Սպորտ

ՉԼ․ «Ռեալը» չկարողացավ հաղթել «Լեգիային», «Բորուսսիան» դարձավ առաջատար

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» մրցաշարի ընթացիկ խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրում հյուրընկալվեց «Լեգիային»։

Դատարկ մարզադաշտում կայացած հանդիպման առաջին իսկ րոպեին Գարեթ Բեյլը շեշտակի հարվածով առաջ մղեց «սերուցքայիններին»։ Զինեդին Զիդանի սաները, ունենալով զգալի առավելություն, երկրորդ գոլը խփեցին 35-րդ րոպեին․ աչքի ընկավ Կարիմ Բենզեման։ Ընդամենը 5 րոպե անց Վադիս Օջիջաֆոեն կրճատեց հաշվի տարբերությունը։

Թվում էր՝ երկրորդ խաղակեսում «Ռեալին» կհաջողվի խոշոր հաշվով հաղթանակի հասնել, սակայն խաղն այլ ընթացք ունեցավ։ 58-րդ րոպեին Միրոսլավ Ռադովիչը վերականգնեց հաշվի հավասարությունը, 83-րդ րոպեին Տիբո Մուլինը երրորդ գնդակն ուղարկեց Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը, իսկ երկու րոպե անց Մատեո Կովաչիչը, ով հանդիպման ընթացքում վատ խաղաց պաշտպանությունում, «Ռեալին» օգնեց խուսափել պարտությունից։

F խմբի մյուս խաղում Դորտմունդի «Բորուսսիան» Ադրիան Ռամոսի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց «Սպորտինգին»։

Չորրորդ տուրից հետո «Բորուսսիան» 10 միավորով գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը, «Ռեալը» 8 միավորով երկրորդ տեղում է, «Սպորտինգն» ունի 3 միավոր, իսկ «Լեգիան»՝ 1։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր
F խումբ

«Լեգիա» — «Ռեալ»` 3:3
Գոլերը՝ Օջիջաֆոե 40՛, Ռադովիչ 58՛, Մուլեն 83՛ — Բեյլ 1՛, Բենզեմա 35՛, Կովաչիչ 85՛

«Բորուսսիա Դորտմունդ» — «Սպորտինգ»՝ 1։0
Գոլը՝ Ռամոս 12՛

sport.times.am

Ավելին
Back to top button
Close