Սպորտ

«Բորուսսիան» և «Հերտան» հաղթողին չորոշեցին

Բունդեսլիգայի 7-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալեց «Հերտային»։

Առաջին կեսն անցավ Թոմաս Տուխելի սաների առավելությամբ, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին, Վեդադ Իբիշևիչի գեղեցիկ փոխանցումից հետո Վալենտին Շտոկերն առաջ մղեց հյուրերին։

Բաց թողած գնդակից հետո դորտմունդցիների խաղն առջևի գծում չէր ստացվում, չէր հաջողվում արդյունավետ ավարտել գրոհները։ 77-րդ րոպեին «Բորուսսիան» հաշվի հավասարությունը վերականգնելու հիանալի հնարավորություն ստացավ, սակայն Պյեր-Էմերիկ Օբամեյանգին 11-մետրանոց նշակետից չհաջողվեց գրավել Ռունե Յարստենի պաշտպանած դարպասը։ Գաբոնացին սխալ ուղղեց 3 րոպե անց՝ Ուսման Դեմբելեի փոխանցումից հետո խփելով իր թիմի պատասխան գնդակը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չարձանագրվեցին, սակայն թիմերը մնացին 10-ական հոգով․ նախ խաղադաշտից հեռացվեց Էմրե Մորը, ապա «Հերտայի» գոլի հեղինակ Շտոկերը։

Այս ոչ-ոքիից հետո «Հերտան» ունի 14 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Բորուսսիան» 13 միավորով երրորդ տեղում է։

Բունդեսլիգա, 7-րդ տուր

«Բորուսսիա Դորտմունդ» — «Հերտա»՝ 1։1
Գոլերը՝ Օբամեյանգ 80՛ — Շտոկեր 51՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Օբամեյանգ 77՛
Հեռացումներ՝ Մոր 84՛ — Շտոկեր 90՛

sport.times.am

Ավելին
Back to top button
Close