Թեյախմության ավանդույթը

Անգլիացիները շատ երկար ժամանակ եղել են ամենաշատ թեյ օգտագործող ազգը աշխարհում: Մեկ մարդուն տարեկան միջինը բաժին է ընկել 2530 գրամ թեյ: Նրանք թեյ խմում են օրական ամենաքիչը երեք անգամ` նախաճաշին, կեսօրին և երեկոյան ժամը 5-ին: Թեյ խմելու անգլիական ավանդույթը շատ քիչ է զիջում թեյախմության ճապոնական արարողությանը: Անգլիական ավանդական թեյախմության համար անհրաժեշտ է սեղան, թեյ, սպասք և համապատասխան քաղցրավենիք: Ընդ որում` սեղանին պարտադիր պետք է լինի փոքրիկ ծաղկաման` բնական ծաղիկներով, վերջիններս էլ, ցանկալի է, որ լինեն սպիտակ գույնի: Իսկ սպասքը պետք է լինի միանման:
Հյուրերին առաջարկվում է թեյերի տեսականի, որոնց մեջ անպայման պետք է լինեն` Լափսանգ -Սուշոնգ, Էլ Գրեյ և Դարդջիլինգ տեսակի թեյեր: Թեյի համար նախատեսված անգլիական քաղցրավենիքների մեջ պարտադիր առկա են խոշոր չափսի վաֆլիներ, ինչպես նաև տարբեր տեսակի ջեմեր: Բայց ավելի հաճախ անգլիացիները թեյը խմում են կաթով:Սակայն միևնույն ժամանակ միակարծիք չեն այն հարցի շուրջ, որ նախ թեյը պետք է ավելացնել կաթի մեջ, թե՞ հակառակը, բայց ենթադրվում է, որ դա որոշ չափով ազդում է ըմպելիքի համի վրա: Անգլիացի գրող և հրապարակախոս Ջորջ Օրուելլը իր «Հիանալի թեյի մեկ գավաթը» ակնարկում խորհուրդ է տալիս սկզբից ավելացնել թեյը, այլ ոչ թե կաթը:
Դիանա Դավթյան