ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ

«Նկարի հետ ամեն օր կռիվ եմ տալիս». 19-ամյա Վ. Յուզիխովիչի մայր

Թալիշում նահատակված 19-ամյա Վիկտոր Յուզիխովիչը մեկն էր գյումրեցի այն հերոսներից, ով ընկավ ապրիլի 2-ին Թալիշի հերոսական մարտերում:

Այսօր հերոսի հարազատներն ու բարեկամներն ապրում են միայն նրա մասին հիշողություններով:  Հարազատները պատմում են, որ Վիկտոր Յուզիխովիչի պապն ազգությամբ ուկրաինացի է, բայց նա իրեն լիարժեք հայ էր համարում: Մայրը՝ տիկին Աննան, պատմում է, որ ինքն է որդուն մեծացրել որպես իսկական հայ:

Հիշում է, որ քնեցնելիս պարտադիր ազգային երգեր էր երգում:

Շփվող, հանգիստ բնավորություն ունեցող հերոսը շատ երազանքներ ուներ, որոնք այդպես էլ մնացին անկատար:

Снимок 2Վիկտորի հայրը պատմում է, որ տղան բռնցքամարտիկ էր, ուներ մեծ հաջողություններ սպորտում` Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի արծաթե մեդալակիր էր, սակայն հայրենիքը նա ամեն ինչից վեր էր դասում:

Սպորտի բնագավառում հաջողություններ գրանցած մարզիկը հնարավորություն ուներ ավելի ուշ գնալ ծառայության, բայց նախընտրեց իր հասակակիցների և ընկերների հետ ծառայել: Միշտ երազել է լինել Արցախում և հետախուզական խմբի մեջ:

Մայրը՝ տիկին Աննան, ասում է. «Նկարի հետ ամեն օր կռիվ եմ տալիս, նայում եմ ու ասում՝ տղա ջան, դու քո ձեռքով քո ճակատագրի հետևից վազեցիր: Շատ դժվար է, գիտեմ, թե դեռ գալու է: 9 ամիս հետո պիտի վերադառնար, օրերն եմ հաշվում ու դեռ սպասում եմ: Իմ համար Վիկտորը փայլող աստղ էր, իմ հույսն ու հավատը»:

Снимок1Տիկին Աննան պատմում է, որ որդին կռվել է մինչև վերջ, վիրավոր լինելով չի նահանջել: Զինծառայողի ընտանիքի անդամները փնտրում են ականատեսների, որպեսզի պարզեն, թե կյանքի վերջին վայրկյաններին որդու հետ ինչ է կատարվել:

Իսկ հերոսի մոր՝ Աննայի միակ ցանկությունն այն է, որ երկրում խաղաղություն լինի, մեր սահմաններին՝ ամրություն, չլինեն նոր որդեկորույս մայրեր ու որբացած փոքրիկներ:

Ջեմմա Ղազարյան

Ավելին
Back to top button