Նորություններ

«Հանցագործ ռեժիմը կարող է վերարտադրվել միայն փչացած հասարակության պայմաններում»

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների համար դատախազության առջև ամեն ուրբաթ անցկացվող բողոքի ակցիային այսօր մասնակցում էր նաև նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը, ով նաև ելույթ է ունեցել դատախազության առջև:

Նա նշել է, որ հայ ժողովրդի պայքարող հատվածի կռիվը, պատերազմը, պայքարը չարիքի իշխանությունից ժամ առաջ ազատվելն է, որովհետև այս իշխանության պայմաններում է, որ երկրում իշխում է բանդիտական ռեժիմը:

«Սա ոչ թե պետություն է կամ օրենքի պետություն, այլ չարիքի, անարդարության տիրապետություն: Ես՝ որպես նախկին քաղբանտարկյալ, մինչև իմ վերջին շունչը պայքարելու եմ, որ մեր երկիրը դառնա օրենքի գերակայության երկիր, արդարության երկիր: Հայը չի կարող ապրել ստրուկի կարգավիճակով: Ես բանտից դուրս գալուց հետո առաջին նախադասությունը ասացի՝ պարսիպներով բանտից դուրս եկա առանց պարիսպների բանտ, որը տասնապատիկ ավելի սարսափելի է, որովհետև սա ոգու աղքատության բանտ է, սա հայ մարդուն խեղճացնելու բանտ է: Ես հիշում եմ, որ բանտում կային քաղբանտարկյալներ, որոնք ընդամենը տասը փամփուշտի համար կալանավորվել էին Մարտի մեկի դեպքերով, իսկ հիմա տեսնում ենք ինչ-որ պաշտպանված հանցավոր անցյալի տեր մարդկանց` Լիսկաներին, որոնց տներից հայտնաբերում են հիսուն-հարյուր ապօրինի զենքեր, և որևէ մեկը չի կալանավորվում ու պատասխան չի տալիս: Դրա համար այն դեպքում, երբ այդ մարդը նախկինում չորս-հինգ անգամ դատվածություն է ունեցել, և ինքը ներքին գործերի նախարարության ինֆորմացիոն կենտրոնից մաքրել է իր դատվածության հետքերը` կարծելով, որ այդ ինֆորմացիան չկա Մոսկվայի ինֆորմացիոն կենտրոնում, կամ ԿԳԲ-ի ինֆորմացիոն կենտրոնում, կամ արդարադատության ինֆորմացիոն կենտրոնում»,- ասել է Վարդան Մալխասյանը:

Նա նշել է, որ այս իշխանությունների համար ամենավտանգավոր և ամենաանընդունելի մարդը դա ճշտախոս, ազնիվ մարդն է: Նրա խոսքով՝ դեռ 1998 թվից իշխանությունները հասկացան, որ ժողովուրդը ատում է իրենց, իրենք էլ ժողովրդին սկսեցին ատել և սկսեցին վրեժ լուծել ժողովրդից, և այդ վրեժը լուծեցին նենգաբար` ժողովրդին վարժեցնելով ամենավերջին այլանդակություններին:

«Իրենք հասկացան մի բան, որ իրենց հանցագործ ռեժիմը կարող է վերարտադրվել միայն փչացած հասարակության պայմաններում»,- ասել է Վարդան Մալխասյանը և հավելել, որ առողջ հասարակությունը դրանց ոտնատակ կտա:

Ըստ ազատամարտիկի, իշխանություններին մասամբ հաջողվել է խեղճացնել ժողովրդին, բայց ամբողջ հայ ժողովրդին փչացնել, խեղճացնել անհնարին է, և մեջբերել է Եղիշե Չարենցի խոսքերը. «Չի կարող լինել մեր ոգին գերի`կեղծված խոսքերի կրտած մտքերի: Սերժի ասածները ոտից գլուխ, ամբողջությամբ կեղծ են ու կրտված»:

 

 

Լիլիթ Թադևոսյան

Back to top button