ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ՝ ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ

Հնարավոր չէ խաղաղության հասնել մեկ մարդու ջանքերով, յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի և կրի այդ պատասխանատվությունը

Երևանում էին «Երկնային Մշակույթ, Համաշխարհային Խաղաղություն, Լույսի Վերականգնում» կորեական կազմակերպության անդամները, ովքեր համախմբվել են մեկ նպատակի շուրջ՝ հաստատել խաղաղություն աշխարհում և դեմ հանդես գալ պատերազմներին:

Դա միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը գրանցված է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունում: Այն իր գործունեությունը սկսել է 2012թ.-ին Հարավային Կորեայում՝ նպատակ ունենալով հաստատել խաղաղություն ամբողջ աշխարհում: Միջազգային իրավունքի մասնագետների մի շարք հանդիպումներից և քննարկումներից հետո 2016թ. մարտի 14-ին ընդունվել է Խաղաղության հաստատման և պատերազմի դադարեցման հռչակագիրը:


Այս հռչակագիրն արդյունք է շուրջ 20 երկրների տարբեր մասնագետների աշխատանքի: Ըստ կազմակերպության հանրային կապերի մասնագետի՝ որպեսզի հասնեն խաղաղության, պետք է նախևառաջ դադարեցվեն պատերազմները, որից և առաջանում են մնացած բոլոր խնդիրները: Այդ հռչակագիրը կստիպի բոլոր երկրներին գործել հանուն խաղաղության:

Խաղաղության հաստատման և պատերազմների դադարեցման հռչակագիրն արդեն իսկ ստորագրվել է 90 երկրների արտգործնախարարների և նախագահների, այդ թվում նաև Հայաստանի կողմից:

Կազմակերպության անդամները կայցելեն նաև Եգիպտոս, որտեղ կկազմակերպվեն տարբեր մակարդակների հանդիպումներ: Իրենց ուղևորությունները նրանք կշարունակեն այնքան ժամանակ, մինչև կհասնեն հանրության միասնականությանը, կիրագործեն իրենց հիմնական նպատակը՝ խաղաղության հաստատումն ամբողջ աշխարհում:

Back to top button