Նորություններ

«Ցանկացած հանցավոր արարքի տրվելու է իրավական գնահատական». Կ. Գաբրիելյանը նշանակվել է ՇՄ դատախազի պաշտոնակատար

Դատախազական համակարգում կադրային փոփոխությունները շարունակվում են: Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի հրաժարականից հետո ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը:

Վերջինիս հրամանով Շիրակի մարզի դատախազի պաշտոնակատար է նշանակվել Կարեն Գաբրիելյանը:

Հիշեցնենք, Րաֆֆի Ասլանյանի՝ Երևան քաղաքի դատախազ նշանակվելուց հետո ՇՄ դատախազի պաշտոնը մոտ մեկ ամիս թափուր էր: Սկզբնական շրջանում ժամանակավորապես այդ գործառույթներն իրականացնում էր դատախազի տեղակալներից Արթուր Պողոսյանը, մինչև որ օրերս մյուս տեղակալ Կարեն Գաբրիելյանը նշանակվեց դատախազի պաշտոնակատար:

Վերջինս հավանաբար առաջիկայում կնշանակվի ՇՄ դատախազ:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Կ. Գաբրիելյանն ասաց, թե առայժմ պաշտոնակատար է նշանակված ու հստակ տեղեկություն չունի, թե նշանակվելու է դատախազի պաշտոնում, թե ոչ:

Կարեն Գաբրիելյանը դատախազական համակարգում աշխատում է 2013 թվականի դեկտեմբերից: Մինչ այդ աշխատել է որպես քննիչ, այնուհետև հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, իսկ դատախազ նշանակվելուց առաջ ղեկավարել է Սյունիքի մարզի քննչական ստորաբաժանումը:

Դատախազությունից մեզ փոխանցեցին, որ Կարեն Գաբրիելյանը եղել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հսկող դատախազը, իսկ դատախազության համակարգում աչքի է ընկնում հանցագործության դեմ պայքարի իր խիստ մոտեցումներով:

Շիրակն, ինչպես հայտնի է, համարվում է բարդ մարզ, որտեղ սոցիալական վիճակը ծանր է, ինչի հետևանքով էլ հանցագործության դեպքերն այստեղ շատ են: Ուստի Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեցինք, թե աշխատանքային ինչ մարտավարություն է ընտրելու.

«Գյումրիում մեր գործառույթներն իրականացնելու ենք օրենքով սահմանված կարգով, դատախազությունն իր գործառույթն իրականացնելու է սահմանադրությամբ և քրեական դատավարության օրենքով սահմանված կարգով, պայքարելու ենք հանցագործության դեմ, մեր հիմնական գործառույթները մենք իրականացնելու ենք, դժվարությունները խոչընդոտ չեն հանդիսանալու գործառույթներն իրականացնելու համար: Ցանկացած հանցավոր արարքի տրվելու է իրավական գնահատական ու ենթադրյալ հանցանք կատարած անձինք ենթարկվելու են քրեական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- ԳԱԼԱ-ին փոխանցեց Կարեն Գաբրիելյանը:

Հերմինե Մկրտչյան

Back to top button