ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Մյուսները ՀՀ-ից փախչում են, որ չծառայեն, իսկ ինքը գիտակցաբար եկել էր ծառայելու

Այս տանն ապրել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված մարտական արիության մեդալների ասպետ, հերոս Գևորգ Գագիկի Վարդանյանը: Այսօր՝ հերոսի ծննդյան օրը, բացվեց այս գրությամբ հուշատախտակը: Ներկաները հույս հայտնեցին, որ այս հուշատախտակները կդառնան յուրօրինակ բաց ռազմահայրենասիրական դասարաններ գալիք սերնդի համար:

Գևորգի հարազատները, ընկերներն ու համաքաղաքացիները նախ աղոթեցին նրա հիշատակի համար, որից հետո կատարվեց հուշատախտակի և ցայտաղբյուրի օրհնման արարողությունը:

Գևորգը ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից հետմահու պարգևատրվեց նաև հայրենիքի պաշտպանության համար մեդալով:

Գևորգ Վարդանյանը մեծացել է հայրենիքից հեռու: Ընտանիքի միակ արու զավակն էր: Մանկությունն անցել է Ռուսաստանի Դաշնությունում: Այնտեղ դպրոց է գնացել, ավարտելուց հետո բուհ ընդունվել: Հայրենիքից հեռու ապրելով՝ երբեք չի մտածել ծառայությունից խուսափելու մասին, հայրը պատմում է՝ հայրենիք է եկել ծառայության անցնելու համար.

«Հպարտության զգացումն ամեն դեպքում մեծ է, բայց ամեն ինչը պետք է գնահատվի իր չափով, ես կարծում եմ, որ էդ երեխուն ինչ էլ որ շնորհել են, քիչ է: Մյուսները ՀՀ-ից փախչում են, որ չծառայեն, իսկ ինքը գիտակցաբար եկել էր ծառայելու»,- ասում է Գևորգի հայրը:

Նաիրա Նալբանդյան

Ավելին
Back to top button