Նորություններ

Որտե՞ղ է Սուրեն Խաչատրյանը…

Այսօր առավոտից տեղեկություններ են հրապարակվում, որ անցած գիշեր ձերբակալվել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու իր որդին, և որ ոստիկանությունը Սյունիքի մարզպետի տնից առգրավել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք:

Այս տեղեկությունը, սակայն, պաշտոնապես առայժմ չեն հաստատում և նաև չեն հերքում:  ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ այդ գործով զբաղվում է ՊՆ քննչական ծառայությունը: Իսկ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը  ասաց, որ գործը ռազմական ոստիկանությանն է հանձնարարված: ԳԱԼԱ-ի հեռախոսազանգերին ռազմական ոստիկանությունից, ռազմական ոստիկանության քննչական ծառայությունից և զինվորական դատախազությունից խուսափողական պատասխաններ տվեցին՝ ասելով, որ իրենք տեղյակ չեն` հորդորելով զանգահարել  ոստիկանական այլ կառույցների:

Սյունիքի մարզպետի աշխատասենյակից  ԳԱԼԱ-ի հեռախոսազանգերին պատասխանել է  Սյունիքի մարզպետի քարտուղարուհին, ով ասել է, որ ինքը միայն տեղյակ է, որ Սուրեն Խաչատրյանն այսօր աշխատանքի չի ներկայացել և չգիտի ինչ պատճառով կամ երբ կներկայանա: Մարզպետարանի աշխատակիցները ևս ոչինչից տեղյակ չէին:

Սուրեն Խաչատրյանի անձնական հեռախոսահամարներին ևս հնարավոր չէ զանգահարել, քանի որ դրանք անհասանելի են:

Հիշեցնենք, որ հունիսի մեկի կեսգիշերին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում փոխհրաձգություն է տեղի ունեցել:  Ինքը` Սյունիքի մարզպետը,  երեկ երեկոյան  որոշ լրատվամիջոցների հարցերի պատասխանել է՝ ասելով, որ փոխհրաձգության ժամանակ քնած է եղել, իսկ իր բնակարանից առգրավված մեծ չափով զենք-զինամթերքի առկայությունը բացատրել է  սահմանամերձ մարզի մարզպետ լինելու փաստով:

 

Քրիստինա Մկրտչյան

Back to top button