Միջազգային մամուլի տեսություն

ՆԱՏՕ-ի ծրագրերը Պուտինին կստիպեն միջուկային զենք տեղակայել Կալինինգրադում, եւ անգամ Ղրիմում

«Ռումինիայում գործարկվել է ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանական համակարգը, իսկ Լեհաստանում  սկսվում է դաշինքի նոր ռազմակայանի շինարարությունը: Սա Մոսկվայի հանդեպ ՆԱՏՕ-ի դիրքորոշման նորացման կարեւորագույն փուլ է»,- The New York Times-ում գրում է Սթիվեն Էրլանգերը:

«Բացի այդ, ՆԱՏՕ-ն անցկացնելու է լայնածավալ զորավարժություններ, ստեղծելու է արագ արձագանքման հատուկ ուժեր: Վարշավայում հուլիսին անցկացվելիք գագաթաժողովի ընթացքում օրակարգային հիմնական թեման կլինի Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ հարաբերությունների ճշգրտումը: Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր ձեւաչափ է լինելու՝ Ղրիմի անեքսիայից, Արեւելյան Ուկրաինայում եւ Սիրիայում զինված միջամտությունից ու Բալթյան տարածաշրջանին ուղղված սպառնալիքներից հետո»:

«ՆԱՏՕ-Ռուսաստան «ռազմավարական գործընկերության» մասին խոսակցությունները փոխվեցին նրանց միջեւ ստորագրված հիմնարար ակտից հրաժարվելու կոչերի: Վարշավայում ՆԱՏՕ-ի անդամները մտադիր են անցում կատարել դաշինքի արեւելաեվրոպական անդամների «անվտանգության երաշխիքներին» եւ Ռուսաստանին զսպելու քաղաքական ուղեգծին»:

«Նախագահ Պուտինը կարծում է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին օղակի մեջ է առնում՝ նրա ազդեցությունը սահմանափակելու մտադրությամբ: Մոսկվայում համոզված են, որ այժմ, երբ Իրանը համաձայնություն է տվել սահմանափակել իր միջուկային ծրագիրը, ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի միակ հնարավոր թիրախը Ռուսաստանն է: Դաշինքի այս գործողությունները Պուտինին կստիպեն միջուկային զենք տեղակայել Կալինինգրադում, եւ անգամ  Ղրիմում»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ The New York Times 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button