Մեկնաբանություն

Սերժ Սարգսյանը հպատակվում է Ռուսաստանին՝ նայելով Եվրոպայի ուղղությամբ

ՀՀ գործող իշխանությունները վերջին 5 տարիներին իրենց վարած անհեռատես ու անպատասխանատու արտաքին քաղաքականության պատճառով այժմ հայտնվել են բավականին բարդ իրավիճակում: Բարդությունը կայանում է նրանում, որ նրանց արտաքին քաղաքականության ասպարեզում պարտադրվում է կտրուկ որոշումների կայացում, որը ամենեւին էլ չի բխում Հայաստանի պետական շահերից: Գործող նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրեց ոչ թե պետության կենսական շահերի սպասարկումը, այլ առաջնային նպատակ դարձրեց անձնական նեղ շահերը: Գրեթե զրոյական ներքին լեգիտիմությունը նա փորձեց  կոմպենսացնել արտաքին լեգիտիմությամբ, որը նրան կարող էր տալ միայն Արեւմուտքը: Ուստի իր նախագահության շրջանում խախտելով աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերություններում առկա բալանսը` նա հիմնականում կոսմետիկ քայլերով փորձեց Եվրոպային հավաստիացնել, որ «Հայաստանը նայում է Եվրոպայի ուղղությամբ»: Սակայն իրականում Եվրոպայի ուղղությամբ նայելու համար անհրաժեշտ են բովանդակային քայլեր ու համակարգային փոփոխություններ: Աշխարհաքաղաքական ինտեգրացիոն կուրսի փոփոխությունը կամ ստատուս քվոյի խախտումը այդքան էլ դյուրին եւ անվտանգ չէ:

Հայաստանում իրական եվրոպական արժեհամակարգ ներդնելու եւ եվրոպական ինտեգրացիոն գործընթացներում խորքային ներգրավվածություն ունենալու համար անհրաժեշտ էր, որ գոնե վերջին տարիներին տնտեսության մեջ կատարվեին արմատական բարեփոխումներ, ինչպես նաեւ անհրաժեշտ էր ռազմական եւ էներգետիկ անվտանգության հետ կապված այլընտրանքային լուծումներ գտնել: Գործնականում սակայն Սերժ եւ Տիգրան Սարգսյանները վարել են տրամագծորեն հակառակ քաղաքականություն:

Ռազմական անվտանգության ոլորտում Սերժ Սարգսյանը 2010թ. Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման պայմանագիրը երկարաձգեց 49 տարով, միաժամանակ Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի հովանու տակ գործող ՀԱՊԿ անվտանգության համակարգի անդամ: Զենք-զինամթերքի մատակարարման ոլորտում եւս Հայաստանը մոնոպոլ կախվածություն ունի ռուսական զենքի շուկայից: Այսինքն` Հայաստանի ռազմական անվտանգության համակարգում ռուսական գործոնը դոմինանտ եւ խիստ վճռորոշ նշանակություն ունի: Իսկ Ադրբեջանին 1 միլիարդ դոլարի հարձակողական բնույթի զենք վաճառելը ամբողջացրեց Հայաստանի ռազմական կախվածությունը Ռուսաստանից: Այլեւս Հայաստանը ստիպված է ապավինելու ռուսական կողմի օգնությանը Ադրբեջանին վաճառված նույն ռուսական «Սմերչներից» պաշտպանվելու համար:

Իբր եվրաինտեգրացիայի կողմնակից Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում մի քանի անգամ մեծացրել է Հայաստանի ռազմական կախվածությունը Ռուսաստանից:

Եթե ռազմական գործոնին գումարում ենք նաեւ էներգետիկ եւ տնտեսական կախվածությունը, ապա պատկերը առավել քան ամբողջական է դառնում, որտեղ շատ հստակ ուրվագծվում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը Հայաստանը վերածել է ռուսական «գուբերնիայի»: Փաստացի վերջին շրջանում գործող իշխանությունների կողմից ոչ մի քայլ չի արվել ռուսական էներգակիրների մատակարարման մոնոպոլիան Հայաստանում մինիմալիզացնելու համար, ինչը Մոսկվային հնարավորություն է տալիս, ասենք` բնական գազի սակագնի փոփոխության միջոցով հսկայական ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա:

Միաժամանակ տնտեսության բնագավառում եռապատկվել է Հայաստանի արտաքին պարտքը եւ էականորեն անկում են ապրել Հայաստանի տնտեսական ցուցանիշները, աղքատության մակարդակի կրկնակի բարձարցումը դրա վառ վկայություն է: Իսկ ստվերային տնտեսության եւ կոռուպցիայի կրճատման առումով Տիգրան Սարգսյանը որեւէ քայլ չի արել: Հայաստանի տնտեսական իրավիճակի հետեւողական վատթարացման պատճառով մի քանի անգամ մեծացել են նաեւ աշխատանքային միգրացիայի ծավալները: Իսկ ինչպես ցույց է տալիս պաշտոնական վիճակագրությունը, հայաստանցիների հիմնական մասը արտագնա աշխատանքի է մեկնում հենց Ռուսաստանի Դաշնություն, իսկ Ռուսաստանից ստացվող տրանսֆերտները կազմում են տրանսֆերտային ընդհանուր հոսքի ավելի քան 85 տոկոսը: Միայն 2012թ. Ռուսաստանից ֆիզիկական անձանց կողմից փոխանցած տրանսֆերտները կազմել են 1,6 միլիարդ դոլար, այն դեպքում, երբ Հայաստանի պետական բյուջեն ընդամենը 2.5 միլիարդ դոլար է: Ստացվում է, որ Ռուսաստանը Հայաստանից մեկնած աշխատանքային միգրանտների միջոցով կարող է խիստ էական ազդեցություն ունենալ ՀՀ պետական բյուջեի ձեւավորման վրա, ինչը ոչ միայն տնտեսական ազդեցություն է, այլ նաեւ քաղաքական:

Հաշվի առնելով վերոհիշյալ գործոնները` առաջիկա տարիներին Հայաստանը Եվրոպայի ուղղությամբ միայն կարող է նայել եւ ուրիշ ոչինչ: Հետեւաբար աշնանը Վիլնյուսում ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի կողմից եթե անգամ նախաստորագրվի, այն կրելու է զուտ իմիտացիոն բնույթ: Իսկ Ռուսաստանի հովանու ներքո նախաձեռնված «Մաքսային միությանը» անդամակցելը առավել քան իրատեսական է, առավել եւս, որ ըստ հավաստի աղբյուրների` գործող իշխանությունները արդեն վաղուց ստորագրել են «Մաքսային միությանը» անդամակցելու վերաբերյալ հուշագիրը, պարզապես չի հրապարակայնացվում` որոշակի քաղաքական նկատառումներից ելնելով:

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close