Նորություններ

Զ.Փոստանջյանի նախագիծը ժողովրդի ապստամբելու իրավունքի վերաբերյալ

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից
այսօր՝ սեպտեմբերի 9-ին, շրջանառության մեջ է դրվել Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը
Ժողովրդի ապստամբելու իրավունքի վերաբերյալ:

Հավելենք, որ սույն նախագծի վերաբերյալ ս/թ սեպտեմբերի 8-ին աշխատանքային
քննարկում է տեղի ունեցել Զարուհի Փոստանջյանի և «Սասնա ծռեր» խմբի
անդամների ու քաղաքական հայացքների համար հետապնդվողների հարազատների հետ:

ՆԱԽԱԳԻԾ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը

ժողովրդի ապստամբելու իրավունքի վերաբերյալ

Իշխանության միակ աղբյուրը հանդիսանում է ժողովուրդը: Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Այս հանրահայտ իրավունքի դրույթը նորագույն Հայաստանի քաղաքացիների համար քառորդ դար շարունակ մնացել ու մնում է անհասանելի:

Հայաստանում հանրային իշխանություն իրականացնելու համար նախատեսված հանրային-պետական կառավարման ինստիտուտները` նախագահ, կառավարություն, խորհրդարան, չեն ձևավորվել ազատ ընտրությունների միջոցով և չեն գործում պաշտոնատար անձանց օրինական լիազորությունների ներքո: Դատական իշխանությունը նույնպես ձևավորված չէ օրինականության սկզբունքով, հետևաբար` չի կարող ծառայել ժողովրդին:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է: Այս հանրահայտ իրավունքի դրույթը ևս Հայաստանում երկու տասնամյակից ավելի խախտված է:

Իշխանության յուրացումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և նրանց սպասարկող քաղաքական կազմակերպությունների կողմից:  Ստեղծված համակարգը վերափոխված խորհրդային բռնակալական  քաղաքական կարգի և իրականացրած քաղաքականության նոր դրսևորումն էր, որը հակասում է  հայ ժողովրդի շահին և նպատակներին:

Ընդունում ենք այն հայտնի  ճշմարտությունը, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար, օժտված են  Արարչի կողմից որոշ անօտարելի իրավունքներով, որոնց թվում են կյանքի, ազատության և երջանկության ձգտումը: Այս իրավունքներն ապահովելու համար  մարդիկ հիմնադրում են կառավարություն` հանրային իշխանություն, որն իր օրինական լիազորությունները պետք է ստանա ղեկավարվողների համաձայնությամբ: Իսկ երբ  կառավարությունը  դառնում է կործանարար այս նպատակների իրականացման համար, ժողովուրդն իրավունք ունի փոխել կամ լուծարել, վերացնել այն և հիմնել նոր կառավարություն, որի հիմքում ընկած են այնպիսի սկզբունքներ և իշխանության կազմակերպման այնպիսի ձևեր,  որոնք իր պատկերացումներով լավագույն կերպով կապահովեն ժողովրդի անվտանգությունն ու երջանկությունը:

Հայ ժողովուրդն օրինական լիազորություններ չի տվել ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ Սերժ Սարգսյանին և ո՛չ էլ նրանց սպասարկող ՀՀՇ-ին ու ՀՀԿ-ին: Նրանք իշխանությունը բռնազավթել են: Բռնազավթիչների դեմ պայքարում ժողովուրդն օգտագործել ու սպառել է հնարավոր բոլոր միջոցները և դիմել է վերջին միջոցին` ապստամբելու իրավունքի իրացմանը:

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում յուրաքանչյուր անձ պարտականություն ունի դիմադրություն ցույց տալու ցանկացած հրամանի, որը վնասում է անձի իրավունքներին, ազատություններին և դրանց երաշխիքներին, նաև իրավունք՝ օգտագործելու ուժ ագրեսիան կանխելու համար:

Հայ հասարակության պարտականությունն է ապստամբության միջոցով ոչնչացնել քաղաքական այն համակարգը, որը չի համապատասխանում իր շահերին և նպատակներին։

Ապստամբության և դիմադրության միջոցով հնարավոր է կանխել աղետը` թուրքական և ծավալապաշտական հարձակումները, ինչը հայ ժողովրդին սպառնում է նոր ցեղասպանությամբ և հայրենազրկմամբ:

2016 թվականի ապստամբության և դիմադրության առանձնահատկություններն ազգային-ազատագրական և ժողովրդական նպատակներն են` պայքար գաղութատիրության դեմ, տարածքային ամբողջականության վերականգնում և ժողովրդավարության ու սահմանադրականության ձևավորում:

2016 թվականի ապստամբությունը և դիմադրությունը հայտարարում է օտարներից կախվածության վերացման և անկախ, միասնական Հայկական պետության կազմավորման մասին: Ապստամբության պահանջն է հիմնել ժողովրդական ինքնիշխանության, ժողովրդավարության և հանրապետականության սկզբունքների վրա հիմնված անկախ Հայկական պետականություն:

Իրավական համակարգը նախատեսում է երաշխիքներ բռնապետության, իշխանության յուրացման, առանց ժողովրդի համաձայնության սահմանադրական կարգի փոփոխության դեմ: Այդպիսի երաշխիքն ապստամբության հանրահայտ իրավունքն է:

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը.

*Համերաշխություն է հայտնում «Սասնա Ծռեր» խմբի ապստամբության առաջադրած պահանջներին,

*Դատապարտում է «Սասնա Ծռեր» ժողովրդական ապստամբության մասնակիցների նկատմամբ բռնաճնշումները,

*Պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր խղճի բանտարկյալներին և դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը:

Ժողովրդի ապստամբելու իրավունքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության նախագծի հիմնավորում

Ապստամբության իրավունքը՝ որպես բնական և անկապտելի իրավունք, Լուսավորչական ժամանակաշրջանի կարևոր նվաճումներից է, որը հետագայում առաջին անգամ իր արտացոլումը գտավ ԱՄՆ-ի Անկախության հռչակագրում` 1776 թվականին, և Ֆրանսիական Մեծ հեղափոխության «Մարդու և քաղաքացու իրավունքների» հռչակագրում` 1789 թվական՝ որպես իրավունքի աղբյուր: Ֆրանսիական Մեծ հեղափոխության «Մարդու և քաղաքացու իրավունքների» հռչակագրի նորմերն ավելի են ընդլայնվում, երբ նրանք ներառվում են Ֆրանսիայի Սահմանադրության մեջ 1793 թվականին:

Հայաստանում քաղաքացիական հասարակության առաջնային սկզբունքների նկատմամբ հարգանքի բացակայությունը և ամբողջ ժողովրդի հիմնարար իրավունքների ու ազատությունների բռնաճնշումն է օրենքների պարալիզացման հիմնական պատճառը, ինչը հանգեցրել է իրավունքները խախտող կառավարության դեմ ժողովրդի ապստամբելու իրավունքի հրատապ իրացմանը:

«Իսկապես, ողջամտությունը պահանջում է, որ երկարատև հաստատված կառավարության ձևերն  անկարևոր և անցողիկ պատճառների հետևանքով չփոխվեն, քանի որ փորձը ցույց է տվել, որ մարդիկ ավելի շատ  հակված են հանդուրժել չարը, քանի դեռ այն տանելի է, քան բանեցնել իրավունքը, փոխել կյանքի սովորական ձևերը: Բայց երբ չարաշահումների երկար շղթան և բռնությունը  բացահայտում է, որ այն հետապնդում է միայն մեկ  նպատակ՝ ենթարկել ժողովրդին բացարձակ բռնակալության, ապա ժողովրդի իրավունքն և պարտականությունն է գահընկեց անել, դուրս շպրտել այդպիսի կառավարությունը և ապահովել նոր երաշխիքներ՝  ապագա անվտանգության ապահովման համար:

Երբ իշխանությունը չի ենթարկվում օրենքին, սկսում է գործել դիմադրության սկզբունքը, որը կիրառական նշանակություն է ստանում օրինական ու իրավաչափ ապստամբության իրավունքի իրացմամբ և այն դարձնում հրատապ պարտականություն:

«Յուրաքանչյուրը, ով կյուրացնի ժողովրդին պատկանող ինքնիշխանությունը, անմիջապես կենթարկվի մահվան ազատ քաղաքացիների կողմից»:

«Ճնշմանը դիմադրելը հետևանք է, որը բխում է մարդու այլ իրավունքներից»:

«Երբ կառավարությունը խախտում է ժողովրդի իրավունքները, ժողովրդի և նրա յուրաքանչյուր մասի ապստամբությունը սրբազան իրավունք է և առավել հրատապ պարտականություն»:

«Անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի նա, որպես վերջին միջոց, հարկադրված չապստամբի բռնակալության ու ճնշման դեմ»:

Ապստամբության իրավունքը, որի նպատակն է դիմադրություն ստեղծել բռնապետության դեմ, ժողովրդավարական պետության իրավական համակարգի անբաժանելի մաս է կազմում: Առանց այսպիսի իրավական դրույթի իրացման Հայաստանում հնարավոր չէ պաշտպանել մարդու իրավունքները:

Մինչև ժողովրդի ապստամբությունը՝ 17 հուլիսի 2016 թվական, Հայաստանի Հանրապետությունում, գրեթե մշտապես, եղել են քաղաքական հայացքների համար հալածյալներ և բանտարկյալներ, սակայն այդ օրվանից հետո  նրանց թիվը կտրուկ աճեց՝ հասնելով շուրջ հազարի: Այսօրվա դրությամբ կան շուրջ հարյուր քաղաքացի, ովքեր պաշտոնապես հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար: Նրանց մի մասը կալանքի տակ է վերցվել մինչև 17 հուլիսի 2016 թվական, մյուս մասը՝ ապստամբության օրերին և ապստամբություն հայտարարելու առաջին փուլը ավարտելուց հետո:

Ակնհայտ է, որ իրավական տեսանկյունից քրեական հետապնդումները հիմնազուրկ են, քանի որ հետապնդվողների արարքներում չկան քրեական օրենքով նախատեսված հանցակազմեր:

Ո՛չ մինչև ժողովրդական ապստամբությունը, ո՛չ էլ դրանից հետո մեկուսացված անձինք չեն ազատազրկվել օրենքի և արդար դատարանի որոշումների հիման վրա:

Ապստամբության օրերին խաղաղ բողոքի մասնակիցները,  դառնալով թիրախ բռնակալության կողմից, քրեական հետապնդման և ազատազրկման են ենթարկվել շինծու մեղադրանքներով՝ իբրև զինված խմբի օժանդակող կամ զանգվածային անկարգության կազմակերպիչ և մասնակից, իսկ «Սասնա Ծռեր» խմբի անդամները՝ շինծու մեղադրանքներով՝ որպես ապօրինի զինք կրող, պատանդ վերցնող և շինություն զավթող: Մինչդեռ բռնակալության կողմից ձևակերպում ստացած «զանգվածային անկարգության», «զինված խմբեր ձևավորող» իրական կազմակերպիչը ՀՀ ոստիկանությունն է և նրան սպասարկող քաղաքացիական թիկնապահական քրեական ջոկատները, իսկ զինյալները, շենքեր զավթողները և պատանդառուները՝ ՀՀ բռնակալության ներկայացուցիչները:

Հարգանոք՝ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Back to top button