ԱԳՆ-ն բողոքարկել է ՀԿ-ի հայցով դատարանի որոշումը

Ինչպես արդեն հայտնել էինք, դեռևս 2015 թվականին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ՀՀ վարչական դատարան հայց էր ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ Արտաքին գործերի նախարարության՝ պահանջելով հրապարակել (տրամադրել) Հայաստան-ԵՄ Ասոցացման ու խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի գոնե մի հատվածը (որը վերաբերում է սակագնային կարգավորումներին):
Արտաքին գերատեսչությունն, իր հերթին, պնդում էր, որ պայմանագիրը դասվել է ծառայողական գաղտնիքի ցանկին, քանի որ դրա հրապարակումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության կենսական շահերին:
Վարչական դատարանը՝ դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, բավարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» հայցը՝ պարտավորեցնելով ԱԳՆ-ին՝ հրապարակել համաձայնագրի նշված դրույթների լուսապատճենները և հատուցել դատական ծախսերը:
Սակայն, Արտաքին գործերի նախարարությունն, իր հերթին, չհամակերպվելով տապալված համաձայնագրի մի մասը հանրությանը ներկայացնելու մտքի հետ, վարչական դատարանի վճիռն օրերս բողոքարկել է վարչական վերաքննիչ դատարան՝ փորձելով հնարավորինս հետաձգել կարևորագույն այդ համաձայնագրի դրույթները հանրությանը ներկայացնելու պահը:
Հիշեցնենք, որ Ասոցացման ու խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները տևեցին 3 տարուց ավելի, այն վերջնական համաձայնեցվեց 2013 թվականի օգոստոսին և տապալվեց Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի Մաքսային Միությանը և ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին հայտարարությամբ, քանի որ ԵԱՏՄ-ին անդամակցումը ենթադրում է, որ պետությունն այլևս չի կարող ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականություն վարել:
Ու թեև այժմ Հայաստանը Եվրոպական Միության հետ տանում է բանակցություններ՝ նոր համաձայնագրի վերաբերյալ, սակայն դրանք չեն վերաբերում սակագնային կարգավորումներին (որոնք հակասում են ԵԱՏՄ-ին): Հետևապես այդ կարգավորումներին վերաբերող՝ տապալված համաձայնագրի դրույթները պատմություն են, որի մասին քաղաքացիները պետք է իրազեկվեն:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»