Մեկնաբանություն

Եվրոպական հեռանկարն ու հեղաշրջման վտանգը

Հուլիսի 23-ին Եվրամիության նախագահությունը ստանձնած երկրի` Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը երեկ երեկոյան Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ Հայաստանը ցանկության դեպքում կարող է այս ամիս արդեն ավարտել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները ԵՄ հետ: Լինաս Լինկյավիչուսը մասնավորապես նշել էր.
«Հայաստանը դանդաղորեն, բայց բավականին ինտենսիվ կերպով շարունակում է աշխատել: Ես հավատում եմ, որ նրանք կարող են Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններն ավարտել արդեն այս ամիս: Ճիշտ է` շատ ժամանակ չի մնացել, սակայն դա դեռ հնարավոր է: Եթե Հայաստանը հաջողի դա, կարող է դիտարկվել նույն հարթության վրա, ինչ Վրաստանն ու Մոլդովան են այս պահին: Շատ կարևոր է, որ Հայաստանը նախաստորագրի որքան հնարավոր է շուտ»:

Այս հայտարարությունից  24 ժամ չանցած Եվրահանձնաժողովը մամուլի հաղորդագրություն է տարածում առ այն, որ Եվրամիությունը եւ Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ ավարտել են բանակցությունները Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին, որը հանդիսանում է Ասոցացման համաձայնագրի անբաժան մասը:

Լինաս Լինկյավիչուսի հուլիսի 23-ի հայտարարությունից շատ հստակ զգացվում է, որ նա չի խոսում մոտակա ժամերին բանակցությունները ավարտելու մասին, այլ խոսք է գնում օրերի մասին, այն էլ այդպիսի հնարավորություն է տեսնում: Շատ հանարվոր է, որ Լինկյավիչուսի այդ հայտարարությունից հետո կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների օրակարգում, ինչը նրանց ստիպել է ժամերի ընթացքում «հաջողությամբ ավարտել» բանակցությունները: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի կողմից  Եվրամիության հետ Ասոցացման համաձայանգրի նախաստորագրմանը գրեթե բացահայտորեն ընդդիմանում է պաշտոնական Մոսկվան, ապա կարելի է ենթադրել, որ Եվրամիությունը Ռուսաստանից սպասվող հանարավոր հակազդեցությունը չեզոքացնելու համար հապշտապ հայտարարել է, որ Հայաստանը այլեւս պատրաստ է Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի նախաստորագրմանը:

Հնարավոր է, որ ՀՀ գործող իշխանությունների անմիջական օժանդակությամբ Եվրամիությունը փորձ է անում Ռուսաստանին կանգնեցնել փաստի առաջ, որի դեպքում գործընթացը հետ շրջելը անիրական է դառնում: Հատկանշական է, որ հուլիսի 22-ին անակնկալ կերպով արձակուրդ էր մեկնել Սերժ Սարգսյանը: Գործող նախագահի կողմից արձակուրդ մեկնելու որոշումը տարօրինակ էր, քանզի նա ընդամենը մեկ ամիս առաջ էր վերադարձել արձակուրդից: Ուշագրավ է նաեւ, որ ըստ որոշ լրատվամիջոցների հավաստի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը արձակուրդը անցկացնելու նպատակով այս ընթացքում գտնվում է Եվրոպայում: Չի կարելի բացառել, որ իրականում Սերժ Սարգսյանը Եվրոպա է մեկնել Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի նախաստորագրման շուրջ գործընթացի շուրջ հստակեցումներ մտցնելու համար եւ նրա անմիջական համաձայնությամբ է, որ Եվրահանձնաժողովը հապշտապ հայտարարում է բանակցությունները հաջողությամբ ավարտելու մասին:

Սպասելի է, որ մոտակա ժամանակահատվածում ռուսական կողմը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական հրահանգով բավականին կոշտ արձագանքելու է  Հայաստանի իշխանությունների այս շտապողականությանը: Իսկ քանի որ ստեղծված իրավիճակում գրեթե անհնար է դառնում խափանել Ասոցացման պայմանագրի նախաստորագրման գործընթացը եւ դիվանագիտական արսենալում նման գործիք չի մնացել, բացառված չէ, որ ռուսական կողմը լրջորեն սկսի միջամտել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին: Միակ տարբերակը, որի միջոցով կարելի է խափանել նոյեմբերին Վիլնյուսում սպասվող ՀՀ-Եվրամիություն Ասոցացման պայմանագրի ստորագրումը, մնում է Հայաստանի իշխանական վերնախավում կտրուկ փոփոխություններ կատարելը՝ առնվազն վարչապետի, առավելագույնը՝ նախագահի մակարդակներում: Բացառված չէ, որ ամենաուշը աշնանը Հայաստանում ռուսական ազդեցության գործիքների եւ գործիչների միջոցով նախաձեռնվեն շատ լուրջ ներքաղաքական գործընթացներ, ինչը հարցականի տակ կարող է դնել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հեռանկարը:

Դերենիկ Մալխասյան

Back to top button
Close