Գերմանական հատուկ ծառայությունում աշխատող իսլամիստ է բացահայտվել, ով ահաբեկչություն է ծրագրել

«Գերմանիայի սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայությունում աշխատող իսլամիստ է բացահայտվել»,-գրում է Bild-ը:
«Խոսքը վերաբերում է ԳԴՀ 51-ամյա մի քաղաքացու, ով կեղծ անվան տակ իսլամիստական քարոզչություն է իրականացրել համացանցում, նաեւ գաղտնի տեղեկատվության արտահոսք է թույլ տվել: Հակահետախուզական ծառայության աշխատակիցները «խլուրդին» հետեւել են մեկ ամիս: Նա ծառայությունում աշխատում է մոտ 1 տարի, ընդունելության, ուսուցման եւ աշխատանքի ժամանակ անսովոր վարք չի դրսեւորել»:
Գերմանական Die Welt պարբերականի տեղեկացմամբ, տղամարդը խոստովանել է, որ ծրագրել է ծառայության շենքում ահաբեկչություն իրականացնել պայթուցիկի կիրառմամբ: «Այդ ահաբեկչությունը կլիներ Ալլահի կամքով»,-ասել է իսլամիստը:
Արդեն ձերբակալման օրդեր է տրվել, հետաքննությունն իրականացնում է Դյուսելդորֆի դատախազությունը:
Բունդեսթագի խորհրդարանական հանձնաժողովի անդամները տարակուսանք են հայտնել, եւ նշել, որ դա վիրավորանք եւ անպատկառություն է սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության կողմից, որ իրենք այդ լրջագույն միջադեպի մասին տեղեկանում են ԶԼՄ-ներից: «Ծառայության ղեկավար Մաասենը պետք է բացատրություն տա, թե ինչու է այդ մասին առաջինը հայտնել ոչ թե վերահսկող օրգանին, այլ լրատվամիջոցներին»,- ասել են հանձնաժողովականները:
Աղբյուր՝ Bild
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան