Մեկնաբանություն

100, թե 150 միեւնույն է` «կզած» ենք երթեւեկելու

Երեւանում հանրային տրանսպորտի ուղեվարձը 50 տոկոսով բարձրացնելու հետ կապված հանրային որոշակի դժգոհության ալիք է նկատվում, սակայն այն համընդհանուր դժգոհություն կամ ընդվզում անվանելը բավականին դժվար է: Միջին վիճակագրական երեւանցիները հանրային տրանսպորտից օգտվելու համար հիմնականում վճարում են բարձրացված սակագնով: Խնդիրն այն չէ, թե նրանք շատ գոհ են 50 տոկոսանոց բարձրացումից, խնդիրը հայ հասարակության սպեցիֆիկ վերաբերմունքն է սոցիալական խնդիրներին, որոնց շուրջ երբեւէ հնարավոր չի եղել հանրային լայն մոբիլիզացիա ապահովել: Հնարավոր է, որ դրա պատճառներից է նաեւ խնդիրների ոչ ճիշտ ձեւակերպումն ու թիրախավորումը:

Այս դեպքում եւս կարծես թե թիրախներն ու պայքարի ուղղությունը այդքան էլ ճիշտ չի ընտրված:

Բնական գազի սակագնի 18 տոկոս բարձրացման դեպքում առավել քան անտրամաբանական է, որ բնական գազով աշխատող տրանսպորտի ուղեվարձը թանկանում է 50 տոկոսով: Եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ մայրաքաղաքում ավտոբուսները հիմնականում աշխատում են դիզվառելիքով, ապա դրանց ուղեվարձի բարձարցումը պարզապես հիմարության կամ կազմակերպված թալանի է նմանվում: Ինչպես հայտնի է՝ դիզվառելիքի գինը Հայաստանում չի թանկացել:

Հետեւաբար ի՞նչ դրդապատճառներ կարող էր ունենալ ՀՀ կառավարությունը, որ հավանություն տար ուղեվարձի այսպիսի աբսուրդ բարձրացմանը: Պետք չէ մոռանալ նաեւ, որ Կառավարության հանրային հնչեղություն ունեցող որոշումները կայացվում են անմիջականորեն նախագահական ապարատի միջամտությամբ: Իսկ պատճառը կարող է լինել միայն փող, շատ փող աշխատելը: Կարեւոր է, որ այդ փողը հնարավոր լինի աշխատել հնարավորինս ոչ թափանցիկ ու զարտուղի ճանապարհներով: Իսկ հանրային տրանսպորտի ներկայիս համակարգը իշխանություններին տալիս է իդեալական հնարավորություն հանրության աչքից հեռու շատ մեծ գումարներ աշխատելու: Գազի սակագնի թանկացումից հետո նրանք հիանալի հասկանում էին, որ ուղեվարձի 50 տոկոսանոց բարձրացումը կարող է հանրային լուրջ դժգոհության տեղիք տալ, սակայն մյուս կողմից իշխանությունը շատ նուրբ պատճառներից ելնելով՝ չէր կարող ուղեվարձը բարձրացնել 20 տոկոսով՝ համապատասխանաբար 20 դրամով:

Պատճառը շատ պարզ է՝ 120 դրամ սակագնի պայմաններում երթուղայինների եւ ավտոբուսների վարորդների համար տեխնիկական հսկայական խնդիրներ են առաջանում (վարորդություն անելու հետ միաժամանակ «բարդ» ու ժամանակ խլող մաթեմատիկական հաշվարկներ կատարել՝ անհրաժեշտության դեպքում ուղեւորներին մանրը վերադարձնելու համար): Այս խնդրի լուծումը միակն է եւ հեծանիվ հորինելու կարիք ամենեւին էլ չկա, պարզապես պետք է ընդօրինակել զարգացած երկրների փորձը: Այսինքն՝ հանրային տրանսպորտի վարորդը որեւէ կերպ չի առընչվում կանխիկ փողի հետ, վարելու ընթացքում չի խորասուզվում մանրը վերադարձնելու հաշվարկների կամ գումարի հետ կապված այլ մանրամասների մեջ, նա պարզապես աշխատում է որպես վարորդ: Իսկ հանրային տրանսպորտի տոմսերը քաղաքացիները ձեռք են բերում կրպակներից եւ ամենուրեք հասանելի վաճառակետերից:

Սակայն այս մոդելի ներդրման դեպքում հանրային տրանսպորտից ստացվող ֆինանսական պատկառելի հոսքերը դառնալու են հանրության եւ լրագրողների համար էականորեն թափանցիկ: Այս պարագայում «ատկատներին» եւ ֆինանսների ստվերային շրջանառությանը սովորած իշխանության

համապատասխան օղակներին դժվար է լինելու հեշտությամբ յուրացնել պետբյուջե կամ համայնքային բյուջե մուտք արվող գումարները: Ուղեւոր-վարորդ-«գծատեր»-իշխանություն շղթայում կանխիկ փողի վերանալու դեպքում հանրային տրանսպորտի համակարգում մեծ հավանականությամբ կվերանա նաեւ «գազելային» մշակույթը, ինչը բուն իշխանությունների եւ նրանց «տանիքի» տակ գտնվող այսպես կոչված «գծատերերի» համար ամենեւին էլ շահավետ չէ: «Գծատերեր» կոչվածները իրենց ենթակա ինֆրաստրուկտուրայի միջոցով ընտրությունների ժամանակ բազմաթիվ կասկածելի ծառայություններ են մատուցում իշխանության վերնախավին՝ սկսած Գազելներով մարդկանց ընտրատեղամաս տեղափոխելուց մինչեւ այդ նույն Գազելների միջից ընտրակաշառք բաժանելը: Ընտրակեղծարարության նման կազմակերպված ռեսուրսից եւ կանխիկ ստվերային ահռելի ֆինանսական հոսքերից իշխանությունը հազիվ թե հրաժարվի:

Խնդիրը ունի նաեւ բարոյահոգեբանական կողմ՝ որեւէ տարբերություն չկա, թե դու ինչքան ես վճարում՝ 100, թե 150 դրամ, միեւնույն է, քաղաքացին Գազելներով երթեւեկում է «կզած»՝ կյանքը վտանգելով, պատիվն ու արժանապատվությունը նվաստացած: Պետք է պայքարել արժանապատիվ հանրային տրանսպորտ ունենալու համար:

Ուստի հասարակական եւ քաղաքական էլիտան պետք է շատ հստակ եւ կտրուկ պահանջ դնի իշխանությունների առաջ՝ ներքաղաքային եւ միջքաղաքային տրանսպորտային համակարգում ֆունդամենտալ բարեփոխումներ անցկացնելու համար:

 

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close