Սպորտ

Երբ ֆուտբոլիստներն ու մարզիչները խայթում են միմյանց

Զլատան Իբրահիմովիչն իր հասցեին բազմաթիվ տհաճ ուղերձներ է լսել, բայց նրան «կոն» դեռևս չէին անվանել: «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողի մասին նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քրիստոֆ Դյուգարին:

«Իբրահիմովիչն ավտոճանապարհային կոն է: Խոսակցություններ են գնում, թե նա որքան գնդակ է խփել, բայց կրկնում եմ՝ Զլատանն ավտոճանապարհային կոն է: Հետևեք դաշտում կատարած նրա գործողություններին․․․ Այդպես չի կարելի, չէ՞ որ սա անգլիական ֆուտբոլ է, որտեղ 1 ժամում 2.000 կմ են վազում»,- ասել է Դյուգարին։

Նախկին ֆուտբոլիստի հայտարարությունն առիթ է հիշելու ևս մի քանի դեպք, երբ ֆուտբոլիստներն ու մարզիչները խայթել են միմյանց:

Իբրահիմովիչը` Մեսսիի մասին

Ինքը՝ Զլատանն էլ պակաս սուր լեզու չունի: Երբ նրան հարցել են, թե ինչ է մտածում Լեո Մեսսիի չորրորդ «Ոսկե գնդակի» մասին, հնչել է հետևյալ պատասխանը․

«Ասում եք` Մեսսին գերազանցում է ինձ, քանի որ 4 «Ոսկե գնդակ» (հայտարարությունն արվել է Մեսսիին չորրորդ անգամ «Ոսկե գնդակ» հանձնելու հետո-խմբ․) ունի: Դե ինչ, դա ծանրակշիռ փաստարկ է, բայց փոխարենը ես կարող եմ ապարատից կոնֆետ գնել ու դրա համար աթոռին չկանգնել»։

Միևնույն ժամանակ Իբրան չի թաքցնում Մեսսիի տաղանդի հանդեպ ունեցած հիացմունքը․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի վերջին քվեարկության ժամանակ Զլատանն առաջին հորիզոնականում արգենտինացու անունն է նշել:

Իբրահիմովիչը` Գվարդիոլայի մասին

Ինքնակենսագրականում Զլատանը «Բարսելոնա» տեղափոխությունը ներկայացնում է որպես իր կարիերայի վատագույն դեպք: Բոլոր անհաջողությունների համար նա մեղադրում է թիմի այդ ժամանակվա մարզիչ Պեպ Գվարդիոլային:

«Գվարդիոլան հանճարեղ մարզիչ է, բայց նա վախկոտ է ու տղամարդ չէ: «Բարսելոնայում» նա ինձ զոհաբերեց Մեսսիի համար, բայց համարձակություն չունեցավ ինձ այդ մասին ասելու: Արգենտինացին նրա հետ ընտանի կենդանու պես էր վարվում, հենց նրա խոսքն էր միշտ առաջնային, իսկ մարզիչը նստում էր մի կողմում ու լռում դպրոցականի պես»,- գրել է Զլատանը։

Ռոյ Քինը՝ Ֆերդինանդի մասին

«Մանչեսթեր Յունայթեդում» կարիերան ավարտելիս Ռիո Ֆերդինանդը կարողացավ արժանանալ թիմի երկրպագուների հարգանքին, սակայն «Լիդսից» «Օլդ Թրաֆֆորդ» տեղափոխվելիս այլ իրավիճակ էր: Նա ընդունված չէր նաև խաղընկերների կողմից: Թեման չէր անտեսել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր կերպարը՝ Ռոյ Քինը։

«Դու քեզ աստղ ես համարում, քանի որ շաբաթական 120.000 ֆո՞ւնտ ես ստանում ու վատ չես խաղացել «Տոտենհեմի» դեմ հանդիպման 20 րոպեների՞ն: «Մանչեսթեր Յունայթեդում» կայացած ֆուտբոլիստների պակաս կա: Թվում է՝ այս թիմում քեզ վատ խաղի համար են պարգևատրում: Հնարավոր է, որ հենց դա պետք է անեմ դաշտում՝ սարսափելի խաղ ցուցադրե՞մ»,- ասել էր Քինը։

Բարտոնը` Նեյմարի մասին

«Twitter»-ում Բարտոնի զեղումները հնարավոր չէ չափել․ ում ասես, որ չի խայթել Ջոուին, բայց «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին հատուկ ուշադրություն է հատկացրել:

«Նեյմարը ֆուտբոլի Ջասթին Բիբերն է: «YouTube»-ում նա ասես ադամանդ լինի, իրականում՝ կատվի մեզ․․․

Ասում եք` Նեյմարի մակարդակի անգամ կեսին չեմ հասնում: Հնարավոր է, բայց կարևորն այն է, որ ես տրիլիոն անգամ լավն եմ ձեզանից: Բավական է հիշեցնել բրազիլական լիգայում Նեյմարի խփած գնդակների մասին: Բրազիլիայի առաջնությունից ավելի ուժեղ համարվող պատանեկան առաջնությունում խաղալիս 77 գնդակ եմ խփել մրցաշրջանի ընթացքում»,- գրել էր Բարտոնը։

Գրոբելարը Մինյոլեի մասին

Մինյոլեն ԱՊԼ-ի աստղերի շարքին չի դասվում և հատուկ սպասելիքներ էլ չկան նրանից: Առաջին պատճառը արտագնա խաղերում ունեցած անվստահությունն է: Բելգիացի ֆուտբոլիստի այս թերության մասին իր խոսքն է ասել «Լիվերպուլի» դարպասապահ Բրյուս Գրոբելարը:

«Կարծում եմ, որ Մինյոլեի և վամպիրի միջև համեմատությունը Սիմոնի օգտին չի լինի, քանի որ վամպիրը դուրս է գալիս իր դագաղից: Մինյոլեն կանգնում է դարպասային գծի մոտ ու ոչինչ չի անում: Նա պետք է ամբողջ տուգանայինը վերահսկի»:

Մարադոնան` Պելեի ու Բեկենբաուերի մասին

Պելեի ու Մարադոնայի տարաձայնությունները ֆուտբոլով հետաքրքրվող բոլոր մարդկանց են հայտնի: Այնուամենայնիվ, նրանք երկուսն էլ հազվադեպ են կոռեկտության սահմանը հատել: Դիեգո Մարադոնան «Սուարեսի գործում» Պելեի ու Բեկենբաուերի՝ ՖԻՖԱ-ին ցուցաբերած աջակցության վերաբերյալ իր կարծիքն ուներ․

«Ֆուտբոլում երկու հիմարներ կան, ովքեր լքել են թանգարանը, որպեսզի զանազան հիմարություններ ասեն ու ՖԻՖԱ-ի շեֆի հրամանները կատարեն: Այդ երկուսը դուրս են եկել իրենց սարկոֆագներից ու միացել են ՖԻՖԱ-ին: Թող նստեն իրենց տեղերում և չխոսեն Սուարեսի կծելու մասին։ Պելեն իր կարիերայի ընթացքում լրջորեն վնասել է խաղընկերներից մի քանիսին, իսկ Բեկենբաուերն այնպես էր ինքն իրեն օգնում արմունկներով, որ կարող էր սպանել մրցակցին»:

Մարադոնան՝ Բեքհեմի մասին

Դևիդի աստղային ժամին, երբ աշխարհի գովազդային պաստառների կեսին նրա դեմք էր պատկերված, Մարադոնան բարձրաձայնեց այն ամենը, ինչ մտածում էր անգլիացի «ոսկե տղայի» մասին:

«Բեքհեմն այնքան գեղեցիկ է, որ պառավի տեսք ունի․․․ Եվ առհասարակ, ի՞նչ են գտել նրա մեջ: Անցեք բակային ֆուտբոլային հրապարակներով ու այդպիսի հազարավոր տղաներ կգտնեք»,- ասել է Մարադոնան։

Մոուրինյուն՝ Վենգերի մասին

Մոուրինյուն ևս սուր խոսքերի վարպետ է: Նրա խայթոցներն առավելապես բաժին են հասել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին: Ի՞նչ կարելի է ասել նրանց հարաբերությունների մասին, եթե ոչ վաղ անցյալում հենց խաղի ժամանակ գործը բռունցքներին հասավ:

«Դուք մի մարդու եք ճանաչում, ով մրցավարների մասին խոսում է խաղից առաջ, խաղից հետո տեխնիկական գոտում հրում է մարդկանց, լաց է լինում առավոտյան, լաց է լինում գիշերը, և ոչինչ տեղի չի ունենում: Նա ոչինչ չի նվաճում, բայց պահպանում է աշխատանքն ու շարունակում թագավոր լինել: Այդպիսի միայն մի մարզիչ կա»,- ասել է Մոուրինյուն։

Օրյեն՝ խաղընկերների մասին

Եթե ցանկանում եք վերջ տալ աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկում ձեր կարիերային, դիմեք Սերժ Օրյեի օգնությանը: Անհասկանալի է, թե ինչի մասին էր մտածում իվուարցի ֆուտբոլիտը, երբ «Periscope»-ով պատասխանում էր երկրպագուների հարցերին․

«Անխել դի Մարիան ծաղրածու է, եղբայրներ: Բլանը *** Իբրայի ամենա*** է: Սիրիգուն նույնասեռական է…»:

Եվ էլի շատ բաներ: Արձագանքը շատ չուշացավ. Բլանն Օրյեին երկրորդ թիմ ուղարկեց ու ցանկանում էր հնարավորինս արագ ազատվել նրանից, բայց այնպես ստացվեց, որ փարիզյան ակումբն առաջինը հենց Լորանը լքեց, իսկ Օրյեն նոր մարզիչ Էմերիի գլխավորությամբ կրկին տեղ զբաղեցրեց պաշտպանության աջ թևում:

sport.times.am

Back to top button
Close