Մոսուլում կարող է աննախադեպ սպանդ տեղի ունենալ
«Շիական «Հաշդ ալ-Շաաբի» աշխարհազորը, որը ներգրավված է «Իսլամական պետություն» խմբավորման հենակետ հանդիսացող իրաքյան Մոսուլ քաղաքի ազատագրման գործողություններին, պատրաստվում է արգելափակել քաղաքի ամբողջ արեւմտյան հատվածը, որպեսզի ոչ մի ահաբեկիչ չկարողանա դուրս պրծնել: Սակայն դա կարող է աղետ հրահրել»,-գրում է Die Welt հանդեսը:
«Եթե շիա զինյալներն իրականում արգելափակեն քաղաքի արեւմտյան մասը, Մոսուլը կվերածվի երկրորդ Հալեպի»,-պնդում է իրաքցի փորձագետ Հիշամ ալ-Հաշիմին:
«Եթե փակվի ԻՊ-ի փախուստի միջանցքը, քաղաքը կդատարկվի, այնտեղ կզոհվեն հազարավոր քաղաքացիական անձինք եւ զինվորականներ: Իսլամիստներին ոչինչ չի մնա անելու, քան մինչեւ վերջին շունչը կռվելը: Մյուս իրաքյան քաղաքներում ԻՊ-ը միշտ խուսափել է մինչեւ վերջին զինվորը մարտնչելուց: Անգամ Ռամադի եւ Ֆալուջի քաղաքների ազատագրման օրերին նրանք ճիշտ ժամանակին հեռացել են»,-նշել է փորձագետը:
«ԻՊ-ի զինյալները քաղաքում նախապես պատրաստել են պաշտպանական ամրակետեր, թունելներ, խրամատներ, պայթուցիկով բեռնված մեքենաներ եւ ականապատ ծուղակներ: Մոսուլում նրանք ցանկանում են դաս տալ իսլամի թշնամիներին եւ պաշտպանել քաղաքը, ինչպես 1400 տարի առաջ Մեդինայում դա արեց Մուհամեդ մարգարեն: Նրանք հաստատապես հավատում են իրենց կրոնական առաքելությանը: Բացի այդ, Մոսուլը դարձել է ԻՊ-ի ինքնության մի մասը. հենց Մոսուլի մզկիթում ահաբեկչական այդ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին 2014թ.-ի հունիսին հռչակեց խալիֆայությունը»,-ասել է Ալ-Հաշիմին:
«Եթե քաղաքն արգելափակվի, ապա սպանդն անխուսափելի կլինի: Ալ-Հաշիմիի տվյալներով, Մոսուլում դեռեւս ապրում է 3,5 միլիոն բնակչության կեսը: Այդ մարդկանց համար կլինեն ամենածանր ժամանակները»,- եզրափակում է Die Welt-ը:
Աղբյուր՝ Die Welt
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան