Նորություններ

«Հայ կանանց ճակատը», ի պաշտպանություն Սասնա ծուռ Հ. Հարությունյանի, բողոքի ակցիա է անցկացրել

«Հայ կանանց ճակատը», ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի, մայրաքաղաքում այսօր բողոքի ակցիա է իրականացրել:

«Հայ կանանց ճակատի» համակարգող Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, այսօր կայացավ «Հայ կանանց ճակատի» ակցիան Էրեբունի հիվանդանոցի մոտ: Ողջ տարածքը լցված էր ոստիկանական հաշվարկներով: Նրանց հավանաբար խուճապի էր մատնել մեր հայտարարության ՊՊԾ հապավումը:

Մեզ ընդառաջ եկավ հիվանդանոցի տնօրեն Միքայել Մանուկյանը, ով ներկայացրեց մասնագիտական բացատրություն: Ասաց, որ Հովհաննեսի ոտքը չի կտրվելու: Դա բացառվում է: Ես նշեցի Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակից բժշկուհու կարծիքը, տնօրեն-բժիշկը ասաց, որ բաց է այդ հարցը նրա հետ քննարկելու համար: Ուստի պետք է ջանանք հաղորդակցություն ստեղծել երկու բժիշկների միջև:
Մենք պահանջել ենք հանրությանը ներկայացնել Հովհաննեսի ոտքի լուսանկարը: Հիվանդանոցի տնօրենը խոստացավ, որ կփորձի այդ հարցը լուծել: Սպասում ենք»:

Ավելի վաղ փաստաբան Հայարփի Սարգսյանը հայտարարել էր, որ Հովհաննես Հարությունյանի ոտքի գույնը փոխվել է, իսկ երբ ոտքը ցանկանում է գետնին դնել չի ստացվում, որովհետեւ ուժեղ ցավեր ունի:

Back to top button