Մեկնաբանություն

Իշխանական ճգնաժամ, թե՞ սովորական «բազար»

Ստվերային հակամարտությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև առավել առարկայական դրսևորումներ է ունենում: Մամուլի ու լրատվական կայքերի միջոցով իրար դեմ կոմպրոմատներ հրապարակելու հետ զուգահեռ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանի հովանավորությամբ կոնկրետ հարվածներ է հասցնում Հովիկ Աբրահամյանին` փորձելով հենց իշխանական համակարգի ներսում խարխլել նրա դիրքերը: Մասնավորապես պաշտոնական տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ՀՀ կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հող օգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012-2013թթ ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնեական դիրքն օգտագործելով և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը: Իսկ ինչպես հայտնի է` Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը մատչելի գներով դիզվառելիք էր տրամադրել Հովիկ Աբրահամյանի եղբորն ու զարմիկին:

Փաստացի ստացվում է, որ քրեական գործում նշված մի խումբ մարդկանցից երկուսը, որոնք հանցավոր համաձայնության են եկել Տիգրան Վիրաբյանի հետ, Հովիկ Աբրահամյանի եղբայրն ու եղբորորդին են: Այս քայլով Տիգրան Սարգսյանը իշխանական համակարգին ու անձամբ Հովիկ Աբրահամյանին ազդակներ է հղում առ այն, որ ԱԺ նախագահը այնքան հեղինակություն ու հնարավորություն չունի իշխանության մեջ, որ կարող է ձերբակալվել Աբրահամյանի թիմի ներկայացուցչի ընկալում ունեցող Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետն ու անգամ հարազատ եղբայրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներիշխանական հարաբերությունները կարգավորվում են ոչ թե ՀՀ սահմանադրական նորմերի և օրենքների կիրառմամբ, այլ հիմնականում գործում են քրեաօլիգարխիկ կոդեքսներն ու պայմանավորվածությունները, ապա Տիգրան Սարգսյանի քայլը հարված է գոտկատեղից ներքև: Սրանով համակարգին ցանկանում են հասկացնել, որ Հովիկ Աբրահամյանը իշխանության ներսում չի կարող ուժային կենտրոն լինել, քանի որ ի վիճակի չէ նույնիսկ սեփական թիմակիցների ու հարազատների անվտանգությունը ապահովել: Փաստացի վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսել է յուրացնել քրաօլիգարխիկ օրենքները և գործնականում կիրառել դրանք:

Իր հերթին իշխանական ինտրիգներում թրծված ու իշխանության ներսի քրեաօլիգարխիկ օրենքների մեծ գիտակ Հովիկ Աբրահամյանը հասկանում է դրա վտանգավորությունը և չէր կարող հարվածը անպատասխան թողնել, հակառակ դեպքում իշխանության ներսում նրա հեղինակազրկումը անխուսափելի է: Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետի ձերբակալության մասին տեղեկատվության հրապարակումից հետո մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որի համաձայն վարչապետ Տիգրան Սարգսյանը հավանական է, որ առողջական խնդիրները պատճառաբանելով` առաջիկայում հրաժարական ներկայացնի: Ինչպես նաև մամուլում արտահոսքի տեսքով հայտնվեց Տիգրան Սարգսյանի մութ անցյալը բացահայտող հերթական հրապարակում, որտեղ մասնավորապես նշվում է, որ «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում անունը շոշափվում է ֆինանսական մեքենայությունների թեմայով, իր նշանակումից մեկ տարի անց՝ 2009-ին և 2010-ին, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ պետբյուջեից 1 մլն 236 հազար ԱՄՆ դոլար հատկացնել «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար (ցուցահանդեսի ընդհանուր ծախսը կազմել է մոտ 2 մլն ԱՄՆ դոլար, որի մի մասը տվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը, որի ՀՀ դեսպանը վարչապետի եղբայրն է)»: Տարօրինակ զուգադիպությաբ, երբ Հովիկ Աբրահամյանի եղբորը մեղադրում են տոննաներով սուբսիդավորվող դիզվառելիք ձեռք գցելու մեջ, հանկարծ պարզվում է, որ վարչապետի հարազատ եղբայրը ավելի անհամեստ է գտնվել ու կասկածելի պատրվակներով պետական բյուջեից նրան ավելի քան 1 միլիոն դոլար է տրամադրվել: Որ Հովիկ Աբրահամյանի եղբորից հետո կոռուպցիոն սկանդալի կիզակետում է հայտնվում Տիգրան Սարգսյանի եղբայրը, այստեղ պատահականության գործոնը շատ քիչ հավանական է:

Փաստացի Սերժ Սարգսյանին մինչև այս պահը չի հաջողվել կասեցնել իշխանության երկու թևերի միջև արդեն տևական ժամանակ շարունակվող հակամարտությունը: Կամ իրականում անձամբ Սերժ Սարգսյանն է վարչապետի միջոցով փորձում հարցերը լուծել Հովիկ Աբրահամյանի հետ, կամ Տիգրան Սարգսյանը, ունենալով գործող նախագահի «դաբրոն», հաշիվ է մաքրում իր վաղեմի ախոյան Հովիկ Աբրահամյանի հետ: Այսպես թե այնպես ստացվում է, որ Սերժ Սարգսյանը իշխանական համակարգի ներսում չունի համարձակություն Հովիկ Աբրահամյանին չեզոքացնելու և ստիպված դա անում է Տիգրան Սարգսյանի միջոցով, կամ երկու թևերի միջև սրված հակամարտությունը բխում է գործող նախագահի շահերից, ինչը շատ քիչ հավանական է: Սերժ Սարգսյանը իշխանության ներսում խախտում է ուժերի հավասարակշռության բալանսը, որի շնորհիվ է նաև պահպանվում իշխանական համակարգի կենսունակությունը: Երբ իշխանական համակարգի ներսում «բոլորը պատերազմում են բոլորի դեմ», ապա սա ամենևին չի խոսում իշխանության հզորության մասին, այդպիսի իրավիճակում համակարգը կորցնում է իմունիտետը և կտրուկ մեծանում է պալատական հեղաշրջումների հավանականությունը:

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close