Նորություններ

Ասել են՝ թող շատ առաջ չգնա տեր հայրը

Նիդեռլանդներում ՀՀ դեսպանատան մոտ բողոքի ակցիայի մասնակցած Հայ առաքելական եկեղեցու Նիդեռլանդների թեմի հոգևոր հովիվ տեր Արմեն քահանա Մելքոնյանը պաշտոնազուրկ է արվել: Բողոքը, հիշեցնենք, ի նշան աջակցության էր «Սասնա ծռեր» խմբի անդամների և ընդդեմ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառված բռնությունների:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում քահանան հաստատեց, որ իր պաշտոնանկության համար այլ պատճառ լինել չէր կարող, հիշեցրեց՝ մինչև վերջին դեպքերն Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Վահան սրբազանն իր գոհունակությունն էր հայտնել տեր Արմենին և միայն ցույցից օրեր անց պատահական հանդիպման ժամանակ ասել է.

«Ասաց, թե՝ ի՞նչ ես արել, ինչի՞ ես գնացել ցույցի: Ասացի, որ, սրբազան, նախ ես որպես ՀՀ քաղաքացի և որպես հոգևորական հարմար եմ գտել գնալ, դրա մեջ ի՞նչ կա, ասաց՝ ուղղակի դա շատ մեծ զայրույթ է պատճառել վերին իշխանություններին»:

Չնայած պաշտոնանկությանը՝ քահանան նշում է՝ ինքն առաջնորդվել է իր համոզմունքներով և ոչինչ չի ստիպի իրեն դավաճանել դրանց. «Մենք հաշտ պետք է լինենք, պետություն և եկեղեցի, և որևէ մեկ կողմի ցավը մեզ բոլորիս պետք է ցավ պատճառի: Բայց ես հավատում եմ, որ եկեղեցին ժողովուրդն է, և դա նշանակում է, որ մենք որպես եկեղեցու սպասավոր պարտավոր ենք սպասավոր լինել ժողովրդի իրավունքին, հետևաբար եթե իմ ժողովուրդն այսօր տառապանքի մեջ է գտնվում, ես պարտավոր եմ նրա հետ լինել»:

Բողոքի ակցիայի մասնակցության պատճառով պաշտոնանկության մասին հրապարակումներից հետո տեր Արմենն արձագանքներ է ստացել բարձրաստիճան հոգևորականներից ևս, սակայն դրանք գաղտնազերծել չցանկացավ, միայն ասաց.

«Ասել են՝ թող շատ առաջ չգնա տեր հայրը: Այսինքն՝ առաջ գնալը ո՞րն է: Ես ինչ որ ասել եմ, այդ իմ խոսքի վրա հաստատ եմ և դա ասել եմ ու պետք է ասեմ: Հայաստանն է մեր հայրենիքը, և մենք ուզում ենք լավ և բարգավաճ Հայաստանում ապրել»:

Ինչ վերաբերում է սփյուռքում վերջին դեպքերի հետ կապված առկա տրամադրություններին, տեր Արմեն քահանա Մելքոնյանը նշում է, որ իրեն շրջապատող բոլոր սփյուռքահայերն աջակցում են Սասնա ծռերին և նրանց համարում են հերոսներ.

«Ամեն մարդ իր կյանքում կարող է ինչ-որ մի սխալ գործի, և նույնն էլ Սասնա ծռերն անսխալական չեն, բայց եթե մենք նայենք իրենց կյանքին և հերոսական գոյավիճակին, որի մեջ իրենք եղել են՝ պաշտպանելով մեր հայրենիքի սահմանները, մենք չենք կարող նրանց ահաբեկիչ կոչել, և եթե ինձ հարցնեք, ես նրանց համարում եմ հերոս, նրանք հերոսներ են: Ոնց որ որևէ մի ազգ կարող է սխալվել, նույն ձևով էլ հերոսը կարող է նաև սխալներ թույլ տալ, իսկ Սասնա ծռերի միակ սխալը զինված հարձակվելն էր, բայց դրա պատասխանն էլ Պավլիկ Մանուկյանը տվեց. նրանք չէին ուզում զոհեր լիներ, և դրա ապացույցն այն է, որ այնտեղ մնացած ոստիկաններին նրանք ազատ արձակեցին, միայն մի նպատակ ունեին, այդ նպատակն էր, որ ժողովուրդը զգաստանա և իր իրավունքները պահանջի, և մեր ժողովուրդն իր իրավունքները սկսեց պահանջել, ավել բան չեղավ»:

Նաիրա Նալբանդյան

Back to top button