ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Անարգանք՝ ապրիլյան պատերազմի զոհերի նկատմամբ

Ապրիլյան քառօրյա պատերազմին զոհված գյումրեցի հերոսների մարմիններն ամփոփված են «Շիրակ» գերեզմանոցում գտնվող Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզման-պանթեոնում: Ամիսներ է անցել, սակայն որեւէ շինարարական աշխատանք այստեղ չի կատարվել: Զոհված զինծառայողների ծնողներին ՀՀ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար խոստումներ է տալիս, սակայն դեռեւս ոչինչ չի արվել:

Ամեն անգամ այցելելով իրենց զավակների շիրիմներին՝ արձանագրում են հետեւյալը, որ մեքենաներ են անցնում հողաթմբերի վրայով, տարածքում անգամ արգելապատնեշներ տեղադրված չեն: Սա համարում են անարգանք հերոսների նկատմամբ:

Զոհված զինծառայողների հարազատները միասնական որոշում կայացրեցին, որ այլեւս չեն սպասելու, թե համապատասխան մարմինները դեռ որքան իրենց սպասեցնել կտան: Վաղվանից իրենց ուժերով սկսում են շինարարական աշխատանքները:

«Արդեն ավտոներով են ելնում գերեզմանների վրա, չեն նայե՝ գերեզման է, թե ինչ է: Մենք էլ քանի անգամ դիմել ենք, բացատրել ենք, ասել են՝ փակեք ճանապարհները: Մարդիկ բայց ոչ կուզեն փակեն, ոչ էլ սկսեն գերեզմանները»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց զոհված զինծառայող Վիկտոր Յուզիխովիչի հայրը:

Հիասթափությունը մեծ է պետական պատշաճ վերաբերմունքի բացակայությունից այն մարդկանց նկատմամբ, ովքեր կյանքով են հատուցել, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, ռազմավարական նշանակություն չունեցող տարածքները պահելու համար:

Զինծառայողների հարազատներն իրենց կարծիքն արտահայտեցին նաեւ տարածքների հնարավոր հանձնման մասին խոսակցությունների նկատմամբ: Ի գիտություն գործող իշխանությունների հայտարարում են՝ հերոսների կյանքի գնով ազատագրված տարածքները հանձնման ենթակա չեն եւ չեն կարող լինել:

Արմենուհի Վարդանյան

Ավելին
Back to top button