Միջուկային զենքի վերածննդի վտանգն աճել է. Tagesspiegel
Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի ղեկավար Վոլֆգանգ Գերհարդը կարծում է, որ վերջին շրջանում կրկին ավելացել է «միջուկային զենքի վերածննդի վտանգը»: Այս մասին նա գրում է գերմանական Tagesspiegel թերթում:
«2009 թվականին Պրահայում իր ելույթում, որում ասվում էր միջուկային զենքից զերծ աշխարհ ստեղծելու նպատակի մասին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լայն բացել էր միջուկային զինաթափման եւ չտարածման համար հնարավորությունների պատուհանը,- ասվում է հոդվածում: -Արդյունքում զգալի հաջողություններ էին ձեռք բերվել՝ զինաթափման START պայմանագիրը Ռուսաստանի հետ, Իրանի հետ միջուկային համաձայնագիրը եւ այլն»:
«Սակայն Օբամայի նախագահության ժամկետի ավարտին միջուկային զինաթափման պահը կարծես թե բաց է թողնված: Այժմ, ընդհակառակը, մեծանում է միջազգային ռազմական քաղաքականության մեջ միջուկային զենքի վերածննդի վտանգը: Փորձագետներն անհանգստությամբ հետեւում են միջուկային զենքի տարածման դինամիկային՝ Չինաստան, Հնդկաստան եւ Պակիստան տարածաշրջանային եռանկյունում: Միեւնույն ժամանակ նրանց հարեւանությամբ իր միջուկային ծրագրի վրա ակտիվորեն աշխատում է Հյուսիսային Կորեան»,- ասվում է հոդվածում: «Ի վերջո, Ասիայում տարածաշրջանային սպառազինությունների մրցավազքի արգելքը կդառնա XXI դարի հակամիջուկային դիվանագիտության ամենադժվարին խնդիրներից մեկը»,- կանխատեսում է Գերհարդը:
«Ավելին, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը նաեւ արդիականացնում են իրենց միջուկային զինանոցները: Արդյունքում, Ղրիմի բռնակցումից եւ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերություններում ճգնաժամից հետո START պայմանագրի շրջանակներում հետագա քայլերի ոչ մի հույս չկա,- գրում է Գերհարդը: -Անհանգստություն է առաջացնում նաեւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը «նոր սառը պատերազմի» մասին, ինչպես նաեւ Ռուսաստանի՝ իր միջուկային հնարավորությունների նպատակային ցուցադրումը»:
«Հետեւաբար, արեւմտյան երկրները պետք է շտապեն հուլիսի սկզբին Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում մշակել ռազմավարություն Ռուսաստանի նկատմամբ: Դաշինքը պետք է դժվարին հավասարակշռություն գտնի համագործակցության եւ զսպման միջեւ,- վստահ է քաղաքագետը: Կայունությունն աշխարհում պահանջում է համագործակցություն եւ երկխոսություն: Իսկ զինաթափման նոր փուլը եւ Ռուսաստանի հետ սպառազինության վերահսկողությունը կարող էր դառնալ նոր վստահության ստեղծման սկիզբը»:
Աղբյուր՝ Tagesspiegel
Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան