Մեկնաբանություն

Պուտինը ծաղկավոր խալաթ է հագցրել ՀՀ իշխանություններին

Մոսկվայում տեղի ունեցած աղետալի ավտովթարին հաջորդած զարգացումները իրականում իրենց մեջ քաղաքական ենթատեքստ են պարունակում, որտեղ շատ հստակ մեսիջներ կան` ուղղված ՀՀ գործող իշխանություններին: Այդ մեսիջները Սերժ Սարգսյանին փոխանցվել են կոնկրետ գործողություններով եւ ռուսական հեռուստաալիքների միջոցով:

Հայտնի փաստ է, որ ռուսական հեղինակավոր լրատվամիջոցները գործում են Կրեմլի անմիջական հրահանգների շրջանակներում: Իսկ «Россия» եւ ОРТ հեռուստաընկերությունները ուղղակիորեն համարվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քարոզչական «կացինները»: Եվ հենց այս նույն հեռուստաընկերությունների առաջնորդությամբ Պոդոլսկում տեցի ունեցած ավտովթարի ժամանակ «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանին ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցները ընտրեցին որպես քննադատության թիրախ` չմոռանալով անընդհատ շեշտել, որ նա ՀՀ քաղաքացի է: Իսկ կանացի ծաղկավոր խալաթով դատարան Հրաչյա Հարությունյանին բերելը մեծ ոգեւորությամբ ցուցադրվեց համառուսաստանյան հեռուստաընկերություններով:

Հատկանշական է, որ ՀՀ քաղաքացիությունը ծաղրող եւ հեռուստառեպորտաժի մեջ Հրաչյա Հարությունյանին վիրավորող «Россия 1» հեռուստաալիքի լրագրող Օլգա Սկաբաեւան ստացել է «Պուտինյան TV-ի երկաթյա տիկնիկը» մականունը՝ բնականաբար իր պրոիշխանական եւ պրոպուտինյան աչառու «լրագրողական» գործունեության համար: «Россия 1» հեռուստաալիքի լրագրող Օլգա Սկաբաեւան փաստացի համարվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քարոզչական սուր «կացիններից» մեկը, իսկ «Россия 1» հեռուստաալիքը Պուտինի կիսապաշտոնական խոսափողն է:

Բնականաբար զուտ պատահականորեն «Պուտինյան TV-ի երկաթյա տիկնիկը» չէր կարող ծաղրել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին եւ վթարի հետ կապված հենց սկզբից հրապարակեր բացարձակ սուտ տեղեկատվություն: Որեւէ կասկած լինել չի կարող առ այն, որ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից է հրահանգ իջել այսպես ասած «փչացնել» ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին՝ հատկապես շեշտադրում անելով նրա քաղաքացիությանը, այլ ոչ թե ազգությանը: Այստեղ ամենեւին էլ կարեւոր չէ Հրաչյա Հարությունյանի ով լինելը, կարեւորը նրա քաղաքացիություն է:

Եթե Կրեմլը ամենաբարձր մակարդակով շահագրգռված է ՀՀ քաղաքացուն հրապարակային նվաստացնելու գործում, ապա դա նշանակում է, որ խնդիրը բացառապես քաղաքական է: Հրաչյա Հարությունյանը պարզապես իրավիճակի զոհ է դարձել, իրականում ծաղկավոր խալաթ հագցրել են ոչ թե Հրաչյա Հարությունյանին, այլ ՀՀ իշխանություններին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Տարբերություն չդնելով գործիքների ընտրության մեջ` ՌԴ

իշխանական վերնախավը գազի սակագնի բարձրացումից, Ադրբեջանին հարձակողական զենք-զինամթերք վաճառելուց հետո փաստացի դիպչում է ՀՀ իշխանությունների եւ հայ հասարակության ամենազգայուն ներվին՝ այն է ՌԴ արտագնա աշխատանքի հնարավորության սահմանափակումը ՀՀ քաղաքացիների համար: Պետական մակարդակով ՀՀ քաղաքացիների նկատմամբ ատելության սերմանումը հարցականի տակ է դնում նրանց անվտանգություն Ռուսաստանում: Հրապարակային ստորացմանն ու ՀՀ քաղաքացիների նկատմամբ ատելության սերմանմանը կարող է հաջորդել շատ կոնկրետ ներքին հրահանգ կամ բացահայտ իրավական սահմանափակումներ, որոնք մի քանի անգամ կդժվարացնեն ՀՀ քաղաքացիների ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու գործընթացը: Սա այն դեպքում, երբ Հայաստան մտնող տրանսֆերտների 80 տոկոսից ավելին գալիս է Ռուսաստան արտագնա մեկնած հայաստանցիներից: Այդ հոսքերի էական կրճատումը սոցիալ-տնտեսական ճգնաժամ կառաջացնի Հայաստանում, ինչը իշխանությունների համար ճակատագրական կարող է լինել:

Սերժ Սարգսյանը Եվրոպայի եւ Ռուսաստանի խաչմերուկում իր արտաքին քաղաքական դեգերումների մեջ այնքան է խճճվել ու կորցրել ադեկվատության զգացողությունը, որ այդ իսկ պատճառով որեւէ համարժեք պատասխան չի կարող տալ Ռուսաստանի կողմից վարվող ակնհայտ թշնամական եւ նվաստացուցիչ քաղաքականությանը: Կարելի է չկասկածել, որ եթե ավտովթարի մեջ ռուս լրագրողների կողմից մեղավոր ճանաչվեր ասենք ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը, ապա Պուտինը չէր վարանի ծաղկավոր խալաթ հագցնել անգամ դեսպանին եւ նրան հեռուստատեսությունով ցուցադրել: Ստեղծված իրավիճակում ՀՀ գործող նախագահին եւ դիվանագիտական կորպուսին մնում է միայն լռել եւ գլուխները կախ դիմանալ ռուսական մահակի ամեն մի հարվածին, նրանք որեւէ դիմադրողականության ռեսուրս այլեւս չունեն: Այս պարագայում Հայաստանում իշխանության համար պայքարի մեջ կարող է կարեւոր գործոն դառնալ այն հանգամանքը, թե ով կկարողանա արդյունավետ «լեզու գտնել» Պուտինի հետ:

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close