Միջազգային մամուլի տեսություն

Ինչո՞ւ են այդքան շատ չեչեններ մեկնում Գերմանիա

«Փախստականների մեծ մասը, վիճակագրության համաձայն, գալիս են Գերմանիա Սիրիայից, Իրաքից եւ Աֆղանստանից: Սակայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում վիճակագրությունն արձանագրել է եւս մեկ մեծաթիվ խումբ՝ փախստականներ Ռուսաստանից: Մայիսին գերմանական իշխանությունները գրանցել են ապաստան ստանալու 1260 հայտ Ռուսաստանի քաղաքացիներից, ընդ որում, այդ թվի 80%-ը կազմում են Չեչնիայի Հանրապետության քաղաքացիները: Արդյունքում չեչեն փախստականների աճող թիվը Գերմանիայում առաջացրել է շշուկներ այն մասին, որ Կրեմլն իբր միտումնավոր օգտագործում է նրանց Գերմանիայի ապակայունացման համար»,- գերմանական Der Spiegel ամսագրում գրում են Բենիամին Բիդդերը եւ Աննա Ռայմանը: Die Welt թերթը, օրինակ, գրել է, որ Մոսկվան բացել է «չեչենական դարպասները», իսկ Münchner Merkur-ն իր հոդվածը վերնագրել է «Իսկ սրա ետեւում արդյոք Պուտինը չի՞ կանգնած» խոսքերով:

«Գերմանական հատուկ ծառայություններն արդեն արտահայտել են նման մտահոգություններ: 2013 թվականի գարնանը Գերմանիայում եւս շեշտակիորեն բարձրացավ փախստականների թիվը Չեչնիայից. ընդամենը մի քանի ամսվա ընթացքում այնտեղ ժամանեցին տասնյակ հազարավոր մարդիկ, նույնիսկ ավելի, քան Չեչնիայում պատերազմի ժամանակ: Այդ միգրացիոն ալիքի պատճառ հանդիսացան լուրերն այն մասին, որ «Բեռլինն ընդունում է յուրաքանչյուր չեչենի գրկաբաց եւ դեռ տալիս է առատ դրամական օժանդակություններ»: Հենց այդ ժամանակ է, որ գերմանական անվտանգության մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների մոտ կասկածներ են առաջանում, որ կատարվածի ետեւում կանգնած են ոչ թե մարդկանց անօրինական փոխադրող հանցախմբերը, այլ՝ Կրեմլը: Արդյունքում, այն բանից հետո, երբ գերմանական պատվիրակությունը Մոսկվա կատարած այցի ընթացքում անդրադարձել է այս թեմային, փախստականների թիվը սկսել է նվազել»:

«Հյուսիսային Կովկասից փախուստի նոր ալիքն ունի ինչպես զուգահեռներ 2013 թվականի հետ, այնպես էլ էական տարբերություններ: Գրոզնիի բնակիչները պատմում են տարօրինակ հաղորդագրությունների մասին, որոնք զանգվածաբար տարածվում էին գարնանը՝ WhatsApp կապի հավելվածում, որտեղ խոսվում է չեչենների դեմ դավադրության մասին, «իբր բոլոր չեչեններին ցանկանում են վտարել, ինչպես արաբներին Պաղեստինից, եւ բնակեցնել տարածքը հրեաներով»: Արդյունքում, ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, չեչեններին մնում է «կամ հեռանալ, կամ մահանալ սովից եւ ցրտից»: Ավելին, մարտից Չեչնիայի իշխանություններն իսկապես սկսել են զանգվածաբար անջատել կենցաղային գազը, իբր մի քանի տարիների ընթացքում ծառայությունների դիմաց չվճարելու պատճառով»:

«Ի տարբերություն 2013 թվականի, Չեչնիայում զգալիորեն վատացել է մարդու իրավունքների վիճակը: Չեչնիայի ցուցադրական առաջընթացը` ժամանակակից երկնաքերերը, նոր մզկիթների շինարարությունը եւ նախագահ Կադիրովի հավակնոտ այլ նախագծերը, կողք կողքի է գտնվում միջնադարյան մեթոդների հետ, որոնց օգնությամբ Չեչնիայի առաջնորդը պայքարում է իր թշնամիների դեմ»,- ընդգծում են լրագրողները:

«Պայմանավորված նրանով, որ ավելի ու ավելի շատ երիտասարդ չեչեններ միանում են իսլամիստ զինյալներին եւ նույնիսկ ԻՊ-ին, Կադիրովը սկսել է ոչնչացնել կասկածյալների հարազատների տները: Անցյալ տարի իշխանությունների կողմից հրահրված ամբոխն ավերել էր ռուսական իրավապաշտպան կազմակերպության գրասենյակը, իսկ 2016 թվականի մարտին Չեչնիայում հարձակում է իրականացվել ռուսաստանցի իրավապաշտպանների խմբի եւ արտասահմանյան լրագրողների վրա, ընդ որում, հարձակվողներն այդպես էլ չեն հայտնաբերվել: Ռուս ակտիվիստ Սվետլանա Գաննուշկինայի խոսքերով՝ Չեչնիայում տիրում է համընդհանուր վախի մթնոլորտ: Չեչեն մայրերը վախենում են դուրս թողնել իրենց դուստրերին այն պատճառով, որ ամուսնության առաջարկներով նրանց «կկպչեն» Կադիրովի մարդիկ, որոնց հազիվ թե հնարավոր լինի մերժել: Ինչպես գրում է Գաննուշկինան, Կադիրովը Պուտինի թույլտվությամբ հանրապետությունում հիմնել է նեոֆեոդալական համակարգ, եւ ամեն ոք, ով կսկսի քննադատել նրան, կհայտարարվի ժողովրդի թշնամի»:

Աղբյուր` Der Spiegel

Թարգմ.` Տիգրան Գասաբյան

Back to top button