Նորություններ

«Հակաարցախյան փոփոխություններով Արցախը տասնամյակներով զարգացման հնարավորություն չի ունենա»

«Համանախագահների այցից կամ նախագահների հնարավոր հանդիպումից ակնկալիքներ չպետք է ունենալ: Հասարակությունները բավականին հեռու են հարցի կարգավորումից, ավելին՝ անզիջում են իրենց պահանջներում: Հետևաբար չպետք է բանակցություններից ինչ-որ արդյունք սպասել»,- անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան այցին՝ կարծիք հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը:

ԳԱԼԱ-ի հարցին, թե այս վիճակն ինչքա՞ն կարող է շարունակվել, արդյոք մինչև այն պահը, երբ Ադրբեջանը վերջնականապես կհասկանա, որ պատրաստ է լայնամասշտաբ և երկարաժամկետ պատերազմի, Հայկ Խանումյանը նշեց. «Մինչև կողմերից մեկն ամբողջությամբ ձախողվի կամ տասնամյակներ հետո, երբ հասարակությունները հոգնեն հակամարտությունից: Երկրորդ տարբերակին կարող ենք հասնել ռազմական բալանսի միջոցով»:

ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Ադրբեջանում Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, թե Ալիևն ինքն է բարձրացրել Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ասելով, որ որոշ նախապայմանների դեպքում պատրաստ է Ղարաբաղին տրամադրել ինքնավար հանրապետության կարգավիճակ: Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Խանումյանը նշեց, թե ինքնավարության վերաբերյալ մտքեր նախկինում էլ հնչել են, սակայն դրանք միայն կարող են քմծիծաղ առաջացնել: «Քննարկման ենթակա էլ չեն իրենց անհեթեթության պատճառով»,- նշեց Հայկ Խանումյանը:

Արցախին մեծապես կարող է թուլացնել սահմանադրական փոփոխությունները, գտնում է պատգամավորը: Կա նաև հակառակ կարծիքը, որ ամուր նախագահական իշխանության կարիքը կա Լեռնային Ղարաբաղում:

Հիշեցնենք, որ ապրիլյան ռազմական գործողությունները խոչընդոտեցին քննարկումներին, սակայն հարցը շարունակում է մնալ օրակարգային Արցախում:

Հայկ Խանումյան
Հայկ Խանումյան

Հայկ Խանումյանն իր կարծիքը հիմնավորում է այսպես. «Արցախի Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգը և առաջիկայում լինելիք նախագիծն Արցախում չէ, որ առաջացել է: Ավելին ասեմ, Արցախի քաղաքական ուժերի ոչ մի առաջարկ դրանց մեջ չկա: Հայեցակարգն ու նախագիծը գրվել են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի կողմից: Արցախում ստեղծված սահմանադրական հանձնաժողովը նույնիսկ ստորակետ փոխելու հնարավորություն չունի: Ակնհայտ է, որ սրանք հակաարցախյան փոփոխություններ են, գրված այն ոգով, ինչ ոգով որ այսօր սահմանադրական փոփոխություններ են տեղի ունենում Ադրբեջանում: Փոփոխությունների իրականանալու դեպքում Արցախը տասնամյակներով զարգացման հնարավորություն չի ունենա, ընդհակառակը՝ կզարգանան ռեպրեսիվ ինստիտուտները, կահագնանա արտագաղթը, կնվազեն ներդրումները»:

Այն հարցին, թե ՀՀ իշխանություններն ինչո՞ւ պետք է շահագրգիռ լինեն հակաարցախյան բարեփոխումները կյանքի կոչելու, Խանումյանը նշեց. «Դժվար հարց եք տալիս: Ենթադրում եմ՝ Բակո Սահակյանի ու իր թիմակիցների լոբբինգն էլ կա, բայց երևի Սերժ Սարգսյանն Արցախում այլևս հենարան չունի և որոշել է հնարավորինս լոյալ որոշում ընդունողներ ունենալ Արցախում»:

Պատգամավորը վստահ չէ, որ կա ներուժ Արցախի ԱԺ-ում՝ փոփոխություններին ընդդիմանալու համար: «Իսկ հանրաքվեի դեպքում նույնպես մեծ հույսեր չկան՝ հաշվի առնելով ընտրությունների որակն ու մակարդակը»,- եզրափակեց Հայկ Խանումյանը:

Արմենուհի Վարդանյան

Back to top button