А320 օդանավի կործանման ամենահավանական պատճառ են համարել ահաբեկչությունը

Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունում Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող А320 օդանավի կործանման ամենահավանական պատճառ են համարել ահաբեկչությունը, սակայն հետաքննության ընթացքում ուշադրության են արժանանում բոլոր վարկածները, հաղորդում է Euronews-ը:
Քաղավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթհին հայտարարել է, որ անվտանգության կանոնների խախտում կամ տեխնիկական սպասարկման առումով որեւէ խնդիր չի եղել:
«Անվտանգության նորմերը պահպանվել են միջազգային չափանիշներին համապատասխան, օդանավը տեխնիկական զննության մի քանի փուլ է անցել, իսկ կործանված օդանավի ուղեւորները մանրակրկիտ զննության են ենթարկվել»,-հայտնել է նախարարը:
Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռն անհետացել էր ռադարներից Հունաստանի օդային տարածք մտնելուց 20 րոպե անց:
Օդանավում, որը թռիչք է իրականացրել Շառլ դը Գոլի անվան օդանավակայանից, եղել է 56 ուղևոր, այդ թվում՝ 3 փոքր երեխա, անձնակազմի 10 անդամ:
Աղբյուր՝ Euronews
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան