Միջազգային

Գերմանիայում ընդդեմ իսլամիստների լայնածավալ գործողություններ են սկսվել

Գերմանիայի տարբեր շրջաններում հարյուրավոր ոստիկանների մասնակցությամբ լայնածավալ գործողություններ են սկսվել ընդդեմ արմատական իսլամիստների, հաղորդում է BBC-ին: Ավելի քան 200 բնակարաններում եւ գրասենյակներում խուզարկություններ են կատարվել:

Արգելվել է սալաֆիթյան ուղղության իսլամիստների «Ճշմարիտ կրոն» կազմակերպության գործունեությունը, որը զբաղվում էր մարդկանց հավաքագրելու եւ «Իսլամական պետության» շարքերն ընդգրկելու գործով:

Հատուկ ծառայություններն առայժմ տեղեկությունների չեն տիրապետում, թե կազմակերպության անդամներն ահաբեկչական հարձակումներ նախապատրաստե՞լ են երկրի տարածքում:

«Արմատական իսլամի ուղերձը հստակ է: Մենք չենք հանդուրժի ծայրահեղականներին, ովքեր հավաքագրում են մարդկանց եւ ուղարկում ջիհադի»,-հայտնել է Հեսսեն երկրամասի ՆԳ նախարար Պետեր Բոյթը:

Գերմանիայի իշխանությունների տվյալներով, մինչ այս պահը շուրջ 900 մարդ մեկնել է երկրից, որպեսզի Սիրիայում եւ Իրաքում համալրի «Իսլամական պետության» շարքերը:

 Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button