Միջազգային մամուլի տեսություն

Խաղ կրակի հետ. ՌԴ պայմանագրային զինծառայողները՝ երկրի սահմաններից դուրս

«Ցամաքային ռազմական գործողությունները հսկայական ռիսկ են պարունակում Կրեմլի համար»,- գրում է Der Standard-ի հրապարակախոս Անդրե Բալլենը:

«Մոսկվան վտանգավոր խաղ է ձեռնարկել՝ օրինագիծ, որը թույլ կտա ռուսաստանցի պայմանագրային զինվորականներին եւ պահեստազորի ծառայողներին պայմանագրեր կնքել ՌԴ սահմաններից դուրս ռազմական գործողություններին մասնակցելու համար: ՌԴ իշխանություններն այդ կերպ կարող են ձեռքերին ազատություն տալ եւ ընդլայնել ռազմական ներկայությունը Սիրիայում եւ այլ թեժ կետերում»,-նշում է հեղինակը:

«Մինչ օրս Ռուսաստանի ռազմական միջամտությունն այդ մերձավորարեւելյան երկրում սահմանափակվում էր միայն օդային հարվածներով եւ ռազմական խորհրդատուների ներկայությամբ»:

«Վերջին շրջանում Մոսկվայում ավելի ու ավելի բարձրաձայն են հնչում մտքեր, որ Ասադին միայն օդային աջակցություն ցուցաբերելով հնարավոր չէ հաղթել պատերազմում: Սակայն ցամաքային ուժերի տեղակայումը Սիրիայում չափազանց ռիսկային քայլ կլինի Կրեմլի համար. զոհերի թիվը կտրուկ կավելանա, ինչպես Աֆղանստանում եւ Չեչնիայում»:

«Որպեսզի ռուսաստանցիների մոտ ցավալի հիշողություններ եւ ծանր մտայնություններ չառաջանան կապված աֆղանական երկարատեւ պատերազմի հետ, որը բազմաթիվ զինվորականների կյանք խլեց, Պուտինը մշտապես ընդգծում է, որ Մոսկվան պատրաստ է սիրիական ռեժիմին միայն օդային աջակցություն ցուցաբերել: Սակայն նոր օրինագիծը նախանշան է, որ Սիրիայում հետագա էսկալացիան անխուսափելի է»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ Der Standard

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան 

Back to top button