«Սնոուդենը գտնվում է Մոսկվայում». Պուտին

ԱՄՆ իշխանությունների կողմից որոնվող, լրտեսության մեջ կասկածվող հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը գտնվում է Մոսկվայում: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ Սնոուդենը գտնվում է Շերեմետովո օդանավակայանի տարանցիկ գոտում: Ամերիկյան ծրագրավորողը կարող է գտնվել ծառայողական հանգստի սենյակներից մեկում, հայտարարում են օդանավակայանի ծառայությունները:
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան կարող է հանձնել հանցագործին ուրիշ հանրապետությունների միայն համապատասխան երկկողմ համաձայնագրի պարագայում: «Միացյալ Նահանգների հետ մենք նման համաձայնագիր չունենք: Ռուսաստանի Դաշնության տարածքում պարոն Սնոուդենը, փառք Աստծո, ոչ մի հանցագործություն չի գործել»,- ասել է Վլադիմիր Պուտինը մամլո ասուլիսի ժամանակ:
Նույն օրը ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հիշեցրել է, որ ԱՄՆ-ն, չնայած համաձայնագրի բացակայության պարագայում, վերջին տարիների ընթացքում «առանց բղավոցների, զայրույթի և վեճերի» Ռուսաստանին է հանձնել 7 մարդու: Իրազեկիչների հանձնումը, որոնց հանդեպ կար ձերբակալման թույլտվություն, նա անվանել է «օրինական անհրաժեշտություն»: Ընդ որում, Քերրին նշել է, որ պետք չէ Ռուսաստանի հետ հակադրվել: «Ես ուղղակի կոչ եմ անում հանգստանալ և լինել ողջամիտ: Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը չի կանգնի այն մարդու կողմը, ով փախչում է արդարադատությունից»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
Մինչդեռ ամերիկացի սենատոր Ջոն Մաքեյնը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կիրառել ավելի կոշտ միջոցներ Ռուսաստանի դեմ: Ըստ նրա՝ Սնոուդենի շուրջ սկանդալը հիշեցնում է «սառը պատերազմի» ժամանակները: Հանրապետական սենատորը անվանել է Ռուսաստանի նախագահին «ԿԳԲ-ի ծեր ապարատչիկ»:
Ավելի վաղ հայտարարվում էր, որ կիրակի օրը Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակիցը Հոնկոնգից ժամանել էր Մոսկվա, որտեղից նա նպատակ ուներ թռչել Կուբա: Սնոուդենը քաղաքական ապաստան էր խնդրել Էկվադորից:
Հասմիկ Մանուկյան