշար Ասադը կգրավի: Շուրջ 6 տարվա պատերազմից հետո դա կարող է վերջ դնել սունի մեծամասնության՝ Ասադի վարչակարգի դեմ տարվող պայքարին: Սակայն այդ ավերակների վրա չի լինի ոչ կայունություն, ոչ էլ խաղաղություն»,- պնդում է The Financial Times-ի սյունակագիր Դեյվիդ Գարդները:

«Այն ժամանակաշրջանից, երբ 2011թ.-ին սկսվեց քաղաքացիների ապստամբությունն Ասադի վարչակարգի դեմ, արտաքին ուժերին չհաջողվեց այդ երկրում ապահովել միասնություն կամ մեղմել ժողովրդի տառապանքները: Սակայն, երբ արտաքին ուժերը, ներառյալ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, Սաուդյան Արաբիան եւ Քաթարը, հասկացան, որ ժամանակն է մի կողմ դնել տարաձայնությունները եւ ջիհադիստների իշխանության գալու սպառնալիքի տակ աջակցել Ասադի վարչակազմ կոչվող «չարյաց փոքրագույնին», Սիրիայում եւ շրջակա տարածքներում  նրանք ձախողվեցին»,- նշում է հոդվածագիրը:

Գարդները գրում է. «Մերձավոր Արեւելքի արտաքին խաղացողներից շատերն օգնեցին «ջինի շշից» դուրս բերել արմատական իսլամը: Ասադի ռեժիմը նույնպես կապ ունի դրա հետ, սունի մեծամասնությունից վախենալով՝ իշխանությունները բանտից ազատ արձակեցին հարյուրավոր ջիհադիստների: Սակայն վարչակազմը չի կարող իր վրա վերցնել ջիհադիզմը խթանելու պատասխանատվությունը»:

«Բախվելով Իրաքում առկա քաոսին՝ ԱՄՆ-ն եւ նրա արեւմտյան դաշնակիցները կոչ արեցին «գահընկեց» անել Ասադին, սակայն ապստամբներին չտվեցին միջոցներ, որպեսզի դա իրականացնեին՝ նպաստելով վակուումի ստեղծմանը, ինչից օգտվեցին ջիհադիստները: Քանի դեռ Ասադի վարչակազմը մնում է, անգամ Ռուսաստանի եւ Իրանի հովանավորյալի տեսքով, դա ընդդիմանալու առիթ է սունի ապստամբների համար: Սիրիայում եւ հարեւան երկրներում ստեղծված իրավիճակում դեռ երկար ժամանակ իրենց մասին կհիշեցնեն ահաբեկիչ նորակոչիկները, իսկ այդ վարչակազմը հիշվելու է կրոնական մոլեռանդությամբ այրվող հուսահատ ծայրահեղականներ ի հայտ բերելու կարողությամբ»,- գրում է հեղինակը:

Աղբյուր՝ The Financial Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Ավելին
Back to top button