Գերմանիայում աճել է փախստականների կացարանների վրա հարձակումների թիվը
2016թ.-ի առաջին 10 ամիսների ընթացքում Գերմանիայում փախստականների համար նախատեսված հանրակացարանների վրա կատարված հարձակումների թիվն ավելացել է ¼-ով, տեղեկացնում է Deutsche Welle-ն: Այդ հարձակումների մեծամասնությունը աջակողմյան ծայրահեղականների ձեռքի գործն է:
10 ամսվա ընթացքում կատարվել է նման 832 հանցագործություն, մինչդեռ 2015թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է նմանօրինակ 637 հարձակում, հայտնել են ԳՖՀ քրեական գործերով դաշնային գերատեսչությունից:
Այդ հանցագործություններից 772-ը կատարվել են ծայրահեղական դրդապատճառներով, 144 միջադեպի ժամանակ բռնություն է գործադրվել: Արձանագրվել է հրդեհելու 63 դեպք եւ պայթեցման 12 փորձ:
Դեռեւս մայիսին ԳՖՀ ՆԳ նախարար Թոմաս դը Մեզյերը հայտնել էր, որ ներգաղթյալների դեմ կատարվող հանցագործությունների թիվը զգալիորեն աճել է: Այդ միտումը նկատելի է դարձել Գերմանիայում միգրացիոն ճգնաժամի խորացմանը զուգահեռ:
Աղբյուր՝ Deutsche Welle
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան