Սնոուդենը իսկապես ժամանել է Մոսկվա` Պուտին

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը իսկապես ժամանել է Մոսկվա` որպես տրանզիտային ուղևոր և չի հատել ՌԴ պետական սահմանը, երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Պարոն Սնոուդենը իսկապես ժամանել է Մոսկվա: Մեզ համար սա միանգամայն անսպասելի է եղել: Նա ժամանել է որպես տրանզիտային ուղևոր: Նրան ո´չ վիզա է պետք, ո´չ էլ այլ փաստաթղթեր, նա` որպես տրանզիտային ուղևոր, ունի իրավունք տոմս գնի և թռչի, ուր որ կցանկանա»,- ասել է Պուտինը:
«Նա չի հատում պետական սահմանը, դրա համար էլ նրան վիզա պետք չէ: Ռուսաստանին ուղղված ցանկացած մեղադրանք զառանցանք ու անհեթեթություն է»,-ասել է ՌԴ նախագահը:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի ցանկանում զբաղվել նման հարցերով, ինչպիսիք են Սնոուդենի կամ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հնարավոր հանձնումը` դա համեմատելով «խոզ խուզելու» հետ:
«Ասանժը, ինչպես և Սնոուդենը, իրենց համարում են օրինապաշտպաններ և հայտարարում են, որ պայքարում են տեղեկատվության տարածման համար: Ինքներդ ձեզ հարց տվեք, պե՞տք է, որ նման մարդկանց բանտ նստեցնելու համար նրանց հանձնել: Ամեն դեպքում ես չէի ցանկանա զբաղվել նման հարցերով, քանի որ դա նույնն է ինչ խոզ խուզելը` ճղճղոցը շատ է, իսկ բուրդը` քիչ»,- ասել է Պուտինը:
ՌԴ ղեկավարը նաև հավելել է, որ ՌԴ հատուկ ծառայությունները երբեք չեն աշխատել Սնոուդենի հետ և հիմա էլ չեն աշխատում:
Տաթև Ֆռանգյան